
Լուսանկարը պատրաստել է Աննա Գրիգորյանը
Նկարիչ, մշակութաբան, փիլիսոփա, «Ռուբիկոն» գեղարվեստական-մշակութաբանական հանդեսի գլխավոր խմբագիր Արա Գուրզադյանը մշտապես կարևորել է արվեստի դերը՝ կրթության մեջ։ Նա իր հարցազրույցներում արվեստը դիտարկում էր որպես հաղորդակցությանյ լեզու՝ ընդգծելով հոգևոր կողմը․
«Մարդու պատմության ամենաառանցքային իրադարձությունը անհատի և անհատական ինքնագիտակցության, անհատական ազատության կայացումն է մարդու անհատական միկրոկոսմի, անհատական մշակույթի ձևավորման տեսանկյունից: Իր զարգացման որոշակի փուլում մարդը միշտ հարկադրված է լինել ընդօրինակողի դերում:
Վերջին 2500 տարիների ընթացքում այդ փաստը տարբեր ելևէջներով գործել է հին հույների արձանագրած «բնությունն ընդօրինակելու» էսթետիկական կարգախոսում, որն ըստ էության սպառվեց XIX դարի վերջի և XX դարի սկզբի գեղարվեստական-մշակութային հեղաշրջումով: XX դարի երկրորդ կեսը նշանավորվեց արվեստի սարսափելի ինտելեկտուալացման սուբյեկտիվ կամայականության, սխալ հասկացված ազատության կոնտեքստում` մի կողմից, և ահռելի կոմերցիալիզացիայով` մյուս կողմից:
Արվեստն աստիճանաբար սկսեց կորցնել իր բուն իմաստը, որովհետև «բնությունն ընդօրինաակելու» սկզբունքին փոխարինելու եկած «իզմերը» ընդամենը կարճատև էքսպերիմենտներ էին, որ ավարտվեցին այսօր գերիշխող արվեստը ինտելեկտուալ գաղափարների և կոնցեպցիաների պատկերազարդում դարձնող տենդենցով:
Եվ առաջացավ մի իրադրություն, երբ գաղափարները հաճախ ավելի հետաքրքիր են, քան դրանք ներկայացնող ստեղծագործությունները: Երբեմն դրանք ներկայանում են բավականին սրամիտ, հնարամիտ և անսպասելիորեն էքսցենտրիկ: Սակայն արվեստի նպատակը բնավ սրամտությունը, հնարամտությունն ու հետաքրքրաշարժությունը չէ: Արվեստի խնդիրը ոչ թե ինչ-որ գաղափարների պատկերազարդումն է, այլ նյութականի այնպիսի փոխակերպությունը, որի հետևանքով ծնվում են գաղափարների նոր կոնֆիգուրացիաներ, նոր հոգեվիճակներ, ոգեղեն նոր լեզուներ` նոր հաղորդակցության և, ի վերջո, հաղորդության համար»:
Արա Գուրզադյան, 2004 թ․
«Հայացք հայացքի հետևում»

























































