Տեսանյութը տրամադրել է «Մենք» կրթամշակութային ՀԿ – ն
Այսօր մենք կրթությունը հաճախ կապում ենք գիտելիքի, հմտությունների, քննությունների հետ։ Բայց կա մի շերտ, որը գրեթե դուրս է մնացել կրթական համակարգից՝ մշակութային գրագիտությունը։
Քանի՞սն են այսօր կարողանում բացատրել, թե ինչ է նշանակում հայկական ազգային պար։ Ոչ թե պարզապես կրկնել շարժումները, այլ հասկանալ՝ ինչու է այն կատարվում, ինչ է խորհրդանշում, ինչ պատմություն է փոխանցում։
Հայ ժողովրդի էթնիկ պարերը երբեք պարզապես շարժումների շարք չեն եղել։ Այլ՝ կենդանի «դասագրքեր», որոնց շնորհիվ փոխանցվել են արժեքներ, սոցիալական հարաբերություններ, կյանքի փուլերի իմաստավորում։
Մշակութային գիտելիք
Երբ մշակութային տարրերը դուրս են մնում կրթությունից, մարդը կորցնում է ոչ միայն գիտելիք, այլ նաև իր ինքնությունն ընկալելու գործիքները։ Եվ հակառակը՝ երբ մշակույթը վերադառնում է որպես ուսուցման նյութ, այն դառնում է մտածելու, հասկանալու և տարբերելու հզոր միջոց։
Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն են ստանում ոչ ֆորմալ կրթական նախաձեռնությունները, որոնք փորձում են վերականգնել մշակութային գիտելիքի փոխանցումը։
Այդպիսի նախաձեռնություններից է «Մենք» ազգային պարի խմբի Պարախոսությունների շարքը, որը կառուցված է որպես ինտեգրված ուսուցման ձևաչափ՝ համադրելով տեսական (պատմություն, սիմվոլիկա) և գործնական (շարժում, փորձառություն) բաղադրիչները։
Ապրիլի 17-ի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում հանդիպման մասնակիցները ծանոթացան Շավալի և Խոշ Բիլազիգ պարերին՝ փորձելով դրանք ընկալել որպես մշակութային տեքստեր, այլ ոչ միայն շարժումների հաջորդականություն։
Այս անգամ բուն պարախոսությանը նախորդեց «Մենք»-ի պարերի բեմական ներկայացումը, որն էլ պարերը դարձրեց առավել տպավորիչ և զգայականորեն ընկալելի։
Շավալի պարը, որը կատարվել է հարսանեկան միջավայրում, իր կառուցվածքով և շարժումներով արտահայտում է անցումային վիճակ՝ անձի տեղափոխությունը մեկ սոցիալական կարգավիճակից մյուսը։ Այստեղ շարժումները հաճախ ունեն զսպվածություն և ներքին լարվածություն, որը բնորոշ է հենց այդ «անցման» փուլին։
Պարերի իմաստները
Միաժամանակ, Շավալի անվան ստուգաբանությունը, ըստ որոշ մեկնաբանությունների, կապվում է շփոթված, անորոշ վիճակի հետ։ Սա համընկնում է այն հոգեբանական իրավիճակի հետ, որում հայտնվում էին հատկապես աղջկա հարազատները հարսանիքի ժամանակ՝ երբ սկսվում էր խնամիների պարը։
Ստեփան Թորոյանը մանրամասն ներկայացրեց պարի ծագումն ու գործառույթը՝ նշելով, որ Շավալին Կարինի շրջանի հարսանեկան պարերից է, որը հայտնի է նաև որպես խնամիների պար։ Այն պարել են աղջկա բարեկամները՝ իրենց հարգանքը ցուցադրելով նորաստեղծ ընտանիքի նկատմամբ։
Ի տարբերություն Շավալիի՝ Խոշ Բիլազիգ պարի տրամադրությունն այլ է։ Այն ավելի բաց, շարժուն և հաղորդակցական է՝ կապված համայնքի ընդունման, օրհնության և համախմբման գաղափարի հետ։
Պարի անվանումը գալիս է պարսկերենից և նշանակում է «գեղեցիկ թևնոց, ապարանջան», ինչը հայկական պարային մշակույթում հազվադեպ չէ, քանի որ բազմաթիվ պարանվանումներ ունեն ոչ հայկական լեզվական ծագում։ Այս պարում գերակշռում է կենսուրախությունն ու միասնականությունը` հարսանեկան ծեսը դարձնելով է ոչ միայն երկու անձանց միություն, այլ նաև համայնքի շրջանում հաստատված իրադարձություն։
Տեսանյութը տրամադրել է «Մենք» կրթամշակութային ՀԿ – ն
Պարախոսության հաջորդ փուլում մասնակիցները հնարավորություն ունեցան գործնականում սովորել պարերը։ Պարում էին բոլորը՝ անկախ տարիքից և պատրաստվածությունից՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ հայկական ազգային պարը տարիքային սահմանափակում չունի․ կարևորը այն զգալն է։
Տեսանյութը տրամադրել է «Մենք» կրթամշակութային ՀԿ – ն
Հանդիպումն ավարտվեց հայկական ամենասիրված ուտեստներից մեկի՝ բրդուջի հյուրասիրությամբ, ինչը ևս խորհրդանշական էր։ Ինչպես նշեց Ստեփան Թորոյանը, «մի կտոր հաց կիսելուց հետո անհատներից համայնք է ձևավորվում, ես – ը դառնում է մենք»։
Եվ գուցե հենց այստեղ է այս նախաձեռնության գլխավոր արժեքը՝ մշակույթը ոչ միայն սովորեցնելը, այլև ապրեցնելն է՝ մարդկանց վերածելով համայնքի, որը գիտակցում է իր ինքնությանը։










