
Լուսանկարը՝ BBC–ի
Մեծ Բրիտանիայի կառավարությունը շարունակում է հանրային քննարկումը՝ մինչև 16 տարեկանների համար սոցիալական ցանցերի հնարավոր արգելքի վերաբերյալ։ Կառավարության մեկնաբանությամբ, նպատակն է «պաշտպանել երեխաների և դեռահասների բարեկեցությունը»։
Նախատեսվում է կրթության տեսչությանը՝ Ofsted-ին վերապահել դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման կարգերը ստուգելու լիազորությունը։
Մինչև 16 տարեկանների համար սոցիալական ցանցերի աշխարհի առաջին արգելքը նախաձեռնել է Ավստրալիան՝ 2025 թվականի դեկտեմբերից գործարկելով օրենքի խստությունը։ Ավստրալիային հետևելու պատրաստակամություն են հայտնել այլ երկրներ ևս։
Նամակ՝ վարչապետին

Լուսանկարը՝ Associated Press լրատվական գործակալության
Անցած կիրակի ավելի քան 60 լեյբորիստ պատգամավոր բաց նամակով դիմել է Մեծ Բրիտանիայի վարչապետին՝ հայտնելով, որ աջակցում են արգելքին և կոչ անելով օրենքով Ավստրալիայի օրինակով սահմանել մինչև 16 տարեկանների սոցիալական օգտահաշիվների սահմանափակումը։
Դպրոցական չափորոշիչների նախկին նախարար Քեթրին Մաքքինելը, որը ստորագրել է վարչապետ Քիր Սթարմերին ուղղված բաց նամակը, BBC – ին ասել է, որ ծնողներն «իրենց անպատրաստ են զգում սոցիալական մեդիայի փոփոխությունների արագ տեմպին դիմակայելու հարցում»։ Նա ընդգծել է, որ երեխաները, իհարկե, պետք է կարողանան կապի մեջ լինել թվային աշխարհում, սակայն դա չի նշանակում «ալգորիթմների միջոցով տեղեկատվության անվերջ հոսք ստանալ, որոնք մշակվել են տեխնոլոգիական ընկերությունները՝ եկամուտ ստեղծելու նպատակով»։
Երեքամսյա քննարկում
Տեխնոլոգիաների նախարար Լիզ Քենդալը երեքշաբթի օրը Համայնքների պալատում հայտարարել է. «Մենք կսկսենք երեքամսյա հանրային քննարկում՝ երեխաներին առցանց ավելի լավ պաշտպանելու լրացուցիչ միջոցների շուրջ»։
Պահպանողական կուսակցության ղեկավար Քեմի Բեյդենոքը խոստացել է, որ եթե իր կուսակցությունը լինի իշխանության, կներդնի սոցիալական ցանցերի արգելք մինչև 16 տարեկանների համար։ Նրա խոսքով՝ Լեյբորիստական կուսակցությունը ձգձգում է քննարկումը։ «Վարչապետը փորձում է կրկնօրինակել հայտարարություն, որը պահպանողականները արեցին մեկ շաբաթ առաջ, և նույնիսկ դա չի ստացվում ճիշտ անել», — հեգնել է Բեյդենոքը։
Կրթության ազգային միության գլխավոր քարտուղար Դանիել Քեբեդեն նախաձեռնությունը անվանել է «ողջունելի շրջադարձ»։ «Ամեն օր ծնողներն ու ուսուցիչները տեսնում են, թե ինչպես է սոցիալական մեդիան ձևավորում երեխաների ինքնությունը և ուշադրությունը՝ քննություններին պատրաստվելու փոխարեն», – ասել է Քեբեդեն։
Դանդաղության դեմ
Դպրոցների և քոլեջների ղեկավարների ասոցիացիան նույնպես ողջունել է քննարկումը, սակայն նշել է, որ կառավարությունը «դանդաղ է արձագանքել երեխաներին սպառնացող առցանց ռիսկերին»։
Բրիտանական հանրային–քաղաքական դաշտում հախուռն քննարկումների առիթ դարձած հարցի առնչությամբ Լորդերի պալատը պետք է քվեարկի այսօր։























































