«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
Կանոնադրություն
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
«ՄԵԴԻԱՆ ՀԱՆՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ»
հասարակական կազմակերպության
2023 թ-ի մայիսի 8-ի
հիմնադիր ժողովի որոշմամբ
Նախագահ` Անուշ Մարտիրոսյան
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՈՒՄ
«20»_06_2023 թ.
Հարկ վճարողի հաշվառման համար
01056508
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՄԵԴԻԱՆ ՀԱՆՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
2023 թ.
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «ՄԵԴԻԱՆ ՀԱՆՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ, որևէ քաղաքական կազմակերպության չի հարում:
2. Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, խտրականության բացառումը, բարեխղճությունը, անդամության կամավորությունը, անդամների շահերի ընդհանրությունը, ինքնակառավարումը, թափանցիկությունը, կոլեգիալ կառավարումը և հաշվետվողականությունը:
2․1․ Կազմակերպության գործունեությունը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ օրենքներին, ՀՀ վավերացրած միջազգային փաստաթղթերին և սույն Կանոնադրությանը։
3. Կազմակերպությունը գործում է ՀՀ ողջ տարածքում, կարող է գործել նաև օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
4. Կազմակերպության ամբողջական հայերեն անվանումն է` «ՄԵԴԻԱՆ ՀԱՆՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ» հասարակական կազմակերպություն: (հապավում՝ ՄՀԿ ՀԿ)
Անգլերեն անվանումն է՝ “MEDIA FOR EDUCATION” non-governmental organization. (abbreviation – MFE NGO)
Ռուսերեն անվանումն է՝ “МЕДИА ДЛЯ ОБРАЗОВАНИЯ” общественная организация. (аббревиатура – МДО OO)
Շվեդերեն անվանումն է՝ “MEDIA FÖR UTBILDNING” icke-statlig organisation. (förkortning – MFU NGO)
Ֆրանսերեն անվանումն է` “MÉDIAS POUR L’ÉDUCATION” organisation non gouvernementale. (abréviation – MPE ONG)
Գերմաներեն անվանումն է` “MEDIEN FÜR BILDUNG” nichtregierungsorganisation. (abkürzung – MFB NRO)
5. Կազմակերպության վայրն է՝ ՀՀ, Երևան, Աճառյան փող․, շենք 26/2, բն․11, հեռախոս՝ (+374) 41122272, էլ. հասցե info@mediaforedu.am
5․1․Կազմակերպությունն իրավաբանական անձի կարգավիճակ է ստանում պետական գրանցման պահից։
5․2․Կազակերպությունն ունի կնիք, որի կենտրոնում նշված է Կազմակերպության կրճատ անվանումը՝ հայերեն և անգլերեն, շրջանագիծը եզերվում է Կազմակերպության հայերեն, անգլերեն և ռուսերեն լրիվ անվանումներով։
5․3 Կազմակերպությունն ունի խորհրդանիշ․ մանուշակագույն շրջանագիծը՝ կենտրոնում (որպես մեդիայի նշան), իսկ դրա շուրջը Կազմակերպության 12 նպատակներն են՝ յուրաքանչյուրը համապատասխան գույնով։
II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
6. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝
6․1․ Մեդիակարգավորման ոլորտում կրթական ծրագրեր նախաձեռնելը և իրականացնելը:
6․2․ Հայկական մանկավարժության պատմության վերաբերյալ հանրամատչելի նյութեր տարածելը:
6․3․ Կրթության խնդիրների վերաբերյալ հետազոտություններ և ուսումնասիրություններ կատարելը, դրանց լուծմանը միտված գործունեություն ծավալելը:
6․4․ Կրթական ոլորտի խնդիրների հանրայնացումը, լուսաբանումը, հանրային քննարկումներ կազմակերպելն ու իրականացնելը:
6․5․ Կրթության ոլորտի բարելավման իրավական և օրենսդրական խոչընդոտների վերացմանը նպաստելը:
6․6․ Կրթության ոլորտի զարգացման հաջողված միջազգային փորձի հանրայնացումը:
6․7․ Մանկավարժական աշխատողների և դասավանդողների ստեղծագործական ազատությանը նպաստող գործունեություն ծավալելը:
6․8․ Ծնողավարության ինստիտուտի կայացմանը նպաստելը, դրա վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն տրամադրելը:
6․9․ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի ապահովման նպատակով անհրաժեշտ գործընթացներ խթանելը:
