Ի՞նչ է ենթադրում Հանրակրթության պետական նոր չափորոշչի (ՀՊՉ) գնահատման նոր հայեցակարգը՝ կենդանի զգայարաններով ուսուցի՞չ, թե՞ ChatGPT
2021 թ․ փետրվարի 4-ին ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են Հանրակրթության պետական նոր չափորոշիչները։
Համաձայն Հանրակրթության պետական նոր չափորոշչի՝ ի թիվս մի շարք փոփոխությունների (որոնցից յուրաքանչյուրը ուսուցչի աշխատանքի բարդացման տեսանկյունից քննարկման առանձին թեմա է) վերանայվել է նաև գնահատման համակարգը։ Միավորային գնահատումը միշտ էլ ուսուցիչների համար, մեղմ ասած, ոչ հաճելի, պարտադրված գործողություն է եղել։ Եվ այս համատեքստում նոր փոփոխությունը՝ մինչև 5-րդ դասարանի առաջին կիսամյակը միավորային գնահատումը հանելը, թվում էր, ողջունելի է։ Բայց ստացվեց, որ թյուր տպավորություն էր, որ կրթական գործընթացում ավելի շատ կարևորվում է ոչ թե գնահատականը, որ ընդամենը տեխնիկական կարգավորիչ է, այլ բովանդակությունը։
Նոր ՀՊՉ-ով գնահատման մի այնպիսի խառնափնթոր համակարգ է հրամցվում և օրեցօր «կատարելագործվում», որ ուսուցչին այլընտրանք չի մնում, քան չուտել-չխմել, առավոտից իրիկուն զբաղվել գնահատելով։
ՀՀ հանրակրթական դպրոցի ուսուցիչը պետք է հասցնի իր առարկայի ուսուցմանը տրամադրված սահմանափակ ժամանակահատվածում, բացի բուն բովանդակային բաղադրիչը ապահովելուց,
- յուրաքանչյուր թեմայի ուսուցանումից առաջ կատարել հայտորոշիչ գնահատում,
- ուսուցանելու ընթացքում կատարել ձևավորող գնահատում, այն է՝ հետադարձ կապ տալ աշակերտին նրա ուժեղ և թույլ կողմերի վերաբերյալ տարբեր եղանակներով,
- կատարել ամփոփիչ գնահատում՝ բանավոր կամ գրավոր, կամ բնութագրող, որոնք իրականացվում են յուրաքանչյուր թեմայի համար համապատասխան ռուբրիկներով։
Միջին հաշվով, յուրաքանչյուր առարկայի ուսուցիչ պարապում է 4-6 դասարաններում՝ կախված առարկայի շաբաթական ժամաքանակից։ Այսինքն՝ գործ ունի միջին հաշվով 100-150 աշակերտի հետ։
Եթե ուսուցչից միայն պահանջվեր ամփոփիչ միավորային գնահատման հաշվետվություն, այսինքն՝ բանավոր կամ գրավոր գնահատման հիմքեր (միջինում՝ յուրաքանչյուր կիսամյակում 4-5 գնահատական), գոնե տրամաբանական կլիներ, թեպետ դա էլ ահռելի ժամանակատար աշխատանք է։ Բայց չէ, ուսուցիչը պետք է նաև ունենա ձևավորող գնահատման ռուբրիկ, որտեղ պետք է ամեն օր ամեն դասի համար յուրաքանչյուր աշակերտի անվան դիմաց նշված լինի նրա՝ այդ օրվա դասի վերջնարդյունքի ապահովման մակարդակը և այլն, այսինքն ամեն օր առնվազն 100 աշակերտի անվան դիմաց նշումներ կատարի։
Այս տխուր թվաբանությունից հետո ուսուցիչը պետք է առնվազն ChatGPT լինի, որի բանականության՝ ուղեղ կոչվող գործիքը առանց խափանման աշխատի անշունչ, անկենդան, անիմաստ ու անօգուտ ձևակերպումների վրա։
Ո՞վ է որոշել, որ հենց դա է ուսման որակը բարձրացնելու միակ և արդյունավետ եղանակը։ Սույն հայեցակարգը մշակողներից քանի՞սն են սեփական երկարատև փորձով համոզվել դրանում, կամ քանի՞սն են հիմա գործող ուսուցիչ, քանի՞սը կկարողանան ապացուցել, որ այդ անհեթեթ արձանագրումները իսկապես արդյունավետ են։ Եվ ո՞վ է այն ուսուցիչը, որ այս չոր, անկենդան պահանջների բեռի տակ հաճույքով կմտնի դասարան՝ իրականացնելու համար իր հիմնական առաքելությունը, այն է՝ երեխային փոխանցել իր ոգևորվածությունը՝ հետաքրքրություն, զարմանք ու սեր արթնացնելով նորի ու անհայտի նկատմամբ։
Նելլի Հայրապետյան
Նոր մեկնաբանություն