
Լուսանկարը պատրաստել է Աննա Գրիգորյանը
«Խելացի՛ և ուշիմ Թոռնիկ, այժմ պիտի սկսի Պապիկն իր դասերը. ո՛չ վարժատուն է պետք, ո՛չ գրասեղան, ո՛չ թուղթ, ո՛չ գրիչ, ո՛չ մելան, դու տես, թե ո՞ւր պիտի խոսեմ դասերս: Տան մեջ, ախոռի մեջ, դաշտի մեջ, լեռների վրա, աղբյուրների ակունքին, գութանի ժամանակ թե՛ մաճ կառնեմ, թե՛ դասերս կտամ, դու լծի վրայից ականջ անելով՝ խոսքերս լսիր և ձայնով լծկաններին խրախուսիր: Բացված ակոսների պես, ես էլ քո միտքը պիտի հերկեմ ու բանամ: Սերմնացանի ժամանակ, վա՜շ, ինչ սիրուն է. մի կողմից ցորենի հատիկներ և մյուս կողմից դասերս մտքիդ մեջ պիտի ցանեմ: Հունձքի ժամանակ, երբ սարակները հովի տակ նստած մանգաղներն են սրում, ես էլ կնստեմ քո դասը կխոսեմ և կսրեմ քո միտքը: Կալատեղն էլ ի՛նչ հարմար դասարան է. երբ դու կամ նա սայլի վրա կլինես, ես քառեշտը ձեռքիս կշրջեմ կալի շուրջ բոլորը, մի կողմից որան կդարձնեմ և որանիս հետ դասերս կխառնեմ և կալսելով ցորենը հարդից կանջատեմ, դու լցրու ու պահիր այն մտքիդ շտեմարանի մեջ»:
«Պապիկ և թոռնիկ»
Փոխադրությունը՝ Ա. Մադոյանի
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2009

























































