Լուսանկարը՝ ՄՀԿ-ի
2023 թ. մարտի 16-ին ՀՀ կառավարությունը հաստատեց «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը:
Մինչ այդ՝ 2021 թ. փետրվարի 4-ին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով կանոնակարգվում են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի ու չափորոշիչների ձևավորման, հաստատման գործընթացները, ՀՀ հանրակրթության համակարգում դրանց ներդրման հետ կապված հարաբերությունները:
Չափորոշչի փոփոխությամբ, ըստ էության, ազդարարվեց կրթական բարեփոխումների մի մեծ փուլի մասին: Դրան հաջորդեցին մի շարք իրավական ակտերի փոփոխություններ ու խոստումներ: Խոստումների իրականացմանն անդրադառնալուց, կրթության որակի վերաբերյալ եզրակացություններ անելուց առաջ նախ կարևոր է ուսումնասիրել պետական բյուջեով կրթությանն առհասարակ և հանրակրթությանը մասնավորապես մինչև 2021 թ. և դրանից հետո կատարված հատկացումների չափերն ու նպատակները:
2020-2024 թթ. կրթական բյուջեները
2020-2022 թթ․-ին պետական բյուջեի ընդհանուր ծախսերի նկատմամբ կրթության ոլորտի բյուջետային ծախսերի կշիռը 8,1% է, 2023թ․-ին՝ 7,8%, 2024 թ. -ին, ըստ «Պետական բյուջեի մասին» օրենքի, պետք է կազմի 9,9%։
Նկատի ունենալով հանրակրթության պետական չափորոշչի հաստատման տարեթիվը՝ հետաքրքիր է կրթության բյուջեի փոփոխության դինամիկան՝ սկսած 2021-ից:
2021 թվականին կրթության ոլորտին հատկացվել է 159.6 մլրդ դրամ։ Այս ցուցանիշը հաջորդ տարիներին աճել է՝ 2022-ին դառնալով 181.6 մլրդ դրամ, 2023-ին՝ 198.7 մլրդ դրամ։ 2024 թվականին կրթության բյուջեն հասել է նախորդ տարիների համեմատ առավելագույն ցուցանիշի՝ 316,8 մլրդ դրամի։ Տես պատկեր 1-ը:
Պատկեր 1
2024թ․-ի պետական բյուջեի նախագծով հաստատված տվյալներից նկատում ենք, որ 2024թ․-ի կրթության բյուջեն գրեթե 59.7%- ով աճել է նախորդ տարվա համեմատ։
Կատարված ծրագրերը
Կրթության ոլորտի կատարված ծրագրերը 2021-2023 թթ․-ին 12 են։ Գերակշիռ մաս են կազմում հանրակրթական, գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների և բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերը: Ամենաքիչ բյուջետային հատկացումների «հասցեատերերը» կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում միջազգային և սփյուռքի հետ համագործակցության զարգացման, նաև՝ կրթության ոլորտում տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ծրագրերն են։ Տես պատկեր 2, 3, 4, 5-ը։
Պատկեր 2
2021 թ․
Պատկեր 3
2022 թ․
Պատկեր 4
2023 թ․
Պատկեր 5
2024 թ․
Գծապատկերներում ներկայացված է 2021-2023թթ․-ի կրթության ոլորտի կատարված ծրագրերի տեսակարար կշիռը՝ պետբյուջեում։
2021թ․-ին հանրակրթության ոլորտին վերաբերող ծրագրերի տեսակարար կշիռը եղել է 63%, 2022թ․-ին՝ 57%, իսկ 2023թ․-ին՝ 58%։
2024 թ. կրթական ծրագրերը
2024թ․-ի բյուջեի նախագծով նախատեսված է 14 ծրագիր։
Նախորդ տարիներին կատարված ծրագրերին ավելացել են հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնման, կառուցման, բարելավման և նախադպրոցական կրթության ծրագրերը։ Գրեթե բոլոր տողերով են ավելացել հատկացումները։ Տես պատկեր 6-ում։
Պատկեր 6
2024 թ․ 9 ամսվա տվյալ
Գծապատկերում ներկայացված է 2024թ․-ի 9 ամսում կրթության ոլորտի՝ կատարված ծրագրերի տեսակարար կշիռը՝ պետբյուջեում։
Առաջին 3 ծրագրերը
