
Լուսանկարները՝ «Սիսակյան կենտրոն»–ի
Ինչպե՞ս ապահովել մարդու կյանքի կենսաբանական կայունությունը այնտեղ, որտեղ Երկրի պայմանները բացակայում են։ 1960-ականներին, երբ մարդու տիեզերական թռիչքը դեռևս գիտական և կենսաբանական մեծ անորոշություն էր, Նորայր Սիսակյանը մասնակցեց այս ամենաբարդ խնդրի սահմանմանը: 1956 թ. սկսած՝ նրա ղեկավարությամբ իրականացվել են հետազոտություններ՝ ուսումնասիրելու տիեզերական միջավայրի ազդեցությունը բույսերի ֆերմենտային գործընթացների վրա և մշակելու կենսապահովման համակարգեր երկարատև ուղեծրային թռիչքների համար: Նա ղեկավարում էր տիեզերագնացների ընտրության և բժշկական պատրաստվածության ծրագրերը:
Մինչ այդ՝ 1940-ականներին, երբ գիտության մի շարք հիմնարար ուղղություններ քաղաքական ճնշման հետևանքով դուրս էին մղվում գիտական օրակարգից (օրինակ՝ գենետիկան), Սիսակյանը մնաց անդրդվելի։ Շարունակեց իր գործունեությունը՝ հենվելով միայն փաստի, ստուգված փորձի և գիտական անաչառության վրա։
1950-ականներին, երբ առավել անվտանգ էր ընդունված թեմաների սահմաններում մնալը, Նորայր Սիսակյանը ընդլայնեց իր հետազոտությունները՝ ուսումնասիրելով ճառագայթման և նոր ֆիզիկական գործոնների ազդեցությունը կենդանի բջջի վրա։ Այս աշխատանքները կարևոր դեր խաղացին ռադիացիոն կենսաբանության ձևավորման մեջ և հետագայում հիմք դարձան տիեզերական կենսաբանության խնդիրների ուսումնասիրության համար:
Ակադեմիական վեճ
Երբ խորհրդային կենսաբանությունը «Լիսենկոյականության» պատճառով հայտնվեց աղետալի թակարդում, գենետիկան հայտարարվեց «բուրժուական կեղծ գիտություն»։ Գենետիկները դարձան «ժողովրդի թշնամի»․ հեռացվեցին աշխատանքից, ձերբակալվեցին ու աքսորվեցին։
Գենետիկան և մոլեկուլային կենսաբանությունը դուրս մղվեցին ուսումնական ծրագրերից և ինստիտուտներից։
Դասական գենետիկան պնդում էր, որ օրգանիզմի հատկանիշները որոշվում են գեներով, դրանք կայուն են և փոխանցվում են ժառանգաբար։ Իսկ Ստալինի անձնական հովանավորչությունը վայելող կենսաբան Տրոֆիմ Լիսենկոն պնդում էր հակառակը։ Ասում էր, թե միջավայրը կարող է «վերադաստիարակել» օրգանիզմը, և այդ ձեռքբերովի հատկանիշները կփոխանցվեն սերունդներին։ Սա հիանալիորեն համապատասխանում էր բոլշևիկյան այն գաղափարախոսությանը, որ «նոր մարդուն» և «նոր բնությունը» կարելի է կերտել արագ՝ պարզապես փոխելով պայմանները։
Փաստացի խորհրդային կենսաբանությունն այս դոգմայի տիրապետության տակ մնաց շուրջ 20 տարի. դա հանգեցրեց գիտական սերնդափոխության խզման և համաշխարհային առաջընթացից անդառնալիորեն հետ մնալուն։
Շրջադարձ
Պատմական արդարության վերականգնման պահը 1964 թվականի ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի նախագահության նիստն էր՝ նվիրված կենսաբանության զարգացման հարցերին։ Լինելով ԳԱ կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար՝ հենց Նորայր Սիսակյանն էր այն մարդը, որ հանդես եկավ հիմնական զեկույցով ու գիտնականի սառնասրտությամբ հայտարարեց՝ ժամանակակից կենսաբանությունը չի կարող զարգանալ առանց մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի ձեռքբերումների։
Լիսենկոյի տեսությունը պաշտոնապես ճանաչվեց հակագիտական։ «Լիսենկոյականությունը» քայքայվեց այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ ստի վրա հնարավոր չէ կառուցել պետության անվտանգությունն ու ապագան։
Մարդու կյանքը
Նորայր Սիսակյանը չէր ձգտում պարզապես փայլուն կարիերայի։ Նա մշտապես գիտակցված ընտրություն էր անում․ իր ամբողջ կյանքի ընթցքում աշխատեց գիտության այն սահմանագծում, որտեղ յուրաքանչյուր որոշում անմիջական պատասխանատվություն է մարդու կյանքի և ապագայի հարցերում։











