
Լուսանկարը պատրաստել է Աննա Գրիգորյանը
Մայիսի 13–ին «Ականատես» դիտորդական առաքելությունը փաստեց Ապարանի և հարակից բնակավայրերի դպրոցներում քաղաքական գործունեության արգելքի խախտման և քարոզչությանը անչափահասների ներգրավման դեպքեր։ ԿԳՄՍ նախարարը նույն օրը ՖԲ – ում գրեց, որ նախարարությունը կանցկացնի առանձին քննություն: Սակայն արդյունքների մասին 12 օր անց պաշտոնական հայտարարություններ չկան։ «Պետական լիազորություն ունեցող մարմինները իրենք պետք է շահագրգռված լինեին, ձեռնարկեին միջոցներ, տեղեկացնեին հասարակությանը, որպեսզի ԿԳՄՍ նախարարի ասածը չմնար ուղղակի սոցիալական հարթակում գրված հայտարարություն, այլ ունենար ազդեցություն, զսպող էֆեկտ, որ առնվազն այս նախընտրական քարոզչության ժամանակ չտեսնեինք նման դեպքեր»,– mediaforedu.am –ի խմբագիր Անուշ Մարտիրոսյանի հետ զրույցում ընդգծել է «Բարեվարքություն հանուն զարգացման» կրթական կենտրոնի ղեկավար Նարինե Ավետիսյանը։























































