Լուսանկարները՝ The Guardian պարբերականի
Մեծ Բրիտանիայում գործող մասնավոր երաժշտական կրթության ծառայություններ մատուցող Totally Rad ընկերությունը քննադատել են ծնողները և ուսուցիչները։ The Guardian-ը պարզել է, որ բազմաթիվ դպրոցներում ու ընտանիքներում դասերը հաճախ չեղարկվել են, ծնողները ստացել են վճարային պահանջներ նույնիսկ չանցկացված դասերի համար։ Մի դեպքում մեկ ընտանիքին 17 օրվա ընթացքում ուղարկվել է 24 վճարման ծանուցում։
Ընկերությունը նաև վարձել է ուսուցիչների, ովքեր չունեին ոչ միայն երաժշտություն դասավանդելու փորձ, այլև հատուկ կարիքներով երեխաների հետ աշխատանքի հմտություններ։ Օրինակ՝ աուտիզմով աշակերտների համար նախատեսված դպրոցում դասեր անցկացնող անձը պարզապես ուղարկել էր իր տեսագրությունը՝ կիթառ նվագելիս, և ընդունվել որպես մասնագետ։ Այդ դպրոցում դասերը ստիպված է եղել վերահսկել դպրոցի մշտական ուսուցիչը՝ խուսափելու համար անկարգ իրավիճակներից։
Միևնույն ժամանակ, ընկերության հետ աշխատող ազատ մասնագիտությամբ երաժշտություն դասավանդողները բողոքում են ուշացած կամ չվճարված աշխատավարձերից։
Հանրային հարթակներում Totally Rad-ը փորձել է ժամանակավորապես թաքցնել քննադատական արձագանքները՝ վերանվանվելով գոյություն չունեցող ձիավարության ընկերության անունով։
Սկանդալի կենտրոնում հայտնվածկազմակերպությունը մոտ £100,000 (մոտ 49 միլիոն ՀՀ դրամի չափ) պետական միջոց է ստացել British Business Bank-ի միջոցով, սակայն պետական մարմինների վերահսկողության կամ արձագանքի առումով դեռ հայտնի փաստեր չկան։
Այս պատմությունը Մեծ Բրիտանիայում կրկին բարձրացրել է հարցեր՝ արդյոք դպրոցական երաժշտական կրթությունը պետք է հանձնել մասնավոր ծառայությունների, թե՞ անհրաժեշտ է պետական կառույցների միջոցով ապահովել որակն ու հավասար հասանելիությունը։
Դեռ 2022 թվականին բրիտանական կրթության վերահսկողություն իրականացնող մարմինը «Գտնել ճիշտ նոտան» զեկույցում նշել էր, որ բրիտանական դպրոցներում երաժշտական կրթությունը շարունակում է ունենալ որակի լուրջ անհավասարություններ և պահանջում է համակարգային բարելավում։

























































