
Լուսանկարը՝ Ջոակին Կորբալանի
Բրիտանական մասնագիտացված Ambitious About Autism բարեգործական կազմակերպությունը հարցումներով պարզել է, որ աուտիզմ ունեցող յուրաքանչյուր վեցերորդ աշակերտ այս ուսումնական տարվա սկզբից ի վեր ընդհանրապես դպրոց չի հաճախել։
Հարցումը ցույց է տվել, որ դպրոցից երկարատև բացակայության հիմնական պատճառներից մեկը հոգեկան առողջության խնդիրներն են։ Այս տվյալները հասանելի են դարձել Guardian պարբերականին։
Մեծ Բրիտանիայի ողջ տարածքում իրականացված հարցմանը մասնակցած ծնողների և երեխաների 45 % – ը նշել է, որ զգում է կառավարության «մեղադրանքը»՝ դպրոց չհաճախելու համար։
Դպրոց չհաճախողների 62 % – ը, ըստ հարցման արդյունքների, նշել է, որ բացակայության պատճառը հոգեկան առողջության խնդիրներն են, իսկ 30 % – ը՝ որ ֆիզիկապես իրենց այնքան վատ են զգացել, որ չեն կարողացել գնալ դպրոց։
Գրեթե 1000 աուտիզմ ունեցող երեխաների և երիտասարդների, ինչպես նաև նրանց ընտանիքների շրջանում անցկացված այս հարցումը հրապարակվում է այն ժամանակ, երբ կառավարությունը պատրաստվում է ներկայացնել Անգլիայում հատուկ կրթական կարիքների և հաշմանդամության համակարգի երկար սպասված բարեփոխումների ծրագիրը։
Աուտիզմ ունեցող աշակերտների մոտ 70 % – ը սովորում է հիմնական դպրոցներում, սակայն բացակայությունների մակարդակը բարձր է՝ պայմանավորված տագնապով, զգայական գերբեռնվածությամբ և անբավարար աջակցությամբ։ Ծնողները մտահոգված են, որ նոր ներդրումները բավարար չեն լինի, և դպրոցական միջավայրը շատ աշակերտների համար կշարունակի մնալ անհարմար և ոչ ներառական։























































