- Գովազդի և խմբագրական բովանդակության տարանջատում
mediaforedu.am-ը պարտավորվում է հստակ տարանջատել խմբագրական և վճարովի բովանդակությունը։
Վճարովի հրապարակումները, գովազդը, հովանավորվող բովանդակությունը և հանրային կապերի նպատակով տրամադրված նյութերը պետք է ունենան հստակ և լսարանի համար հասկանալի մակնշում։
Գովազդատուների, հովանավորների կամ ֆինանսավորողների մասին խմբագրական նյութերը չեն կարող ստանալ արտոնյալ լուսաբանում կամ ունենալ խմբագրական բովանդակությանը չհամապատասխանող գովազդային բնույթ։
Խմբագրությունը չի ընդունում այնպիսի ֆինանսական կամ այլ առաջարկներ, որոնց պայմանը խմբագրական բովանդակության վրա ազդեցությունն է։
- Անանուն աղբյուրների օգտագործման և աղբյուրների պաշտպանության կանոններ
mediaforedu.am-ը հնարավորության դեպքում նշում է տեղեկատվության աղբյուրները։
Խմբագրությունը հնարավորինս խուսափում է գաղտնի աղբյուրների օգտագործումից։ Աղբյուրի գաղտնիությունը պահպանելու պարտավորություն ստանձնելուց առաջ հեղինակը կամ լրագրողական գործունեություն իրականացնող հեղինակը պետք է գնահատի դրա անհրաժեշտությունը և հանրային շահը։
Չհրապարակելու պայմանով տրամադրված տեղեկությունը չի հրապարակվում կամ վերագրվում աղբյուրին՝ առանց նախապես ձեռք բերված պայմանավորվածության փոփոխության կամ աղբյուրի համաձայնության։
Հեղինակը պարտավոր է հարգել աղբյուրին տված խոստումները և պահպանել աղբյուրի գաղտնիությունը՝ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանակում։
Հարցազրույցի մասնակցի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է հարգվեն։ Հարցազրույցի հրապարակման վերջնական որոշումը մնում է խմբագրությանը, եթե կողմերը նախապես այլ պայմանավորվածություն չեն ձեռք բերել, սակայն խմբագրությունը չպետք է առանց հիմնավոր պատճառի փոխի հարցազրույցի մասնակցի մտքի իմաստը կամ խեղաթյուրի նրա խոսքը։
- Փաստերի ստուգման ներքին ընթացակարգ
Նյութը հրապարակման հանձնելուց առաջ հեղինակը պարտավոր է ստուգել ներկայացվող փաստերի հավաստիությունը՝ օգտագործելով հնարավորինս վստահելի և անկախ աղբյուրներ։
Երկու անկախ աղբյուրից ստուգումը նախընտրելի չափանիշ է, սակայն այն չի կարող կիրառվել որպես մեխանիկական պահանջ այն դեպքերում, երբ վստահելի տեղեկությունը հասանելի է միայն մեկ աղբյուրից։ Նման դեպքերում պետք է լրացուցիչ գնահատել աղբյուրի վստահելիությունը և տեղեկության հրապարակման հանրային շահը, իսկ անհրաժեշտության դեպքում լսարանին տեղեկացնել, որ տվյալ փաստը չի հաջողվել անկախ աղբյուրով հաստատել։
Սոցիալական ցանցերից, օգտատերերի հրապարակումներից, չաթբոթերից և ԱԲ համակարգերից ստացված տեղեկությունը չի համարվում ինքնին ստուգված աղբյուր և հրապարակումից առաջ ենթակա է անկախ ստուգման։
Հրապարակումից առաջ ստուգվում են ոչ միայն փաստերը, այլև դրանց ժամանակային, բովանդակային և այլ համատեքստերը։
Հատուկ ուշադրություն է դարձվում պատմական և ոչ վաղ անցյալի իրադարձություններին վերաբերող փաստերի, օրենքների և փաստաթղթերի անվանումների, անձանց անունների, պաշտոնների, թվերի, ամսաթվերի և մեջբերումների ստուգմանը։
Փաստաթղթերից, համացանցային կամ տպագիր աղբյուրներից ուղղակի մեջբերումները պետք է ճշգրիտ վերարտադրվեն։ Բնագրում առկա լեզվական կամ տեխնիկական սխալների ուղղումը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ չի փոխվում մեջբերման իմաստը։
Հրապարակված փաստական պնդումները պետք է, հնարավորության դեպքում, հղում ունենան աղբյուրներին։