
Լուսանկարը՝ «Սիսակյան կենտրոն»–ի
1940 – 1950 – ական թվականներին, երբ ԽՍՀՄ պետությունների կառավարությունները խիստ վերահսկողության տակ էին, ԽՍՀՄ ԳԱ գիտական քարտուղար, ակադեմիկոս Նորայր Սիսակյանի նամակագրությունը բացահայտում է մի ամբողջ գիտական ցանց, որտեղ նա, որպես հիմնական ուղղորդող և աջակից, մշտապես պայքարում էր հայկական գիտական միտքը մեկուսացումից փրկելու և զարգացման հնարավորություն ստեղծելու համար։
Կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանը 1948 թ. Ապրիլի 8–ին Նորայր Սիսակյանին գրում էր․
«Սիրելի՛ Նորիկ, շնորհակալություն ուղարկված ամինաթթուների համար. դրանք մեզ շատ անհրաժեշտ են։ Շնորհակալ եմ նաև, որ հետևում ես իմ աշխատանքների տպագրման ընթացքին։ Առաջին աշխատանքի սրբագրությունը ստացա և ուղարկեցի հետ։ Եթե դժվար չէ, տեղեկացի՛ր մյուս աշխատանքների տպագրության մասին։ Նորի՛կ ջան, եթե դարձյալ գտնես արժեքավոր ռեակտիվներ, դու գիտես, թե որոնք են ինձ անհրաժեշտ՝ հատկապես եթե լինի գլուտաթիոն, շատ եմ խնդրում, ուղարկիր ինչ-որ մեկի հետ։ Մեզ մոտ՝ Ակադեմիայում, ստացել են մեծ քանակությամբ լավ ապակիներ, բայց սարքավորումների և ռեակտիվների հարցում վիճակը շատ վատ է»։
Գինեգործ, կոնյակագործ, տեխնոլոգ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Լևոն Ջանփոլադյանը 1949 թ. օգոստոսի 23 – ին Նորայր Սիսակյանին գրել է․
«Նախորդ այցելության ժամանակ Դուք դրական էիք արտահայտվել կոնյակի սպիրտների հնեցման գործընթացում ուլտրաձայնի ազդեցության փորձարկման վերաբերյալ։ Այստեղ այդպիսի սարքավորում հավաքել չհաջողվեց (չափազանց բարձր գին պահանջեցին)։ Ի՞նչ խորհուրդ կտաք, Նորայր Մարտիրոսիչ, արժե՞ արդյոք նմուշներով գալ Մոսկվա։ Եթե այո, ապա ես կգայի աշնանը՝ փորձը կատարելու համար։ Ինչպես և սպասվում էր, կոնյակի խորը շերտերում թթվածինն ավելի քիչ է, քան մակերեսային շերտերում։ Այժմ գործարանի նկուղներում ուսումնասիրվում է օդում սպիրտի պարունակությունը։ Այս աշխատանքների մասին մանրամասն շարադրում եմ նախևառաջ այն պատճառով, որ դրանք իրականացվում են Ձեր լաբորատորիայում, և նաև այն պատճառով, որ ես ունեի Ձեր սիրալիր խոստումը՝ օգնելու մեզ մեր աշխատանքում։ Մենք բոլորս հույս ունենք, որ աշնանը Դուք կգաք Երևան։ Լաբորատորիայի բոլոր աշխատակիցները Ձեզ ողջույններ են հղում»։
Կենսաբան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Պողոսյանը 1949 թ. Սեպտեմբերի 15 – ի նամակում գրում է․
«Երկրորդ անգամ դիմում եմ քեզ օգնության համար. հենց այնպիսի օգնության, որ առանց քեզ մշտապես զգացվի քո ներկայությունը։ Դրա համար դու գիտես՝ ինչ է պետք անել. թեմատիկայի և հետազոտության օբյեկտի ճիշտ ընտրություն, որպեսզի մենք այս հարցում չսխալվենք։ Ես համոզված եմ, որ այս նյութի հիման վրա կարելի է կրթել երիտասարդ հետազոտող-կենսաքիմիկոսների մի ամբողջ խումբ, որոնք կկանգնեն գենետիկական գիտության ակունքներում։ Այժմ քեզ մի խնդրանք ունեմ. մինչև քո գալուստը նախանշել աշխատանքի մի փոքր պլան, որպեսզի ընդգրկենք ամենակարևորը»։
Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Գագիկ Դավթյանը 1949 թ. հունիսի 21 – ին Երևանից գրում է․
«Սիրելի՛ Նորիկ ջան, ես վաղուց քեզ չէի գրել։ Բանն այն է, որ այստեղ՝ գյուղատնտեսական գիտությունների բաժանմունքում, մենք բարդ ժամանակներ ենք ապրում։ Նորի՛կ ջան, եթե իմանայիր, թե որքան ունեմ քեզ հետ հանդիպելու կարիք, որքան կցանկանայի լսել քո խելացի, անկեղծ, ջերմ ու անշահախնդիր խորհուրդները»։
Սիսակյանը, լինելով ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի գլխավոր գիտքարտուղար, հայաստանյան գիտության համար այն հանգույցն էր, որի միջոցով գիտական հնարավորությունները վերածվում էին իրական աշխատանքների, իսկ անհատական խնդրանքները՝ համակարգային լուծումների։
Նորայր Սիսակյանի գործունեության վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են mediaforedu.am–ի և «Սիսակյան կենտրոնի» համագործակցությամբ։





















