
Լուսանկարը՝ gallup.com–ի կայքից
ԱՄՆ-ում Gallup-ի հարցման արդյունքներով՝ նախակրթության և հանրակրթության ոլորտի 2000 աշխատակիցների զգալի մասը շարունակում է բախվել ֆինանսական դժվարությունների։
2025 թվականի հոկտեմբերի 16-ից նոյեմբերի 5-ը անցկացված հարցումների հիմքով պատրաստված զեկույցում նշված է, որ ուսուցիչների 21%–ը նշել է, որ դժվարությամբ է կարողանում հոգալ իր տնային տնտեսության ծախսերը։ 52%-ը ասել է, որ «պարզապես կարողանում է ծայրը ծայրին հասցնել», և միայն 28%-ն է հայտնել, որ ապրում է համեմատաբար հարմարավետ։
Երկրորդ աշխատանք
Ֆինանսական ճնշումը բազմաթիվ ուսուցիչների մղում է լրացուցիչ աշխատանք գտնելու։ Ֆինանսապես դժվարության մեջ գտնվող ուսուցիչների 46%-ը ունի կրթության հետ կապ չունեցող երկրորդ աշխատանք, մինչդեռ ֆինանսապես հարմարավետ ապրողների շրջանում այդ ցուցանիշը կազմում է 22%։
Հարցման տվյալներով, 62%-ը լրացուցիչ աշխատանք է կատարում կրթության ոլորտում (կրկնուսուցում)։ 33%-ը վերջին մեկ տարում ունեցել է կրթությունից դուրս երկրորդ աշխատանք՝ ներառյալ տաքսի ծառայություններ, սննդի ոլորտ կամ սեփական փոքր բիզնես։
Ուսուցիչների 34%-ը, ովքեր ունեն կրթությունից դուրս երկրորդ աշխատանք, նշել են, որ դա բացասաբար է անդրադառնում իրենց դասավանդման արդյունավետության վրա։ Իսկ կրթության ոլորտում լրացուցիչ աշխատանք կատարողների 20% –ն է նշել, որ հավելյալ աշխատանքը բացասաբար է ազդում հանրակրթության ոլորտում դասավանդման որակի վրա։
Զեկույցը փաստում է, որ ֆինանսական անապահովությունը ոչ միայն սոցիալական խնդիր է, այլև կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ կրթության համակարգի կայունության և ուսուցիչների մասնագիտական շարունակականության վրա։

























































