
Լուսանկարը՝ fobizz.com–ի
Ինչու է հիմնական դպրոցներին պետք ապագայի պատկերացում։ Այս հարցը առանձին բաժնով է արտացոլված Ֆինլանդիայի կրթական համակարգի՝ մինչև 2045 թվականի ռազմավարական ծրագրում։
Պետությունը, խորհրդակցելով փորձագետների, մասնագետների, ուսուցիչների, ծնողների և աշակերտների հետ, ռազմավարության մակարդակով է ընդգծում է, որ փաստաթղթով կրթական առաջնահերթություններն ու զարգացման հեռանկարներն ամրագրելու հիմքում արագ և բարդ սոցիալական փոփոխությունների դիտարկումն է։
«Այդ փոփոխությունների հիմնական շարժիչ ուժերն են արհեստական բանականության զարգացումը, հասարակության բևեռացման երևույթները, ինչպես նաև տնտեսական և բնապահպանական կայունության ճգնաժամերը»,– նշված է ֆիննական կրթական համակարգի ռազմավարության մեջ։
Ըստ ռազմավարության, փոփոխությունների տեմպն այնքան արագ է, իսկ ծավալը՝ այնքան մեծ․ օրինակ՝ արհեստական բանականության ոլորտում, որ մեզ շրջապատող աշխարհում տեղի ունեցող նոր իրավիճակները կվերափոխեն նաև դպրոցները, նույնիսկ եթե մենք ոչինչ չանենք։ Որպեսզի այդ փոփոխություններն օգտակար լինեն դպրոցների համար, պետք է գիտակցաբար ուղղորդենք այդ զարգացումը։
Ֆինների համոզմամբ, տնտեսության, աշխատանքի, հասարակության, ժողովրդավարության և էկոհամակարգերի վրա խոր ազդեցություն ունեցող այս վերափոխումները պահանջում են կրթության և ուսուցման նպատակների հասարակական վերաիմաստավորում։
Ռազմավարության մեջ նաև նշված է, որ դպրոցներում փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նաև աշակերտների գիտելիքների և հմտությունների մակարդակի նվազման վերաբերյալ մտահոգություններով։ Զարգացումն ուղղորդելու համար անհրաժեշտ է ունենալ ցանկալի ուղղության հստակ տեսլական,– շեշտված է փաստաթղթում։
Մասնագետները ֆիննական կրթական համակարգի ղեկավարներին կարողացել են բացատրել, որ եթե կրթական համակարգը զարգանում է արագ փոփոխությունների պայմաններում՝ առանց հստակ ուղղության, կա վտանգ, որ այն կձևավորվի հատվածական և արձագանքային կերպով։ Հասարակության, տնտեսության և կարողունակությունների կառուցվածքների հիմքերը ցնցող փոփոխությունները պահանջում են առավել գիտակցված ընտրություն՝ թե՛ ուղղության, թե՛ նպատակի առումով։
Ըստ ռազմավարության, ընթացիկ վերափոխումների պայմաններում երկարաժամկետ տեսլականը պետք է հիմնված լինի կրթության իմաստի և պրակտիկայի վերաիմաստավորման վրա։
Ճգնաժամերը ցույց են տալիս, որ շարունակելով գործել այնպես, ինչպես մինչ այժմ՝ նույնիսկ եթե դա անում ենք ավելի արդյունավետ, չենք կարող հաղթահարել կյանքի անիմաստության՝ աճող զգացումը, բարեկեցության անկումը, էկոլոգիական ճգնաժամը կամ ժողովրդավարության թուլացումը։ Միայն տեխնոլոգիական նորարարությունները նույնպես բավարար չեն՝ լուծելու այն խնդիրները, որոնց արմատները սոցիալական կամ մշակութային երևույթների և պրակտիկաների մեջ են։
Անհրաժեշտ է մարդկային զարգացում։
Ֆինները, որ տասնամյակներ առաջ հասկացել էին տեխնոլոգիաների սրընթաց աճի հնարավորությունը, այժմ կրթական քաղաքականության գլխավոր փաստաթղթում բացատրում են՝ վերջին տասնամյակներն աշխարհում նշանավորվել են տեխնոլոգիական չափազանց արագ զարգացմամբ, սակայն այն խելամիտ կիրառելու համար մենք պետք է արագորեն ըմբռնենք տեխնոլոգիայի՝ մարդու վրա ունեցած ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցությունները, ինչպես նաև դրա հնարավորությունները՝ մարդկային խնդիրների լուծման գործում։
Ռազմավարության հեղինակները հարկ են համարել պարզ բացատրել, որ արհեստական բանականությունը կամ նոր առաջացող այլ տեխնոլոգիաները չեն կարող ծառայել մարդկությանը, եթե մենք չենք հասկանում, թե դեպի ուր ենք շարժվում և ինչպես կարող է տեխնոլոգիան լավագույնս ծառայել մարդկության նպատակներին։
Հասարակական մարտահրավերներն ու տեխնոլոգիայի բազմաշերտ ներուժը, ըստ ֆիննական փաստաթղթի, ընդգծում են սոցիալական առաջընթացի անհրաժեշտությունը։
Դպրոցներն առանցքային դեր ունեն հասարակական վերափոխման մեջ․ ուսուցումը մարդկային տեսակի զարգացման հնարավորություն է։
Որքան էլ արագ փոփոխվող գլոբալ իրավիճակում ապագայի կանխատեսումը դառնում է ավելի ու ավելի դժվար, սակայն՝ առավել անհրաժեշտ։
Ուստի, ռազմավարության հեղինակները պնդում են՝ հստակ տեսլականը կարող է օգնել մեզ օգտվել արագ փոփոխվող աշխարհում առաջացող անսպասելի հնարավորություններից։
Այսպիսով, տեսլականը հանդես է գալիս որպես զարգացման «կոմպաս»՝ օգնելով բացահայտել այն հնարավորությունները, որոնք հակառակ դեպքում կարող էին չօգտագործվել։ Այն գործիք է, որը աջակցում է որոշումների կայացմանը փոփոխվող պայմաններում և օգնում ձևավորել ցանկալի ապագան,– այսպես են 20–ամյա կտրվածքով կրթական ռազմավարության հեղինակները բացատրում, թե ինչու է պետք կրթությունը ծրագրել մտածված։

























