6․10․ Կրթության որակի և հանրային առողջության կապի վերաբերյալ հետազոտություններ, հանրային տեղեկատվական արշավներ կազմակերպելը, իրականացնելը:
6․11․ Քաղաքացիների՝ կրթության իրավունքի իրազեկվածության բարձրացմանը նպաստելը։
6․12․ Ցկյանս ուսուցման կարևորության գիտակցմանը նպաստելը, համապատասխան հնարավորություններ ստեղծելը, ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթական ծրագրեր ու նախաձեռնություններ իրականացնելը։
7. Ստեղծման նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար կազմակերպությունը համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և օտարերկրյա համանման կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ կազմակերպությունների հետ:
8. Կազմակերպությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված և ՀՀ օրենքներով չարգելվող միջոցներով
ա) տեղեկություններ տարածել իր գործունեության վերաբերյալ, բ) ստեղծել լրատվամիջոցներ,
գ) այլ կազմակերպությունների հետ ստեղծել օրենքով չարգելված միություններ,
դ) գնել, ստանալ, նվիրաբերել, վարձակալել, վարձակալության տալ անշարժ գույք: Կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ այլ միջոցներ.
ե) կնքել համաձայնագրեր, անդամներին գործուղել արտերկիր, ընդունել հյուրեր՝ արտերկրից, այլ պետություններում ստեղծել մասնաճյուղեր՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան,
զ) իրականացնել (գիտա)հետազոտական ուսումնասիրություններ, նախաձեռնել և կազմակերպել քննարկումներ, հանրային լսումներ,
է) հանդես գալ դատական ատյաններում՝ ի պաշտպանություն ՀՀ մեդիադաշտի և կրթական համակարգի օրինական գործունեության,
ը) նպատակներին համապատասխան իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, նաև ՀՀ օրենսդրությանը համապատասխան ստեղծել առևտրային կազմակերպություն կամ դառնալ դրա մասնակից:
8.1. Կազմակերպությունն իրավունք ունի իրականացնել Կանոնադրությամբ նախատեսված և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն։
III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ
9. Կազմակերպության անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած ցանկացած ֆիզիկական անձ, որն ընդունում է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նպատակները և ցանկանում է մասնակցել դրա գործունեությանը:
10. Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է Կազմակերպության գործադիր մարմնին՝ Նախագահին:
11. Կազմակերպությանն անդամագրելու հարցը լուծում է Նախագահը` սույն Կանոնադրության հիման վրա ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում։
12. Կազմակերպության անդամը ցանկացած ժամանակ իրավասու է դուրս գալ Կազմակերպությունից՝ ներկայացնելով գրավոր դիմում: Կազմակերպության անդամին կարող է հեռացնել Նախագահը՝ սույն Կանոնադրությամբ սահմանված կարգով։
13. Կազմակերպության անդամների համար անդամավճար չի սահմանվում:
IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
14. Կազմակերպության անդամն իրավունք ունի՝
1) ընտրել և ընտրվել Կազմակերպության կառավարման մարմիններում,
2) մասնակցել Ժողովին անձամբ,
3) ցանկացած դեպքում անվճար օգտվել Կազմակերպության ծառայություններից,
4) ծանոթանալ Կազմակերպության արձանագրություններին, ստանալ ընդունված որոշումների պատճենները:
5) Վերադասության կամ դատական կարգով բողոքարկել Կազմակերպության որոշումները: Կազմակերպության անդամի՝ գործադիր մարմնի որոշումների բողոքարկումն իրականացվում է Ժողովին համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով: Դիմումը քննարկում է Ժողովը (նաև հեռակա կարգով):
6) Կազմակերպությունից պահանջել տեղեկություններ, ստանալ փաստաթղթերի պատճեններ՝ Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, արձանագրությունների, որոշումների, գույքի կառավարումից ստացված դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալ ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացության պատճենը, որոնք վերաբերում են վերջին 3 տարիներին,
