
Լուսանկարը՝ «Ականատես» ՀԿ–ի
2026 թվականի մայիսի 13-ին ՀՀ վարչապետի մասնակցությամբ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ապարան համայնքում «Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրել է հանրակրթական ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության արգելքի խախտման և քարոզչությանը անչափահասների ներգրավման դեպքեր։
Այս տեղեկությունը հրապարակել է «Ականատես» դիտորդական նախաձեռնությունը, որի անդամներն են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը։
Առաքելության դիտորդները տեղում արձանագրել են, որ համայնքի և հարակից բնակավայրերի մի շարք դպրոցների տնօրենները և ուսուցիչներն աշխատանքային ժամերին՝ դասերի ժամանակ կազմակերպված մասնակցել են միջոցառմանը։
«Առավել մտահոգիչ է, որ ուսուցիչների և տնօրինության անմիջական հրահանգով աշակերտները դուրս են բերվել դասապրոցեսից՝ վարչապետին դիմավորելու և քարոզչական միջոցառմանը մասնակցություն ապահովելու նպատակով։ Երեխաներին բաժանվել են դրոշներ, ընդ որում, դպրոցականներին նախապես տրվել են պարտադրողական բնույթի ցուցումներ անգամ արտաքին տեսքի, հագուստի, ինչպես նաև սանրվածքի վերաբերյալ՝ հորդորելով լինել հյուսերով» – նշված է հայտարարության մեջ։
Ըստ «Ականատես» նախաձեռնության, «դիտորդներն անձամբ ականատես են եղել, թե ինչպես են որոշ դպրոցների ղեկավարներ և մանկավարժներ հեռախոսազրույցների ընթացքում բարձրաձայն և խիստ տոնով հրահանգավորում՝ պահանջելով ապահովել երեխաների պարտադիր և կազմակերպված մասնակցությունը։
Ըստ հաստատված տվյալների՝ Ծաղկաշեն գյուղի դպրոցի աշակերտներին ոչ միայն ազատել են դասերից հանրահավաքին մասնակցելու համար, այլև երեխաներին է բաժանվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նրա քաղաքական քարոզչության հետ ասոցացվող խորհրդանիշներով շապիկներ»։
Հայտարարության համաձայն, «Մի անձ ակտիվորեն համակարգել է մարդկանց տեղաշարժը, անձամբ դիմավորել է երեխաներին, նրանց բաժանել քարոզչական բնույթի դրոշներ և հստակ հրահանգներ տվել ներկաներին, թե ով որտեղ պետք է տեղակայվի միջոցառման ընթացքում։ «Ականատես»-ի տվյալներով հավաքի կազմակերպման աշխատանքներն իրականացրել է Էդգար անունով մի անձ»։
«Ականատեսն» արձանագրում է, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների ներգրավումը նախընտրական գործընթացներին, ուսումնական պրոցեսի կասեցումը և անչափահասներին որպես քաղաքական ֆոն օգտագործելը հակասում են ուսումնական հաստատությունների ապաքաղաքականացվածության սկզբունքներին և ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին։
«Ականատեսը» հիշեցնում է՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն, իսկ ՀՀ ընտրական օրենսգիրքն արգելում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս:
Դպրոցի տնօրինության կողմից սեփական լիազորությունների և պաշտոնեական դիրքի նմանօրինակ չարաշահումը ենթակա է խիստ իրավական գնահատականի։
























































