
Լուսանկարը՝ theievoice.com – ի
Ամերիկյան Intuit ֆինանսատեխնոլոգիական ընկերության հարցմամբ պարզվել է՝ 2 000 ծնողների 81%-ը նշում է, որ անխուսափելի է երեխաներին ֆինանսական գրագիտություն փոխանցելը։
Intuit-ը ստեղծում է ֆինանսական ծրագրեր և ծառայություններ, որոնք անհատներին և բիզնեսներին օգնում են կառավարել սեփական եկամուտներն ու ծախսերը, վճարել հարկերը և կայացնել ավելի տեղեկացված ֆինանսական որոշումներ։
Հարցվածների ավելի քան մեկ երրորդը (38%) նշել է, որ արդեն երեխաներին ցույց է տալիս իրական ծախսերը՝ բնակարանի վարձ, կոմունալ վճարներ և այլ պարտադիր ծախսեր։
Ծնողները նաև ասել են, որ ավելի հաճախ են երեխաներին ներգրավում առօրյա ֆինանսական որոշումների մեջ։ 66%-ը նշում է, որ ավելի հաճախ է մերժում երեխաների ուզածը գնել, 57% – ը երեխաներին տանում է մթերային գնումների՝ ծախսերի մասին պատկերացում տալու համար, իսկ 35% – ը նշել է, թե բացատրում են վարկերի, կրեդիտ քարտերի և տոկոսների գործարկման սկզբունքները։
Ֆինանսական գրագիտությունը, ըստ փորձագետների, անմիջականորեն կապ ունի մարդու ապագա բարեկեցության հետ․ այն նպաստում է խնայողությունների ավելացմանը, բարձր վարկային վարկանիշին և պարտքերի արդյունավետ կառավարմանը։
Հետևանքները
Wells Fargo-ի 2026 թվականի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ֆինանսական կրթության պակասը հետաձգում է երիտասարդների կյանքի կարևոր փուլերը։
Z սերնդի ներկայացուցիչները հաճախ ուշացնում են տեղափոխվելը կամ ամուսնանալը՝ տնտեսական անորոշության պայմաններում, և շարունակում են կախված մնալ ընտանիքից։
Հարցման համաձայն՝ ծնողների 64% – ի գնահատմամբ, Z սերնդի երեխաները ֆինանսապես կախված են իրենցից՝ բնակարանի, փողի կամ այլ աջակցության հարցում։ Ավելին, այդ ծնողների 56% -ն ընդունում է, որ այս աջակցությունը արդեն ծանրաբեռնում է իրենց սեփական ֆինանսական վիճակը՝ երբեմն նույնիսկ հետաձգելով թոշակի անցնելու ծրագրերը։
Կրթությունը՝ բանալի
Փորձագետներն ընդգծում են՝ լուծումը սկսվում է կրթությունից։ Երեխաների հետ պետք է բաց և համակարգված խոսել փողի մասին՝ սկսած խնայողությունից ու բյուջեավորումից մինչև ներդրումներ և պարտքեր։ Այս մոտեցումը ոչ միայն օգնում է երեխաներին ավելի լավ կողմնորոշվել ապագայում, այլ նաև նվազեցնում է ֆինանսական կախվածության ռիսկերը։

























































