
Լուսանկարը՝ «Սինխուա» գործակալության
Չինաստանում գործում է աշխարհի ամենամեծ և բարձրորակ կրթական համակարգը․ շուրջ 280 միլիոն աշակերտ ու ուսանող սովորում է մոտ 440 հազար դպրոցում։ Ըստ Չինաստանի պետական «Սինխուա» լրատվական գործակալության, հայտարարել է Չինաստանի կրթության նախարար Հուայ Ցզինպենը ազգային օրենսդիր ժողովի շրջանակում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ նախադպրոցական կրթության համախառն ընդգրկվածությունը Չինաստանում կազմում է 92.9 %։ Այս ցուցանիշը զգալիորեն բարձր է ՏՀԶԿ երկրների միջին՝ 84.7 % ցուցանիշից։ Ավագ դպրոցի ընդունելության մակարդակը 2025 թվականին հասել է 92 % – ի։
Բարձրագույն կրթության ընդգրկվածությունը, ըստ նախարարի, 2012 թվականից ավելի քան կրկնապատկվել է՝ գերազանցելով 60 % – ը։ Միայն 2021-2025 թվականներին համալսարաններն ավարտել է 55 միլիոն ուսանող։
Երկրի առաջատար համալսարանները վերջին երկու տարիներին ավելացրել են ևս 38 հազար տեղ։ Այդ նույն ժամանակահատվածում ստեղծվել է ավելի քան 540 համատեղ կրթական հաստատություն և ծրագիր Չինաստանի մայրցամաքի ու այլ երկրների միջև՝ բակալավրիատից սկսած։
Նախարարն ընդգծել է՝ Չինաստանը շարունակելու է կրթական բարեփոխումները՝ աշխատաշուկայի պահանջներին ավելի համապատասխան մասնագետներ պատրաստելու համար։
Նախարարը նաև ընդգծել է, որ Չինաստանի ընդհանուր և գիտական կրթությունը միջազգային մակարդակում բարձր գնահատական է ստանում։ Երկիրը առաջատարների թվում է միջազգային ուսանողական գնահատման մի շարք ցուցանիշներով։ 2025 թվականի սեպտեմբերին Շանհայում հիմնվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի STEM կրթության միջազգային ինստիտուտը։
Առողջությունը՝ առաջնային
Ակադեմիական արդյունքներից բացի, Չինաստանը մեծ ուշադրություն է դարձնում նաև աշակերտների առողջությանը։ Կրթական քաղաքականությունը հիմնված է «առողջությունը՝ առաջնային» սկզբունքի վրա՝ խթանելով ֆիզիկական և հոգեկան բարեկեցությունը։
Ներդրվել է նաև նախաձեռնություն, ըստ որի՝ բոլոր մարզերում տարրական և միջին դպրոցների աշակերտների համար սահմանվել է 15 րոպեանոց դասամիջոց և օրական երկու ժամ ֆիզիկական ակտիվություն։
Պաշտոնական տվյալներով՝ չինացի աշակերտների ֆիզիկական առողջության «լավ» կամ «գերազանց» գնահատականների բաժինը շարունակաբար աճում է, իսկ կարճատեսության ընդհանուր մակարդակը նվազել է արդեն չորս տարի անընդմեջ։
Կառավարությունը նախատեսում է նաև զարգացնել դպրոցական սպորտը՝ ստեղծելով հետաքրքիր ֆիզկուլտուրայի դասեր և խթանելով բասկետբոլի, ֆուտբոլի և վոլեյբոլի մրցաշարերը դպրոցներում։

























