7) իրականացնել օրենքով սահմանված այլ իրավունքներ:
15. Կազմակերպության անդամը պարտավոր է՝
1) կատարել Կազմակերպության կանոնադրական պահանջները և կառավարման մարմնի որոշումները,
2) բարեխղճորեն կատարել կառավարման մարմնի որոշմամբ իր վրա դրված պարտականությունները:
16. Կազմակերպության կանոնադրական պահանջները խախտելու կամ Կազմակերպության կառավարման մարմնի որոշմամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելու դեպքում Կազմակերպության անդամի նկատմամբ Կազմակերպության նախագահը կարող է կիրառել կարգապահական տույժի միջոցներ՝ նկատողության կամ Կազմակերպության անդամությունից հեռացնելու ձևով:
16․1․ Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում Կազմակերպության անդամների և Կազմակերպության անդամները պատասխանատվություն չեն կրում Կազմակերպության պարտականությունների համար։
V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
17. Կազմակերպության կառավարման մարմիններն են ժողովը և գործադիր մարմինը՝ Նախագահը:
18. Կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու իրավունքը պատկանում է Կազմակերպության բարձրագույն մարմնին` ժողովին:
19. Կազմակերպության հերթական ժողովը գումարվում է հինգ տարին մեկ անգամ: Կազմակերպության հերթական ժողովը հրավիրում է Նախագահը՝ անդամների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով՝ հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ` կազմելով համապատասխան արձանագրություն: Նախագահը որոշում է ժողովի անցկացման օրը, ժամը և տեղը, ինչպես նաև ժողովի օրակարգի նախնական տարբերակը և այդ մասին ոչ ուշ, քան 20 օր առաջ ծանուցում է Կազմակերպության անդամներին և կառույցներին:
20. Կազմակերպության արտահերթ Ժողով հրավիրվում է Նախագահի կամ Կազմակերպության անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ՝ Նախագահի կողմից:
21. Կազմակերպության արտահերթ Ժողովը գումարվում է նախաձեռնությունից ոչ ուշ, քան 5 օրում: Արտահերթ Ժողով գումարելու ժամանակի և վայրի մասին Ժողովի մասնակիցները ծանուցվում են արտահերթ Ժողով անցկացնելու օրվանից առնվազն 5 օր առաջ:
22. Ժողովի բացառիկ իրավասության հարցերն են՝
1) Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, լրացումների կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատումը
2) այլ իրավաբանական անձի ստեղծման կամ այլ կազմակերպությունում Կազմակերպության մասնակցության մասին որոշման ընդունումը
3) Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ ստեղծելու և դրանց կանոնադրությունները հաստատելու մասին որոշումների ընդունումը
4) Կազմակերպության կառուցվածքի հաստատումը
5) Կազմակերպության Նախագահի ընտրությունը և փոփոխումը
6) Կազմակերպության աուդիտն իրականացնող անձի ընտրությունը, եթե օրենքի համաձայն Կազմակերպությունը ենթակա է պարտադիր աուդիտի
7) Կազմակերպության ռազմավարության հաստատումը, եթե Կազմակերպությունը նախատեսում է ունենալ ռազմավարություն
8) Կազմակերպության գործունեության հաշվետվությունների հաստատումը
9) Կազմակերպության մարմինների` իրավական ակտերի պահանջներին և կանոնադրությանը հակասող որոշումների գործողության դադարեցումը
10) Կազմակերպության վերակազմակերպման մասին որոշման ընդունումը
11) Կազմակերպության լուծարման (բացառությամբ դատարանի վճռով լուծարվելու դեպքերի) մասին որոշման ընդունումը
12) օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:
23. Ժողովն իրավազոր է, եթե գումարվել է օրենքին և Կազմակերպության կանոնադրությանը համապատասխան, և Ժողովին մասնակցում է Կազմակերպության բոլոր անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Ժողովի որոշումներն ընդունվում են Կազմակերպության Ժողովին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ժողովի արձանագրությունը ստորագրում են ժողովի նախագահողը և քարտուղարը: Ժողովի արձանագրությունները պահպանվում են 5 տարի:
