
Լուսանկարը` BBC-ի
Եթե Մեծ Բրիտանիայում հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաներին աջակցող համակարգը չբարեփոխվի, մինչև 2029 թվականը կառավարությունը ստիպված կլինի ծախսել տարեկան լրացուցիչ 3 միլիարդ ֆունտ (մոտ 3.8 միլիարդ դոլար), նախազգուշացնում է Ֆիսկալ ուսումնասիրությունների ինստիտուտը։
Ներկայում այս նպատակով ծախսվում է 12 միլիարդ ֆունտ (մոտ 15.2 միլիարդ դոլար), ինչը վերջին տասնամյակում աճել է 66 տոկոսով։ Դպրոցներում հատուկ կարիքի աջակցություն ստացող երեխաների թվի աճը, ըստ ինստիտուտի, հանգեցրել է «ծախսերի կտրուկ և շարունակական բարձրացման»։
Ներկայում Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր հինգերորդ աշակերտը՝ շուրջ 1.7 միլիոն երեխա, ստանում է որևէ տեսակի աջակցություն, նրանցից 482,000-ը՝ անհատական ծրագրերով։ Մեծ ծախսերը հարյուրավոր միլիոն ֆունտի պարտքերի մեջ են գցել տեղական խորհուրդներին, որոնց ընդհանուր պարտքը կարող է հասնել 5 միլիարդ ֆունտի (մոտ 6.3 միլիարդ դոլար)։
Տեղական իշխանությունների ասոցիացիան կոչ է անում այդ պարտքը զրոյացնել՝ «կայուն ֆինանսական հիմք ապահովելու» համար։ Իսկ կրթության նախարարը վստահեցրել է, որ «լրացուցիչ աջակցության իրավունքը միշտ կմնա օրենքով պաշտպանված»։

























































