Տեսանյութը՝ ՄՀԿ-ի
«Մայրի» բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոնի տնօրեն Զառա Մանուկյանը երեխաների սմարթֆոնային կախվածության վերաբերյալ հարցին ի պատասխան, mediaforedu.am կայքի միջոցով ծնողներին է փոխանցում իր դիտարկումները։
Սմարթֆոններից կախվածության վտանգների թեմայով անցյալ շաբաթ ՖԲ իր էջում հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ նախաձեռնելով երկխոսություն ծնողների, մանկավարժների հետ և փորձելով «իմանալ ավելին իրենց մտահոգությունների մասին, որոնք առաջանում են, երբ երեխաներն օգտագործում են այնպիսի խաղային հարթակներ և խաղեր, ինչպիսին են 𝗥𝗼𝗯𝗹𝗼𝘅-ը, 𝗠𝗶𝗻𝗲𝗰𝗿𝗮𝗳𝘁-ը, 𝗕𝗿𝗮𝘄𝗹 𝗦𝘁𝗮𝗿𝘀-ը, 𝗙𝗼𝗿𝘁𝗻𝗶𝘁𝗲-ը, 𝗣𝗨𝗕𝗚-ին և այլն»։
Նախարարը, մասնավորապես, գրել էր․ «Վերջին շրջանում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նամակներ է ստանում իրենց երեխաների անվտանգությամբ մտահոգված քաղաքացիներից։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է 𝗥𝗼𝗯𝗹𝗼𝘅 խաղային հարթակին»։
Նախարարը ցանկացել էր «ավելի շատ կարծիքներ ստանալ ծնողների մոտեցումների և մտահոգությունների մասին, և արդյունքում կփորձենք մեր իրավասությունների շրջանակներում նվազեցնել այդօրինակ ռիսկերը՝ երեխաների համար ավելի անվտանգ թվային միջավայրի ձևավորմանը միտված մեր աշխատանքների շրջանակում»։
Այս հայտարարությանն ակտիվ արձագանքում են ծնողները, մանկավարժները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ ներկայացուցիչը՝ նախարարին առաջարկելով նախ կառավարությունում ուշադրություն դարձնել դպրոցներում թվային կախվածության հարցերին և մասնավորապես դասագրքերում QR կոդերի առնչությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ սկսել երկխոսություն՝ նկատի ունենալով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունն ու աշխարհի շատ երկրների փորձը մինչև 16 տարեկաններին սմարթֆոններից կախվածությունից զերծ պահելու հստակ քայլերի վերաբերյալ։
Մասնավորապես, Ավստրալիայում 2025 թվականի դեկտեմբերի 10-ից տարիքային սահմանափակումներ են գործում և սոցիալական մեդիայի հարթակները պարտավորված են ողջամիտ քայլերով կանխել մինչև 16 տարեկան ավստրալացիների՝ հաշիվ ստեղծելու կամ պահպանելու հնարավորությունը։ Պաշտոնական կայքում գրել էր Ավստրալիայի թվային անվտանգության հարցերով հանձնակատարը: Սահմանափակումները վերաբերում են Facebook, Instagram, Snapchat, TikTok, X (նախկինում՝ Twitter) և YouTube հարթակներին։
























































