
Լուսանկարը՝ BBC – ի. Getty Images
Եվրոպական միության երկրներում նախադպրոցական կրթության մասնակցությունը շարունակում է աճել։
2024 թվականին 3 տարեկանից մինչև պարտադիր տարրական կրթության մեկնարկային տարիք ունեցող երեխաների 95%-ը ներգրավված է եղել նախադպրոցական կրթության համակարգում, մինչդեռ 2014 թվականին այս ցուցանիշը կազմել է 91.2%։
Այս տվյալները նշված են Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական հաղորդագրության մեջ։
«Այսպիսով, Եվրամիությունը ևս մեկ քայլով մոտեցել է «Եվրոպական կրթության տարածք» ռազմավարական շրջանակով սահմանված նպատակին, ըստ որի՝ մինչև 2030 թվականը վաղ մանկության կրթության և խնամքի ծրագրերում պետք է ընդգրկված լինի երեխաների առնվազն 96%-ը»։
Պաշտոնական տվյալներով, ԵՄ երկրների շարքում ամենաբարձր մասնակցությունն արձանագրվել է Ֆրանսիայում՝ 100%։ Ապա հաջորդում են Բելգիան՝ 98.1%-ով, ինչպես նաևԼիտվան ու Հունգարիան՝ 97.9%-ով։
Ամենացածր ցուցանիշները գրանցվել են Ռումինիայում՝ 76.5%, Սլովակիայում՝ 81.8% և Չեխիայում՝ 86.4%։
Միևնույն ժամանակ, ԵՄ-ում նախադպրոցական կրթության ոլորտի ուսուցիչների ճնշող մեծամասնությունը կանայք են։ 2024 թվականին կանանց թիվը կազմել է 95.1%։
























































