
Լուսանկարը պատրաստեց Աննա Գրիգորյանը
Նկարիչ, մշակութաբան, փիլիսոփա, «Ռուբիկոն» գեղարվեստական-մշակութաբանական հանդեսի գլխավոր խմբագիր Արա Գուրզադյանը մշտապես կարևորել է արվեստի դերը՝ կրթության մեջ։ Նա իր հարցազրույցներում արվեստը դիտարկում էր որպես հաղորդակցության լեզու՝ ընդգծելով հոգևոր կողմը․
«Արվեստը եղել է և մնալու է հաղորդակցության ու հաղորդության լեզու մարդկային հոգևոր կյանքի լայն ոլորտում, ուր հասկացություններն ու գաղափարները անզոր են դառնում արտահայտելու և մարմնավորելու մարդկային ապրումների խորությունները գեղեցկության կատեգորիայի տեսանկյունից:
Արվեստի իմ անձնական մոտեցումներից մեկը ներկայացնում է համաշխարհային մշակույթի, ավելի լայն իմաստով` մարդկային հոգևոր-մշակութային փորձի անհատական հաղորդության ասպեկտը: Այսինքն` այդ հաղորդության շնորհիվ համաշխարհային դարավոր մշակույթի գեղարվեստական տրանսֆորմացիան:
Ավելի պատկերավոր ասած` համաշխարհային քաղաքակրթությունների և համապատասխան մշակույթների անհատական մարսողության պրոցեսում նոր ձևագոյացումների լեզու արարելու և հաղորդակցվելու գործառույթը: Եվ այդ լեզվով անցյալի մշակութային զանազան զանգվածների ինչպես իրար, այնպես էլ մեր արդիական մշակույթների հետ պոլիֆոնիկ երկխոսության գոյացումը, քանզի դրանով է պայմանավորված ժամանակակից մարդու հոգևոր ինքնագիտակցության հասնելու մղումը:
Սա ինքնաճանաչողության և աշխարհաճանաչողության կարևորագույն բաղադրիչներից է, և դրանով է, որ արվեստը կարող է նորից վերաիմաստավորվել XXI դարի հոգևոր խմորումների համատեքստում»:
Արա Գուրզադյան, 2004 թ․
«Հայացք հայացքի ետևում»























































