«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!


Լուսանկարը՝ iravaban.net-ի
Աշխատանքները բացարձակապես չեն բավարարում էսսեի չափորոշչային պահանջներին, դրանք հիմնականում հանձնարարված նյութի պարզ արտագրություններ են։
2025 թվականի սեպտեմբերի 11-ին Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց բազմաչարչար ՀՀ օրենքը «Բարձրագույն կրթության և գիտության մասին»: Բազմաչարչար, քանի որ այս օրենքը քննարկվում, մշակվում ու լրամշակվում է շուրջ 10 տարի։ Ավելին՝ օրենքը դեռ 2021 թվականի մարտին Ազգային Ժողովն ընդունել էր, սակայն այն ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, թերևս որոշակի խնդիրներ տեսնելով, չստորագրեց ու չհրապարակեց, այլ ուղարկեց Սահմանադրական դատարան։
2021 թվականի օգոստոսի 2-ի ՍԴ 1608 որոշմամբ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը ճանաչեց Սահմանադրությանը հակասող։
Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրվեց, որ ընդունված օրենքը խնդիրներ ունի բուհական ինքնավարության սկզբունքի հետ։
Սահմանադրական դատարանը մասնավորապես անդրադարձել էր հանրային բուհի կառավարման (հոգաբարձուների) խորհրդի ձևավորման կարգին, ըստ որի՝ 9 անդամներից 5-ին նշանակում էր կրթության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարի։ Ըստ այդմ, լիազոր մարմնի ղեկավարի կողմից բուհի կառավարման խորհրդի մեծամասնության նշանակման հանգամանքն էական հակադրության մեջ է բուհի ինքնավարության սկզբունքի հետ։ Այս հիմքով օրենքն ուժի մեջ չմտավ, և ԿԳՄՍ նախարարությունը ստիպված եղավ շարունակել աշխատել օրենքի նախագծի վրա։
Տարբերությունները
Առաջին և հիմնական տարբերությունը նախկին և նոր օրենքներով կարգավորվող ոլորտներն են․ նոր օրենքը կոչվում է «Բարձրագույն կրթության և գիտության» մասին ՀՀ օրենք, այն է թե՝ մեկ օրենքով կարգավորվում են թե՛ բարձրագույն կրթության, թե՛ գիտության ոլորտները։ Նախկին օրենքը կարգավորում էր բարձրագույն և հետբուհական կրթությունը, իսկ գիտության ոլորտը կարգավորվում էր առանձին օրենքով՝ «Գիտության և գիտատեխնիկական գործունեության մասին»։
Այս փոփոխությունը առաջին հայացքից կարող է տեխնիկական թվալ, սակայն ամենևին այդպես չէ․ նոր օրենքով էական փոփոխություններ են նախատեսվում գիտության, գիտական կառույցների ու կազմակերպությունների ճակատագրի մասով՝ դրանք հիմնականում միավորվելով բուհերի կազմում։ Նախատեսվում է, որ ստեղծվելու է նոր տեսակի բուհ՝ հետազոտական համալսարան։ Մինչդեռ, ներկայումս գործող գիտական կազմակերպությունների հիմնական մասը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) կազմում գործող ինստիտուտներ են։ Լրջագույն փոփոխություն է սպասում ԳԱԱ-ի մասով։
Բացի նրանից, որ ԳԱԱ-ն, ըստ էության, կորցնում է իր ենթակայության ինստիտուտները, էական փոփոխության է ենթարկվելու ԳԱԱ կարգավիճակը՝ օրենքով սահմանված հատուկ կարգավիճակ ունեցող, ինքնակառավարվող բարձրագույն գիտական կազմակերպությունից վերակազմակերպվելով ինքնակառավարվող հիմնադրամի։
Նոր օրենքով, ԳԱԱ ղեկավար մարմնի՝ նախագահության կազմի ու դրա ձևավորման հետ կապված նոր կարգավորումներ են սահմանվել։
Մասնավորապես, ըստ նոր օրենքի՝ ԳԱԱ նախագահությունը կազմված է լինելու 11 անդամից, որի անդամների անվանական կազմը հաստատում է հիմնադիր մարմնի ղեկավարը (ՀՀ կառավարության ղեկավարը)։ ՀՀ նախագահը գլխավորում է ԳԱԱ նախագահությունը, որի անդամներից 2-ին առաջարկում է ՀՀ կառավարությունը, իսկ մյուսներին ընտրում են ակադեմիայի անդամները։ Եվ վերջապես նոր օրենքով կառավարությունն է հաստատում ԳԱԱ նախագահի ընտրության արդյունքները։ Մինչդեռ ԳԱԱ մասին գործող օրենքով, կառավարությունը ԳԱԱ կառավարման մարմինների ձևավորման, ԳԱԱ նախագահի ընտրության արդյունքների հաստատման լիազորություն չունի։
