
Լուսանկարը՝ Reuters – ի
Հունաստանում օրենքի ուժով մինչև 15 տարեկաններին 2027 թվականի հունվարի 1-ից կարգելվի սոցիալական մեդիայի օգտագործումը: Այս քայլի հիմքում երեխաների հոգեկան առողջության վատթարացումն է, էկրանային կախվածությունը և առցանց անվտանգության խնդիրները։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցատակիսը շաբաթներ առաջ դիմել էր երեխաներին՝ օգտագործելով 2025 թվականին տարածված «six-seven» ինտերնետային մեմը, որը լայն տաածում էր գտել հատկապես Tik-Tok-ում։ Միցատակիսը Հունաստանի այս քայլն այնքան էր կարևորել, որ անգամ հայտաարել էր, թե նպատակը Եվրամիության մակարդակով նման քաղաքականություն խթանելն է։
Նման սահմանափակումները պարտադիր են այլ երկրներւոմ ևս։ Ավստրալիան սոցցանցերին երեխաների հասանելիության սահմանափակման օրենքի առաջատարն է։
Առնվազն տասնյակ եվրոպական երկրներ արդեն ընդունել են կամ քննարկում են օրենսդրություն, որը սահմանում է սոցիալական մեդիայի օգտագործման նվազագույն տարիք՝ սովորաբար 13-ից 16-ի միջակայքում։
Եվրոպական հանձնաժողովը հայտնել է, որ ԵՄ միասնական տարիքային վավերացման հավելվածը տեխնիկապես պատրաստ է և նախատեսվում է դրա ներդրումը՝ որպես գործիք երեխաների առցանց անվտանգությունը բարձրացնելու համար։ Հավելվածը պետք է թույլ տա հաստատել օգտատիրոջ տարիքը՝ առանց լրացուցիչ անձնական տվյալների բացահայտման։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ընդգծել է, որ այս նախաձեռնությունը ուղղված է թվային միջավայրում երեխաների պաշտպանությանը՝ ապահովելով տվյալների գաղտնիությունը։
Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը հաստատել է, որ նախատեսվում է 15 տարեկանը սահմանել որպես նվազագույն շեմ՝ սոցիալական մեդիայում հաշիվ ստեղծելու և օգտագործելու համար։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարևոր է համարել ԵՄ այլ երկրների ղեկավարների հետ «թվային չափահասության» գաղափարի քննարկումը՝ միասնական նվազագույն տարիք սահմանելու և սոցիալական հարթակներում պարտադիր տարիքային վավերացման մեխանիզմներ ներդնելու նպատակով։

























