24. Կազմակերպության գործադիր մարմինը Կազմակերպության Նախագահն է։ Նախագահին ընտրում է Ժողովը հինգ տարի ժամկետով: Նախագահը ղեկավարում է Կազմակերպության ընթացիկ գործունեությունը և վարում է ժողովի նիստերը:
25. Նախագահի իրավասությունները ներառում են Կազմակերպության ընթացիկ գործունեության կառավարման, ինչպես նաև Կազմակերպության կառավարման մարմնի գործունեությունն ապահովելուն ուղղված բոլոր հարցերը:
26. Նախագահը Կազմակերպության կանոնադրությանը և Ժողովի որոշումներին համապատասխան`
1) ապահովում է Ժողովի որոշումների կատարումը
2) տնօրինում և կառավարում է Կազմակերպության ցանկացած տեսակի և չափի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում Կազմակերպության անունից
3) ներկայացնում է Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում
4) տալիս է լիազորագրեր
5) բանկերում բացում է Կազմակերպության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ
6) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը
7) հաստատում է Կազմակերպության հաստիքացուցակը և տարեկան ծախսերի նախահաշիվը
8) հաստատում է Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, այդ թվում՝ առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ներքին կարգապահական և այլ կանոնները
9) հաստատում է Կազմակերպության հաշվետվությունները
10) հաստատում է Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները
11) ընդունում է Կազմակերպության անդամ և հեռացնում Կազմակերպության անդամությունից
12) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
27. Նախագահն իր լիազորություններն իրականացնելիս Կազմակերպության անունից հանդես է գալիս առանց լիազորագրի:
28. Նախագահը կրում է օրենքով նախատեսված պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, Կազմակերպության կանոնադրության, Ժողովի որոշումների կամ կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
29. Կազմակերպությունը որպես սեփականություն կարող է ունենալ առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:
30. Կազմակերպությունը որպես սեփականություն կարող է ունենալ անշարժ և շարժական գույք` շենքեր, շինություններ, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, դրամական միջոցներ, արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք:
31. Կազմակերպության գույքի ձևավորման աղբյուր կարող են լինել՝
1) Կազմակերպության անդամների ներդրումները
2) Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները
3) իր ստեղծած կամ իր մասնակցությամբ այլ առևտրային կազմակերպությունից ստացված միջոցները
4) դրամական մուտքերը պետական բյուջեից
5) նվիրաբերությունները, այդ թվում` դրամաշնորհները
6) հանգանակությունները
7) օրենքով չարգելած այլ միջոցներ:
32. Կազմակերպության միջոցները կարող են օգտագործվել կանոնադրությամբ սահմանված նպատակների և խնդիրների իրականացման համար: Կազմակերպության գույքը, այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթը անդամների միջև չի կարող բաշխվել:
VII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
33. Կազմակերպությունը կարող է լուծարվել Ժողովի որոշմամբ կամ դատարանի վճռով:
34. Ժողովը կազմավորում է լուծարային հանձնաժողով և օրենքով նախատեսված կարգով սահմանում լուծարման կարգն ու ժամկետները: Կազմակերպությունը լուծարվելու դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է կազմակերպության կանոնադրությամբ նախատեսած նպատակներին, անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե։ Իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը ի դեմս կառավարության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։
35. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել Ժողովի որոշմամբ կամ օրենքով սահմանված դեպքերում դատարանի վճռով` օրենքով սահմանված կարգով:
Սույն կանոնադրությունը կազմված է 2023 թ. մայիսի 8-ին և բաղկացած է 11 թերթից:
«Մեդիան հանուն կրթության» հասարակական կազմակերպության
Քո ներդրումը
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!