Կադրեր
Գիտության և մասնավորապես գիտական կադրերի պատրաստաման ուղղությամբ ևս լրջագույն փոփոխություն է սպասվում։
Խորհրդային ժամանակներից գործող գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգը՝ գիտության թեկնածու և գիտության դոկտոր, փոխվում է միաստիճան համակարգի։
Այսուհետ բոլոր նրանք, ովքեր ունեն գիտական աստիճան, համարվելու են գիտության դոկտորներ, այսպես կոչված՝ PhD-ներ:
Ինչքանո՞վ է սա նպաստելու գիտական կադրերի պատրաստման արդյունավետությանը մասնավորապես և գիտության զարգացմանը ընդհանրապես, դեռ մեծ հարց է։ Կարելի է ենթադրել, որ գործող դոկտորներին այս «միաստիճանացումը» պետք է որ դուր չգա ոչ միայն էմոցիոնալ, այլ հենց ռացիոնալ իմաստով․ երկաստիճանից միաստիճանի անցման ընդդիմախոսները, որպես հիմնական խնդիր, դիտարկում են գիտությանբ զբաղվելու մոտիվացիայի անկումը։ Այս մտահոգությունը հիմնավորվում է նրանով, որ թե՛ պատմականորեն, թե՛ գործնականում գիտության թեկնածուի աստիճանին արժանանալը՝ թեկնածուական ատեսախոսություն պաշտպանելը, շատ ավելի հեշտ է, քան դոկտորականը։ Հետևաբար «իրական» գիտությունը հենց թեկնածուականից դոկտորականի անցման ճանապարհին է։ Մինչդեռ նրանք, ովքեր նոր են պատրաստվում գիտական աստիճան ունենալուն, պետք է որ ողջունեն այս քաղաքականությունը։
Միաժամանակ հայտնի է նաև, որ, ըստ էության, աշխարհի մեծ մասը հենց միաստիճան համակարգով է աշխատում՝ առավելապես անգլո-ամերիկյան ձևով, իսկ երկաստիճան համակարգը մնացել է հետխորհրդային որոշ երկրներում՝ ՌԴ-ում, Բելառուսում և այլն։ Մինչդեռ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան արդեն անցել են միաստիճան համակարգին կամ անցումային փուլում են։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ եվրոպական որոշ, հատկապես ոչ անգլախոս երկրներում (Գերմանիա, Ֆրանսիա, Ավստրիա և այլն), ևս գործում է յուրօրինակ երկաստիճան համակարգ՝ PhD և Doctor of Habilitation (Dr.habil)։
Ակադեմիական քաղաք
Նոր օրենքի 42 – րդ հոդվածը վերաբերում է Ակադեմիական քաղաք «մեգա» նախագծին։ Օրենքի նախագծի հանրային քննարկման փուլում սա թերևս ամենամեծ ուշադրության արժանացած և ոչ միանշանակ ընդունված նորամուծությունն է։
Հասկանալի է, որ խնդիրը զուտ գաղափարի մեջ չէ․ տարբեր երկրներում վաղուց նմանօրինակ «քաղաք»-ներ կամ ավաններ կան ու բավականին արդյունավետ գործում են։ Խնդիրն այն է, թե որտեղից է ծագում նմանօրինակ նախագիծը արդեն իսկ «Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիր» ՀՀ օրենքով և այլ ենթաօրենսդրական ակտերով ամրագրելուց ու փաստացի մեկնարկելուց հետո նոր օրենքով առանձին ամրագրելու անհրաժեշտությունը։
Մյուս խնդրահարույց կողմը՝ «քաղաք»-ի տեղակայումն է։
Եթե մի պահ ընդունենք, որ այն, ինչ կառավարությունը, ԿԳՄՍ նախարարությունը և մյուս շահագրգիռ կողմերը որպես հիմնավորում ներկայացնում են, թե ավելի արդյունավետ բարձրագույն կրթություն ու գիտություն ենք ունենալու, ապա ինչո՞ւ չգնալ ավելի «մեգա» նպատակների իրականացման:
Մասնավորապես՝ ապահովել հանրային միջոցների և ջանքերի ներդրման առավելագույն արդյունավետություն և այդ «քաղաք»-ը կառուցել մարզային որևէ կենտրոնի մոտ: Օրինակ՝ Գյումրիի կամ Վանաձորի տարածքում՝ դրանով իսկ զարգացման հավելյալ խթան տալով մարզերին, նպաստելով տարածքների զարգացման համաչափությանը։ Առավել ևս, երբ տարածքային համաչափ զարգացումը որպես արժեք և սկզբունք է նշված «ՀՀ Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիր» ՀՀ օրենքում հետևյալ ձևակերպմամբ․ «․․․տարածքային համաչափ զարգացում, որը կայուն զարգացման կարևոր նախադրյալ է: Կրթության համակարգում հավասարության ապահովումը և տարածքային անհամաչափ զարգացման մեղմումը պետք է լինեն իրականացվող քաղաքականության անկյունաքարային սկզբունքները.․․» (78-րդ հոդված, 7-րդ կետ):
