
Լուսանկարը` Reuters–ի
Մեծ Բրիտանիայի կրթության նախարար Բրիջիթ Ֆիլիպսոնը երկուշաբթի նամակ է հղել բոլոր դպրոցների տնօրեններին՝ պահանջելով դպրոցներում ապահովել հեռախոսներից ազատ միջավայր։ Նոր ցուցումներով բացառվում է, որ աշակերտները դպրոցում հեռախոսով տարվեն, անգամ դասի ժամանակ այն օգտագործեն որպես հաշվիչ կամ հետազոտության գործիք, հասանելի դառնան ընդմիջումների, ճաշի ժամանակ։ Նամակը հրապարակել է Skynews-ը։
Ֆիլիպսոնը պաշտոնական նամակում այսպես է ձևակերպել խստությունը․ «Դա վերաբերում է դասերին, դասերի միջև ժամանակահատվածներին՝ ընդմիջումներին և ճաշի ժամին։ Սա նշանակում է, որ, օրինակ, անընդունելի է հեռախոսների օգտագործումը որպես հաշվիչ կամ դասերի ընթացքում հետազոտություն իրականացնելու համար։ Դպրոցները պետք է ապահովեն, որ այս քաղաքականությունը կիրառվի հետևողականորեն բոլոր դասարաններում և բոլոր ժամանակահատվածներում, և մենք ցանկանում ենք, որ ծնողներն էլ աջակցեն այս քաղաքականությանը»։
Նախարարը դպրոցների տնօրեններին վստահություն է հայտնել․ «Դուք ունեք իմ լիակատար աջակցությունը այս հարցում։ Հստակ սահմանները, որոնք կիրառվում են հետևողականորեն և արդար կերպով, աշակերտներին տալիս են սովորելու և զարգանալու լավագույն հնարավորությունը, և դպրոցները պետք է վստահ լինեն այդ սահմանները պահպանելու և կիրառելու հարցում»։
Անցյալ շաբաթ կառավարությունը դպրոցներին ներկայացրել է հեռախոսների օգտագործման վերաբերյալ թարմացված ուղեցույց, որտեղ շեշտվում է, որ աշակերտները «չպետք է հասանելիություն ունենան իրենց սարքերին դասերի, ընդմիջումների, ճաշի ժամի կամ դասերի միջև ժամանակահատվածներում»։
Ուսուցիչներից նույնպես պահանջել են բացառել հեռախոսների օգտագործումը աշակերտների ներկայությամբ։
Գիտության, նորարարության և տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է, որ անհապաղ քայլեր կձեռնարկի երեխաների սոցիալական ցանցերի օգտագործման հարցում, այդ թվում՝ տեսչական մարմնին՝ Ofsted-ին, հանձնարարելով ուսումնասիրել դպրոցներում գործող բջջային հեռախոսների քաղաքականությունները և դրանց արդյունավետ կիրառումը։
Նախարարության տվյալներով՝ տարրական դպրոցների 99.9 տոկոսը և միջնակարգ դպրոցների 90 տոկոսը արդեն ունեն բջջային հեռախոսների օգտագործման կանոններ։ Սակայն միջնակարգ դպրոցի աշակերտների 58 տոկոսը հայտնել է, որ որոշ դասերի ընթացքում հեռախոսներ օգտագործվում են առանց թույլտվության, իսկ 14–16 տարեկանների շրջանում այդ ցուցանիշը հասնում է 65 տոկոսի։
Սա տեղի է ունենում մի իրավիճակում, երբ կառավարությունը սկսում է 3–ամսյա խորհրդակցություն՝ 16 տարեկանից ցածր անձանց սոցիալական ցանցերի հասանելիությունն արգելելու վերաբերյալ՝ ավստրալական մոդելի օրինակով։ Նախատեսվում է քննարկել տարբերակներ, այդ թվում՝ թվային գործիքների կիրառության տարիքային շեմի բարձրացումը և կախվածություն առաջացնող գործառույթների սահմանափակումը, ինչպիսիք են սոցցանցերն անվերջ թերթելը և տարբեր հարթակներում «թափառելու» հնարավորությունը։
Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի նախարարները խորհրդակցություն են սկսում սոցիալական ցանցերում 16 տարեկանից ցածր անձանց հնարավոր արգելքի շուրջ՝ սեփական կուսակցության տասնյակ պատգամավորների ճնշման ներքո։ Սկզբում կառավարությունը դեմ էր նման ամբողջական արգելքին, սակայն վերջին օրերին դիրքորոշումը մեղմվել է, և այժմ քննարկվում է ավստրալական մոդելի կիրառման հնարավորությունը։























































