
Լուսանկարը՝ Depositphotos.com կայքից
Կիպրոսի խորհրդարանի կրթության հանձնաժողովը նախօրեին հանդիպել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել է հատուկ կրթության վերաբերյալ նոր օրենքի նախագիծը։ Կառավարությունը քննադատության է արժանացել այս ուղղությամբ, ըստ մասնակից կազմակերպությունների, «անգործություն» դրսևորելու ուղղությամբ։
Կենտրոնամետ ուժի ներկայացուցիչ, հանձնաժողովի նախագահ Պավլոս Միլոնասը ընդգծել է քաղաքական կամք ցուցաբերելու, ներդրումներ ապահովելու կարևորությունը։ Նա հիշեցրել է, որ պետական դպրոցները բոլոր երեխաների համար են, ներդրումները կարևոր են, իսկ ներառական կրթությունը հնարավոր չէ իրականացնել վաղը։
Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Անդրեաս Կաֆկալիասը դժգոհել է գործող օրենսդրությունից և կրթական համակարգից՝ նշելով, որ կառավարության խոստումները չեն իրականացել, և դա էլ խորացրել է խնդիրները։ Կաֆկալիասի խոսքով՝ մեծ խնդիր է հաշմանդամություն ունեցող, 21 տարեկանից բարձր ուսանողների կրթության շարունակականությունը։
Կենտրոնամետ ուժի ներկայացուցիչ Ալեկոս Տրիֆոնիդիսը դատապարտել է նախարարության և նախագահի՝ անհրաժեշտ անելիքները հետաձգելու վարքը։ Ընդգծել է, որ օրենսդրական բարեփոխումը խորհրդարանում արդեն մեկ տարի է՝ տեղից չի շարժվում։ Կոչ է արել արագացնել խորհրդակցությունները՝ օրինագծի անհապաղ ներկայացման համար։ Նրա կուսակցությունը նախկինում առաջարկել է բանկերի շահույթի մի մասը ուղղել հատուկ կրթության և աջակցության ծրագրերի ֆինանսավորմանը՝ 50 միլիոն եվրո նախնական ներդրմամբ։
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հայտնել են մտահոգություն, որ երեխաների գնահատման ընթացակարգերի պատճառով հանձնաժողովները միայն ուսուցիչների հաշվետվությունների վրա են հիմնվում՝ չհասկանալով երեխաների իրական խնդիրները։























