Հատկապես, որ Երևանը առանց այդ էլ գերծանրաբեռնված է, և այդօրինակ մեծ քաղաքաշինական ծրագիր իրականացնելն (թեկուզ և ծայրամասում) ամենայն հավանականությամբ եղած խնդիրը միայն վատթարացնելու է։
Կլաստերներ
«Ակադեմիական քաղաքի» ամենամեծ խնդիրը նույնիսկ սա էլ չէ, այլ դեռևս օրենքի նախագծի մշակման և հանրային տարբեր քննարկումների փուլում ձևավորված այն ընկալումը, որ հանրային (պետական) բուհերը կլաստերավորվելուց հետո պետք է տեղակայվեն Ակադեմիական քաղաքում, և դրանից դուրս բուհական նոր ենթակառուցվածքների ստեղծումն արգելվում է՝ բացառության որոշ դեպքերի։ Բուհերի և համապատասխան այլ ենթակառուցվածքների կլաստերավորման և «Ակադեմիական քաղաքում» տեղափոխելու իրավական հիմքը «Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրիր» ՀՀ օրենքի 86-րդ կետի 15-րդ ենթակետն է՝ «Կստեղծվեն 100% պետական ֆինանսավորմամբ մինչև ութ բուհ՝ չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը»: Բացի այդ՝ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի 1802-Լ որոշմամբ ընդունված «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը։
Հայեցակարգի 18-րդ կետը հետևյալ կերպ է ձևակերպված. «Ակադեմիական քաղաքի տարածքները նախատեսվելու են այն տրամաբանությամբ, որ հնարավորություն ունենան ֆիզիկապես տեղակայել մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև 8 պետական խոշորացված բուհ և մինչև 8 մասնավոր կամ միջազգային բուհ»։
Խնդիր
Վերը նշվածը կարծես լավ հեռանկարներ չի խոստանում մարզային բուհերի համար։ Ավելին, սրա մասին վարչապետ Ն․Փաշինյանն էր հայտարարել 2024 թվականի մարտի 13-ին Դիլիջանում կայացած ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին՝ ասելով․ «․․․Ի վերջո, Երևան քաղաքում երկարաժամկետում պետք է ոչ մի բուհ չլինի, և Ակադեմիական քաղաքից դուրս պետք է ոչ մի բուհ չլինի: Հանրապետության բոլոր բուհերը՝ հայաստանյան, թե օտարերկրյա, մասնավոր, թե պետական, պետք է գործեն միայն Ակադեմիական քաղաքում․․․»։
2024 թ․ հունվարին ACSES վերլուծական կենտրոնի «Ակադեմիական քաղաքի «ուրվականը»․ արդյոք ընտրված է քաղաքականության լավագույն տարբերակը» քաղաքականության համառոտագրում, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձ է արվում նաև հենց այս սահմանափակմանը՝ ներկայացնելով աշխարհում հայտնի ակադեմիական քաղաքների / կլաստերների օրինակներ, որոնց պարագայում նմանօրինակ սահմանափակում չի գործում։
Կրթության փորձագետ, հասարակագետ
Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հետբուհական կրթությունը բյուջեի լեզվով․ ֆինանսավորման թափանցիկություն և հաշտվողականություն» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Կրթություն և որակ
Դպրոցի ճամփան
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Տնօրենի քրեական պատասխանատվությունը 12.11.2025
- Ծնողների կրթությունն ազդում է երեխաների վրա 12.11.2025
- Էսսեների գնահատման բաղադրիչները 11.11.2025
- Ատեստավորումը կշարունակվի մինչև նոյեմբերի 30-ը 11.11.2025
- Տնօրենը կմնա տնային կալանքի տակ 10.11.2025
- Տնօրենի կալանքի հարցը դատարանում է 10.11.2025
- Բրիտանացիների նոր դասացուցակը 07.11.2025
- Առցանց քննարկման հրավեր 06.11.2025
- Ուսուցիչների ատեստավորման կանաչ կոճակը 06.11.2025
- Սինգապուրի ուսուցիչների ժամանակը 05.11.2025












































