
Լուսանկարը՝ india.com-ի
Պատկերացրեք դասարան, որտեղ յուրաքանչյուր աշակերտ ստանում է իր կարողություններին համապատասխան անհատականացված գիտելիք և առաջադրանք, իսկ գնահատումն իրականացվում է արհեստական բանականության միջոցով՝ ինքնաշխատ ձևով։ Այս մոդելը կարող է դպրոցները վերածել նոր տեխնոլոգիաների վրա հիմնված հաստատությունների, սակայն միայն այն դեպքում, երբ կրթական քաղաքականությունը, մանկավարժական հմտություններն ու ենթակառուցվածքները զարգանան համընթաց։
Այս պատկերացմամբ է, ըստ Times of India-ի, Հնդկաստանում ներդրվել փորձարարական ծրագիրը։
Ծրագրի նպատակն, ըստ պետական մարմինների, ոչ թե աշակերտներին արհեստական բանականության գործիքների միջոցով պատրաստի պատասխաններ տրամադրելն է, այլ նրանց անհատական կարողությունները նախապես գնահատելով՝ այնպիսի համակարգ կիրառելը, որը կնպաստի մտածողության զարգացմանը։ Այլ կերպ ասած՝ կրթական գործընթացի կենտրոնում դրվում է ոչ թե տեղեկատվության փոխանցումը, այլ մտածելու և վերլուծելու կարողության զարգացումը։
Ապագա սերունդը
Կրթությունից զբաղվածություն և ձեռնարկատիրություն անցման հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծման առաջարկին զուգահեռ, Հնդկաստանի կրթության ոլորտի 2026 – 2027 թվականների ծախսերի ավելի քան 8 % – ով ավելացումը կարևորվում է որպես ներդրում՝ ապագային պատրաստ սերունդ ձևավորելու հարցում։
Հնդկաստանը նպատակ ունի մինչև 2030 թվականը այս մոտեցմամբ կրթություն ստացած մոտ 2 միլիոն քաղաքացու ներգրավել աշխատաշուկա։ Գլխավոր նպատակը ոչ թե արհեստական բանականության գործիքներին պարզապես տիրապետող մասնագետների պատրաստումն է, այլ այնպիսի մարդկանց ձևավորումը, որոնք այդ գործիքներով կարող են խնդիրներ լուծել և զարգացնել ճկուն մտածողություն։
Միևնույն ժամանակ, այս մոտեցումը բախվում է նաև քննադատության։
Մարդը և տեխնոլոգիան

Լուսանկարը՝ hec.edu–ի
Անցյալ տարի Փարիզում կայացած «Արհեստական բանականություն, գիտելիք և հասարակություն» համաժողովում Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Ջորդանը քննադատել է գաղափարը, թե հնարավոր է հավաքագրել մարդկության ողջ գիտելիքը և դրա հիման վրա ստեղծել արհեստական ընդհանուր բանականություն՝ հսկայական ռեսուրսների ներդրմամբ։ Նրա գնահատմամբ՝ նման մոտեցումը ոչ միայն արդյունավետ չէ, այլև կարող է հանգեցնել սխալ ուղղորդված մրցավազքի։
Գիտնականները պնդել էին, որ դեռևս չկա հստակ պատկերացում՝ ինչ նպատակների է ծառայում այս տեխնոլոգիան։ Բացի այդ՝ արհեստական բանականության շուրջ ձևավորված մեծ ակնկալիքները հաճախ չեն համապատասխանում իրական հնարավորություններին։
Գիտական շրջանակներում լայնորեն ընդգծվում է, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել որպես գործիք, այլ ոչ թե որպես մտածող էություն։
Ինտելեկտ
Յան Լեկունը, որը Meta-ի արհեստական բանականության հարցերով գիտական խմբի ղեկավարներից է և Նյու Յորքի համալսարանի համակարգչային գիտությունների պրոֆեսոր, նույնպես վերահաստատել է այս մոտեցումը։ Նա, մասնավորապես, նշել է․ «Մենք երբեք չենք հասնելու մարդու ինտելեկտին՝ արհեստական բանականությունը միայն տեքստի վրա ուսուցանելով։ Դա պարզապես չի լինի, անկախ նրանից, թե ինչ են պնդում ֆինանսական շահ ունեցող մարդիկ»։
Ներկայիս համակարգերի սահմանափակումը կայանում է աշխարհի ամբողջական մոդելներ ձևավորելու ունակության բացակայության մեջ՝ այն ձևով, ինչպես դա անում են երեխաները՝ դիտարկման և փոխազդեցության միջոցով։
«Չորս տարեկան երեխան ավելի շատ տվյալ է տեսել, քան ամենամեծ լեզվական մոդելները՝ տեսողական ընկալման առումով», — նշել է նա։ Գիտնականը հիմնավորել է՝ յուրաքանչյուր տեսողական նյարդային մանրաթել մոտավորապես փոխանցում է տվյալներ մոտ 1 բայթ/վրկ արագությամբ, իսկ այս փաստը ևս մեկ անգամ ընդգծում է, որ մարդու ուսուցման կարողությունը հիմնովին տարբերվում է արհեստական բանականության ուսուցման մոտեցումներից։
Այս համատեքստում կրթության ապագան հնարավոր է միայն այն դեպքում, երբ տեխնոլոգիան ծառայում է մարդկային մտածողության զարգացմանը, այլ ոչ թե փոխարինում է դրան։

























































