
Լուսանկարը՝ Guardian – ի
Միջազգային մամուլում մեծ արձագանք է ստացել Սինգապուրի կրթության նախարարի՝ խորհրդարանում արած հայտարարությունը, թե 2027 թվականից ուսուցիչներին որոշ դեպքերում կթույլատրվի մահակով ծեծով պատժել 9 տարեկան և բարձր տարիքի կարգազանց տղաներին։
«Դպրոցներում ծեծը կկիրառվի որպես կարգապահական միջոց, եթե մյուս բոլոր միջոցները բավարար չեն եղել՝ հաշվի առնելով կարգազանց աշակերտի կատարած բուլինգի լրջությունը», – հայտարարել է կրթության նախարար Դեսմոնդ Լին՝ անդրադառնալով հակաբուլինգային նոր միջոցառումների վերաբերյալ հարցերին։
Նախարարն ասել է․ «Կգործեն խիստ կանոններ՝ աշակերտի անվտանգությունն ապահովելու համար։ Օրինակ՝ ծեծի կիրառումը պետք է հաստատի դպրոցի տնօրենը և այն պետք է իրականացնեն միայն լիազորված ուսուցիչները», – մանրամասնել է նախարարը։
«Դպրոցները հաշվի են առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են աշակերտի հասունությունը և այն, թե արդյոք ծեծը կօգնի նրան սովորել իր սխալից և հասկանալ իր արարքի լրջությունը», – նշել է Լին։
Նրա խոսքով՝ դպրոցները յուրաքանչյուր դեպք առանձին են գնահատում՝ որոշելու համար, թե արդյոք պետք է կիրառել նման պատիժ։
«Այս մոտեցումը հիմնված է հետազոտությունների վրա, որոնք ցույց են տալիս, որ երեխաներն ու երիտասարդները ավելի ճիշտ ընտրություններ են կատարում, երբ կան հստակ սահմաններ և խիստ, իմաստալից հետևանքներ»,- բացատրել է նախարարը՝ պնդելով, որ այդ մեթոդը նպաստում է նաև բուլինգի նվազեցմանը։
Կրթության նախարարության կայքում հրապարակված ուղեցույցների համաձայն՝ մահակով պատիժը կարող է կիրառվել միայն տղաների նկատմամբ։
«Ծեծը կարգապահական միջոց է միայն տղաների համար և կիրառվում է միայն ծանր խախտումների դեպքում՝ որպես վերջին միջոց, երբ դա բացարձակապես անհրաժեշտ է»,- նշված է ուղեցույցում։
Վերջին տասնամյակներում աշխարհի շատ երկրներում դպրոցներում ֆիզիկական պատիժների կիրառումը զգալիորեն նվազել է։ Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արձանագրել է՝ աշխարհում երեխաների 25 – 50 % – ը դպրոցներում ենթարկվում է ֆիզիկական պատժի։ Կազմակերպությունը կոչ է արել դադարեցնել այդ պրակտիկան։
«Երեխաների նկատմամբ ֆիզիկական պատժի հետևանքները կարող են շարունակվել ամբողջ կյանքի ընթացքում՝ վնասելով ֆիզիկական և հոգեկան առողջությանը, կրթությանը, ինչպես նաև սոցիալական և մասնագիտական գործունեությանը»,- նշել է ԱՀԿ-ն 2025 թվականի օգոստոսին հրապարակված զեկույցում։
«Այժմ գոյություն ունեն ճնշող գիտական ապացույցներ, որ երեխաների ֆիզիկական պատիժը բազմաթիվ վնասների ռիսկեր է պարունակում և որևէ օգուտ չունի ոչ երեխաների, ոչ ծնողների, ոչ էլ հասարակությունների համար»,- ընդգծել է կազմակերպությունը։
Ավելին, միջազգային իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ UNICEF – ը իրենց զեկույցներում խիստ դատապարտում են երեխաների նկատմամբ ֆիզիկական պատժի կիրառմանը՝ նշելով, որ այն վնասում է ֆիզիկական և հոգեկան առողջությանը և ժամանակի ընթացքում խորացնում վարքային խնդիրները։
























































