
Լուսանկարը՝ reform.news – ի
Մինսկի դատախազությունը ստուգումներ է իրականացրել 42 մասնավոր կրթական կենտրոններում։ Հաղորդվում է լայնածավալ խախտումների բացահայտման մասին։
Կենտրոնների գրեթե կեսում, ըստ դատախազության, անտեսվել են աշխատակիցների ընդունման հիմնական պահանջները։ 20 կազմակերպությունում աշխատակիցների ընդունելիս չեն ստուգել նրանց տվյալները միասնական պետական իրավախախտումների բազայում, իսկ 5 – ում բացակայել են ուսուցիչների համապատասխան կրթական որակավորումները հաստատող փաստաթղթերը։ Եվս 11 կազմակերպության աշխատակիցներ չեն անցել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություններ։
Խնդիրներ են արձանագրվել նաև կրթական բովանդակության կառավարման ոլորտում։ Իրավապահներն արձանագրել են, որ որոշ կենտրոններ իրենց արտադասարանական ծրագրերը չէին համաձայնեցրել շրջանի կրթության վարչությունների հետ, իսկ որոշ դեպքերում նման ծրագրեր ընդհանրապես չեն եղել։
Խախտումներ են արձանագրվել նաև երեխաների ընդունման գործընթացում։ Կազմակերպությունների կեսում երեխաները ընդունվել են առանց պարտադիր դիմումի, իսկ սպորտային ծառայություններ մատուցող կենտրոնները ոչ միշտ են պահանջել երեխաների առողջական վիճակը հաստատող տեղեկանքներ։
Արձանագրվել են նաև սանիտարահիգիենիկ խախտումներ։ 29 կազմակերպություններում արձանագրվել են խախտումներ՝ կապված արհեստական լուսավորության, անհարմար կահույքի, առաջին օգնության պարագաների բացակայության, կեղտոտ տարածքների, ինչպես նաև երեխաների և աշխատակիցների համար առանձին սանհանգույցների բացակայության հետ։
Դատախազները ներկայացրել են 10 միջնորդագիր և արձակել 21 կարգադրություն։ Սանիտարահիգիենիկ պահանջները խախտած անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության։
Բելառուսը, միջազգային մի շարք կազմակերպությունների գնահատմամբ, երկար տարիներ բնորոշվում է որպես երկիր, որտեղ առկա են համակարգային խնդիրներ ժողովրդավարության, խոսքի ազատության և քաղաքական իրավունքների ոլորտում, և հաճախ արձանագրվում են քաղաքական ճնշումների դեպքեր։
Միևնույն ժամանակ բելառուսական անկախ լրատվամիջոցներում (հիմնականում երկրի սահմաններից) դուրս գործողներում հաճախ է նշվում, որ վերահսկողական կամ իրավապահ գործողությունները, այդ թվում՝ կրթական կամ քաղաքացիական ոլորտում, կարող են ունենալ նաև քաղաքական ենթատեքստ կամ կիրառվել ընտրովի կերպով։ Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհրաժեշտ է առանձին գնահատում։

























































