
Լուսանկարը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կառավարման խորհրդի ղեկավարությունը տեղեկացնում է, որ կրթահամալիրի սուբսիդիայի հարցով կա համաձայնություն ԿԳՄՍ նախարարության հետ․ «Մարտի 27-ին կնքվել է սուբսիդիայի մասին պայմանագիր 2026թ. հինգ ամսվա համար (հունվար-մայիս)՝ ըստ նախարարության հաշվարկների, կրթահամալիրն ըստ դրա նախահաշիվ է ներկայացրել ԿԳՄՍՆ։ Նախահաշվի հաստատմամբ կրթահամալիրի աշխատողները աշխատավարձ կստանան, երկու ամիս ժամանակ կլինի կրթահամալիրի հիմնադիր ՀՀ կառավարության, լիազորված պետական մարմնի կողմից խնդրի վերջնական-ամբողջական լուծման, կրթահամալիրի պետական ֆինանսավորման 2006-2023 թթ. անխաթար գործած կարգը վերականգնելու համար»։
«Մեզ համար քննարկելի չեն կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորման կանոնադրությունը, կառուցվածքը, առնվազն 1991թ.-ից անընդհատ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների գոյությունը, ինչպես նաև ՀՀ կառավարության 2025 թ. N850-Ն որոշման պահանջով ուսուցչի՝ 2020 թ. – ից գործող դրույքաչափի (նվազագույն աշխատավարձի) պահպանումը։ 2026 թ. պետական ֆինանսավորումը պիտի պահպանի կրթահամալիրի 2006-2023 թթ. ֆինանսատնտեսական վիճակը և բարելավվի. չի կարող հակառակը լինել։ Սրան են ուղղված սեբաստացի կրթական համայնքի հայտարությունը, իրավական աջակցության խմբի գործունեությունը, արհմիութենական կազմակերպության, համայնքի ջանքերը։ Հուսով ենք՝ դուք կշարունակեք հարցին հետամուտ լինել»,– հայտարարում է կրթահամալիրը։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը նաև նշում է․ «Մենք ուժի մեջ ենք համարում կրթահամալիրի կառավարման խորհրդի՝ 2026 թ. մարտի 10-ին հաստատած ծախսերի նախահաշիվը՝ ըստ ֆինանսավորման հայտերի, որ ներկայացրել են կրթահամալիրի դպրոցները՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված, կրթահամալիրի կանոնադրությամբ որոշված հանրակրթական ուսումնական հաստատությունները, որոնց վերաբերում է կառավարության 2025 թ. N850-Ն որոշումը։ Ծնողական համայնքը չի կարող թույլ տալ, որ սովորողների-սաների ուսումնառության պայմանագրերով որոշված լրացուցիչ կրթական ծառայությունների համար լրավճարներով ձևավորված ոչ պետական միջոցներն ուղղվեն կրթահամալիրի դպրոցների օրինական հասանելիք պետական հատկացումների պակասը լրացնելուն։ Առանց այն էլ հունվար-մարտին դպրոցների գործունեության ամբողջ ծախսը արվել է ոչ պետական միջոցներով, ինչպես 2025-ի հունվար-մարտին»։

























































