
Լուսանկարը՝ Յոնաս Լինդքվիստի
Արժեքահեն կրթությունը չի կարող սահմանափակվել միայն «գիտելիքի» փոխանցմամբ, այն ենթադրում է համատեղ աշխատանք՝ դպրոցների, ընտանիքների, պետական մարմինների և համայնքի ընդգրկմամբ։ Այդ համագործակցության կարևոր և, ցավոք, քիչ քննարկվող բաղադրիչներից մեկը ոստիկանության հետ արդյունավետ համագործակցությունն է։
Ոստիկանության գործը
Շվեդիայում սովորական երևույթ է, որ դպրոցները տարվա ընթացքում մի քանի անգամ հաղորդագրություններ են ուղարկում ծնողներին՝ հրավիրելով մասնակցելու ոստիկանության հետ հանդիպումների։ Դրանք կազմակերպում են համայնքային կամ մունիցիպալ ոստիկանության ներկայացուցիչները և ունեն հստակ նպատակ՝ ներկայացնել տվյալ բնակավայրի իրավիճակը՝ քննարկելով տեղի ունեցած դեպքերը և խոսել այն ռիսկերից, որոնց մասին ծնողները պետք է տեղեկացված լինեն։
Այս հանդիպումների ընթացքում ոստիկանությունը հաճախ ներկայացնում է, թե ինչ է իրականում տեղի ունենում տվյալ տարածքում՝ առանց խուճապ առաջացնելու, բայց նաև առանց խնդիրները թաքցնելու։ Խոսքը կարող է լինել դեռահասների շրջանում տարածված որոշ վարքագծերի մասին, օրինակ՝ վանդալիզմ, փոքր գողություններ, թմրամիջոցների օգտագործման ռիսկեր կամ առցանց վտանգներ։ Կարևորն այն է, որ տեղեկատվությունը ներկայացվում է բաց և հասկանալի, որպեսզի ծնողները կարողանան ճիշտ ընկալել իրավիճակը և համապատասխան քայլեր ձեռնարկեն։
Այս հանդիպումները միայն տեղեկատվական չեն։ Դրանք նաև կրթական բնույթ ունեն։
Ոստիկանությունը հաճախ խորհուրդներ է տալիս՝ ինչին ուշադրություն դարձնել երեխաների վարքում, ինչպես նկատել հնարավոր վտանգի նախանշանները և ամենակարևորը՝ ինչպես արձագանքել տարբեր իրավիճակներում։
Օրինակ՝ ինչ անել, եթե երեխան տուն է գալիս անհանգիստ կամ անսովոր պահվածքով, կամ եթե ծնողը կասկածում է, որ երեխան կարող է ներգրավված լինել ռիսկային խմբերի մեջ։ Այս խորհուրդները ոչ թե տեսական են, այլ՝ հիմնված իրական դեպքերի և փորձի վրա, ինչն էլ դրանք դարձնում է առավել արժեքավոր։
Հատկանշական է նաև, որ այս հանդիպումները կառուցված են երկխոսության վրա։ Ծնողները հնարավորություն ունեն հարցեր տալու, կիսվելու իրենց մտահոգություններով և քննարկելու կոնկրետ իրավիճակներ։ Այսպիսով, ձևավորվում է վստահության մթնոլորտ, որտեղ ոստիկանությունը ընկալվում է ոչ թե որպես պատժող կառույց, այլ որպես գործընկեր, որն աջակցում է ընտանիքներին և դպրոցին։
Դպրոցի դերը
Դպրոցի դերը այս գործընթացում անչափ կարևոր է։ Նախ, հենց դպրոցներն են կազմակերպում հանդիպումները։ Բացի այդ, հանդես են գալիս որպես կապող օղակ ընտանիքների և համայնքային կառույցների միջև։ Երբ որևէ մտահոգիչ կամ կարևոր դեպք է տեղի ունենում, դպրոցը կարող է արագ արձագանքել և կազմակերպել լրացուցիչ հանդիպում։ Սա ցույց է տալիս, որ համակարգը ճկուն է և կարողանում է հարմարվել իրավիճակին՝ առաջնահերթ համարելով կանխարգելումը։
Կանխարգելումը այս համակարգի հիմնական գաղափարն է։ Կարևոր է ոչ թե սպասել մինչև խնդիր առաջանա և հետո փորձել լուծել այն, այլ հնարավորինս վաղ փուլում կանխել դրա զարգացումը։ Այս տեսանկյունից ոստիկանության և ծնողների համագործակցությունը դառնում է առանցքային գործոն։ Երբ ծնողները տեղեկացված են, նրանք ավելի վստահ են իրենց գործողություններում և կարողանում են ավելի լավ աջակցել իրենց երեխաներին։
Այսպիսի հանդիպումները նաև նպաստում են համայնքային մտածողության ձևավորմանը։ Ծնողները սկսում են ոչ միայն իրենց երեխայի մասին մտածել, այլ նաև հասկանալ, որ իրենք մաս են կազմում ավելի լայն միջավայրի, որտեղ յուրաքանչյուրի վարքը կարող է ազդել մյուսների վրա։
Քաղաքացու ձևավորումը
Հետաքրքիր է նաև, որ այս փորձը ցույց է տալիս կրթության լայն ընկալումը Շվեդիայում։ Կրթությունը այստեղ միայն ակադեմիական գիտելիքների փոխանցում չէ, այլ նաև սոցիալական և քաղաքացիական արժեքների, հմտությունների զարգացում։ Երբ ծնողները ներգրավված են նման գործընթացներում, նույնպես դառնում են այդ կրթական համակարգի ակտիվ մասնակիցներ։
Եթե փորձենք այս մոդելը դիտարկել այլ երկրների համատեքստում, կարող ենք տեսնել, որ նման համագործակցությունը հաճախ բացակայում է կամ սահմանափակ է։ Շատ դեպքերում դպրոցը և ընտանիքը գործում են առանձին, իսկ ոստիկանությունը գործի է անցնում միայն իրավախախտման փաստի դեպքում։
Շվեդական փորձը ցույց է տալիս, որ ավելի արդյունավետ է միասին և նախապես աշխատելը։
ՄՀԿ ՀԿ համահիմնադիր
Ստոկհոլմի Վալդորֆյան դպրոցի ուսուցիչ
Ստոկհոլմի համալսարանի միջազգային և
համեմատական կրթության ֆակուլտետի մագիստրոս






















