2024-ին ծրագրային ֆինանսավորման աճի տեմպերով 2023-ի համեմատ առաջին երեք մեծ հատկացումները համապատասխանաբար տրվել են «Կրթության որակի ապահովում» ծրագրին՝ 72.8 % աճով, երկրորդ հորիզոնականում «Գիտական և գիտատեխնիկական հետազոտություններ» ծրագիրն է՝ 57.8 % աճով և երրորդը՝ «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթությանը»՝ 38.5% աճով։
«Կրթության որակի» ծախսերը
2024 թ.-ին կրթության որակի ապահովման համար պետբյուջեից հատկացվել է ավելի քան 8,5 մլրդ դրամ: 2023թ․-ին հատկացվել էր 6․9 մլրդ: 2022թ․-ին եղել է 3.9 մլրդ: Իսկ 2021-ին՝ 4 մլրդ: 2020թ․-ին կրթության որակի ապահովման նպատակով հատկացվել էր 7 մլրդ դրամ:
Կրթության որակի ապահովման տողը 2024 թ.ին կրթության ոլորտի ծրագրերի շարքում 4-րդն է՝ 5․4%, որը 2023 թ.-ին եղել է 4%, 2022թ․-ին՝ 2 %, իսկ 2021թ․-ին՝ 3%։
Ուշադրություն՝ դպրոցներին
2021 թ. մայիսին հանրային քննարկման ներկայացվեց «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Հիմքում ՀՀ կառավարության 2019-2023 թթ. ծրագրով սահմանված ծրագրային նպատակների իրագործման անհրաժեշտությունն էր։ Ըստ նշված ծրագրի՝ «Դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների` նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին, դառնալով համայնքի համար բաց, ազատ ստեղծագործական կենտրոններ»:
Կառավարությունը, դպրոցներում կրթության որակի ապահովման հիմնաքար համարելով մանկավարժական աշխատողների մասնագիտական պատրաստվածությունը, 2021 թ. ապրիլի 23-ին հաստատեց սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման աշխատակարգը:
Բյուջեի վերաբերյալ իրավական ակտում ուսուցիչների վերապատրաստումները կրթության որակի ապահովման ծրագրի միջոցառումներից են։ 2021-2024թթ․ տվյալ ծրագրին ուղղված ռեսուրսներն աճել են նախորդ տարվա համեմատ։ Իսկ թե ինչ արդյունքային ցուցանիշներ են արձանագրվել, կներկայացնենք հաջորդող հրապարակումներով։
Կրթության ծրագրերի շարքում է ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտի լաբորատորիաների ստեղծման ու կրթության զարգացման տողը։ 2021-2024 թթ․ կրթության ոլորտի բյուջեի մեջ երկրորդն է տեսակարար կշռով՝ 2023 թ.-ին՝ 11%, իսկ 2024 թ․՝ 11․9%։
Դպրոցների ապահովությանը և սեյսմիկ անվտագության մակարդակի բարձացմանն ուղղված ծրագրերը 2021-2023 թթ․-ի կտրվածքով համապատասխանաբար 2% և 4%-ով աճել են՝ հասնելով 4% և 6%-ի: Սակայն 2024 թ․ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 1%-ի: Իսկ սեյսմիկ անվտագության մակարդակի բարձացմանն ուղղված ծրագրի ցուցանիշը աճել է՝ հասնելով 6%-ի։ 2024 թ․-ի ցանկում է նաև հանրակրթական, նախադպրոցական հաստատությունների հիմնման, կառուցման, բարելավման ծրագիրը՝ 5%-ով։
Հովհաննես Թումանյանը դեռ 1910 թվականին էր «Հորիզոն» թերթում գրում. «Ուսումնարան ասելով ավելի շուտ շենքն են հասկանում, քան թե ուսուցիչ ու աշակերտ։ Եվ էդ հասկացողությունն է խոր պատճառը, որ ուսուցիչը մեզանում էնքան հաճախ ու հեշտ ենթարկվում է զրկանքի, հալածանքի ու արհամարհանքի»։
Թե իրական կյանքում ինչ է փոխվել, կփորձենք պարզել առաջիկա ամիսներին՝ ներկայացնելով ՀՀ պետական բյուջեից ծախսվող փողի և կրթության որակի համապատասխանության վերաբերյալ գնահատականներն ու հիմնավորումները՝ առանձին հրապարակումներով:
Էլենա Հարությունյան
Նոր մեկնաբանություն