
Լուսանկարը՝ New York times-ի
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ դեռևս պարզվում է՝ արդյոք Իրանում պատերազմի առաջին օրը աղջիկների տարրական դպրոցի վրա հարվածը իրականացրել է ԱՄՆ օդուժը։
Հարվածը համարվում է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողության ամենամահաբերներից մեկը։ Իրանի պետական լրատվամիջոցների և առողջապահության ոլորտի պաշտոնյաների տվյալներով՝ զոհվել է առնվազն 175 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ էին։
Այս պահին պարզ չէ, թե ինչու է թիրախ դարձել դպրոցը կամ որ երկրի զինված ուժերն են իրականացրել հարվածը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտը չորեքշաբթի ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն է իրականացրել օդային հարվածը դպրոցի վրա, ասել է. «Որքան գիտենք՝ ոչ։ Դեպարտամենտը ուսումնասիրում է այս հարցը»։
Օրերս UNESCO-ն հայտարարել էր, որ դպրոցի վրա հարձակման հետևանքով աշակերտների սպանությունը միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն դպրոցներին տրամադրվող պաշտպանության կոպիտ խախտում է։

























































