
Լուսանկարը՝ Guardian կայքից
Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական ծառայության և Լաֆբորո համալսարանի համատեղ ուսումնասիրությունը, որը ներառել է ավելի քան մեկ միլիոն դպրոցականների տվյալներ, ցույց է տվել, որ բացակայության և հոգեկան հիվանդությունների միջև կա փոխկապակցվածություն․ բացակայությունը կարող է խորացնել խնդիրները, իսկ հոգեկան դժվարությունները հանգեցնել ավելի շատ բացակայությունների։
Տվյալները ցույց են տալիս, որ որքան բարձր է բացակայության մակարդակը, այնքան մեծ է հոսպիտալացման վտանգը։ Եթե աշակերտը գրեթե չի բացակայում, հոգեկան առողջության պատճառով բուժօգնության դիմելու հավանականությունը կազմում է մոտ 1,8 տոկոս։
Բացակայության 20 տոկոսի դեպքում այն բարձրանում է մինչև 3,8 տոկոս, իսկ 30 տոկոսի դեպքում հասնում է 5,3 տոկոսի։
Ամենախոցելին են հատուկ կրթական կարիքներ ունեցող և լրացուցիչ աջակցություն ստացող երեխաները, որոնց մոտ բացակայության յուրաքանչյուր տոկոսային աճ կրկնակի մեծացնում է հոգեկան խնդիրների առաջացման հավանականությունը։
Մասնագետները նշում են, որ դպրոցը պետք է դիտվի նաև որպես պաշտպանական միջավայր, որտեղ երեխաները ստանում են անհրաժեշտ աջակցություն։ «Եթե երեխայի բացակայության մակարդակը բարձր է, նրա մոտ ավելի մեծ է հոգեկան ճգնաժամի վտանգը», – ընդգծել է Մանկաբուժական և երիտասարդական հոգեբույժների քոլեջի ներկայացուցիչ Գայ Նորթհովերը։
2023-24 ուսումնական տարում Բրիտանիայում յուրաքանչյուր հինգերորդ աշակերտ բաց է թողել դասերի առնվազն տասը տոկոսը։ Նույն տարում ավելի քան 171 հազար երեխա բաց է թողել իրենց դասաժամերի կեսից ավելին, ինչը ռեկորդային ցուցանիշ է կրթության նախարարության տվյալներով։ Հետազոտության հեղինակները ընդգծում են, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ են համալիր մոտեցումներ՝ ոչ միայն բացակայությունների վերահսկում, այլև հոգեկան առողջության աջակցման ծրագրեր։

























































