
Լուսանկարը՝ BBC-ի
Մեծ Բրիտանիայի հարավ-արևմուտքում իրականացված հետազոտության արդյունքն առաջարկն է՝ վեցշաբաթյա ամառային արձակուրդը կրճատել մինչև չորս շաբաթ՝ ավելացնելով մեկ լրացուցիչ շաբաթ աշնանային կամ գարնանային կիսամյակային արձակուրդներին։
Nuffield հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում պատրաստված՝ համավարակից հետո կրթական անհավասարությունները հաղթահարելու վերաբերյալ զեկույցում նշվում է, որ եկել է ժամանակը՝ վերանայելու դպրոցական օրացույցները։ Գրում է BBC-ն:
Մեծ Բրիտանիայի Կրթության նախարարությունը հայտարարել է, որ ներկայիս ուսումնական տարին կառուցված է այնպես, որ ապահովի արձակուրդային բավարար ժամանակ, իսկ դպրոցներն ունեն ճկունություն՝ ինքնուրույն ծրագրելու ուսումնական օրացույցը։
Փորձագետների համոզմամբ՝ արձակուրդների կառուցվածքի փոփոխությունը կարող է նաև օգնել ծնողներին հավասարեցնել երեխաների խնամքի ծախսերը տարվա ընթացքում և բարելավել աշակերտների ու ուսուցիչների բարեկեցությունը։
Զեկույցում նշվում է, որ արձակուրդները տարվա ընթացքում ավելի հավասար բաշխելը կարող է կանխել «գիտելիքների կորուստը»՝ դժվարությունները, որոնց աշակերտները բախվում են երկար ամառային արձակուրդներից հետո դպրոց վերադառնալիս։
Զեկույցի հեղինակներից մեկը՝ Էքսեթերի համալսարանի պրոֆեսոր Լի Էլիոթ Մեյջորը, նշել է, որ ուսումնական տարվա ներկայիս կառուցվածքը ձևավորվել է վիկտորիանական դարաշրջանում (1837-1901 թթ.), և եկել է այն վերանայելու ժամանակը։
























































