
Լուսանկարը՝ dig.watch կայքից
Ժամանակակից աշխարհում երեխաները ամեն օր բախվում են տեղեկատվության հսկայական հոսքի։ Լուրերը նրանց հասնում են սոցիալական ցանցերի, մեծահասակների խոսակցությունների, տեսանյութերի և վերնագրերի միջոցով՝ հաճախ առանց բացատրության, առանց համատեքստի ու քննարկման հնարավորության։ Դպրոցը, սակայն, շատ երկրներում դեռ հազվադեպ է դիտարկվում որպես մի վայր, որտեղ երեխաներին օգնում են հասկանալ, վերլուծել և քննադատաբար ընկալել տեղի ունեցող իրադարձությունները։
Մինչդեռ կրթական համակարգը կարող է և պետք է դեր ունենա այս գործընթացում՝ երեխաներին զինելով հարցեր տալու, լսածը մեկնաբանելու և սեփական կարծիքը ձևավորելու հմտություններով։
Այս մոտեցման հետաքրքիր և հաջողված օրինակներից մեկը կարելի է տեսնել Շվեդիայում, որտեղ երեխաների համար նախատեսված լուրերը ոչ միայն մեդիաարտադրանք են, այլև կրթական պրակտիկայի մաս։ Այդ համակարգում առանձնահատուկ տեղ ունի Շվեդիայի հանրային հեռուստաընկերության «Լուրեր փոքրերի համար» (Lilla Aktuellt) երեխաների համար ստեղծված լրատվական ծրագիրը, որը շատ դպրոցներում դարձել է դասաժամի մաս։
Լուրերը՝ ուսումնական նյութ
Շվեդիայի մի շարք դպրոցներում, 6–7-րդ դասարաններից սկսած, ընդունված պրակտիկա է շաբաթը մեկ հատուկ ժամ հատկացնել երեխաների համար նախատեսված լուրերին։ Դիտումները սովորաբար իրականացվում են դասարանական կամ քաղաքացիական կրթության ժամին․ ամբողջ դասարանը միասին դիտում է հատուկ երեխաների համար պատրաստված լրատվական ծրագիրը։ Այս մոտեցումը պետականորեն մշակված է՝ մեդիագրագիտությունը դպրոցում առարկայորեն ապահովելու նպատակով։
Քննարկում
Լրատվական ծրագիրը դիտելուց հետո կազմակերպվում է քննարկում ուսուցչի ուղղորդմամբ։ Երեխաներին խրախուսում են հարցեր տալ, արտահայտել իրենց ընկալումները, մտքերն ու անհանգստությունները։ Քննարկման նպատակը ոչ թե ճիշտ կամ սխալ պատասխաններ գտնելն է, այլ հասկանալը՝ ինչ է տեղի ունենում աշխարհում, ովքեր են ներգրավված և ինչ հետևանքներ կարող են ունենալ այդ իրադարձությունները։
Այս ձևաչափը թույլ է տալիս, որ լուրերը տեղեկատվության գործառույթից վերածվեն մտածողություն զարգացնող ուսումնական նյութի։
Մոտեցման հիմքում պարզ գաղափարն է՝ երեխաները հասարակության լիարժեք անդամներ են և իրավունք ունեն հասկանալու, թե ինչ է տեղի ունենում իրենց շուրջը։
Ծրագրի ստեղծումը
«Լուրեր փոքրերի համար» ծրագիրը ստեղծող և հրապարակող Շվեդիայի հանրային հեռուստաընկերությունը (SVT) գործում է անկախ՝ հանրությանը տրամադրելով հավասարակշռված, բազմակողմանի և վստահելի տեղեկություններ՝ քաղաքական, սոցիալական, գիտական և մշակութային թեմաներով։
Քաղաքական կողմնապահությունն ու առևտրային շահերը բացառվում են, քանի որ երեխաների համար նախատեսված լուրերը հանրային կրթական ծառայության կարևոր բաղադրիչ են։
Երեխաների համար լուրեր պատրաստելու նպատակով լրագրողները նախ յուրացնում են համապատասխան հմտություններ և մոտեցումներ։ Մանկական լուրերի խմբագիրը, որը ևս մասնագիտացած է այս ոլորտում, հաճախ ներգրավում է արտաքին փորձագետների՝ հոգեբանների, վերլուծաբանների և կրթության մասնագետների։
Թիմի աշխատանքը կազմակերպվում է այնպես, որ նորությունները ընտրվեն, կառուցվեն և ներկայացվեն ճշգրիտ, հավասարակշռված և երեխաների համար հասկանալի՝ հաշվի առնելով զգայունության բոլոր շերտերը։
Ծրագրի պատրաստման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում լեզվին, տոնին և տեսողական լուծումներին, որպեսզի նյութը լինի պարզ, ոչ սենսացիոն և հոգեբանական առումով անվտանգ։ Խմբագրությունը մշտապես հետևում է երեխաների և դպրոցների արձագանքներին ու հետադարձ կապի հիման վրա պարբերաբար կատարելագործում է ծրագրի բովանդակությունն ու ձևաչափը։
Թեմաներ
Հանրային սփռմամբ հեռարձակվող մանկական լուրերի ծրագիրը չի խուսափում «բարդ» թեմաներից, այլ ներկայացնում է դրանք երեխային հասկանալի և նրբանկատ լեզվով։ Լուրերը կարող են վերաբերել․
Կարևոր սկզբունք է երեխաներին չվախեցնելը, բայց նաև իրականությունը չթաքցնելը։ Պարզ լեզվով, առանց սենսացիոն տոնայնության և զգայունությունը հաշվի առնող պատկերների միջոցով երեխաներին բացատրվում է, թե ինչ է տեղի ունենում և ինչու։
Մանկական լուրերի կառուցվածքը
Թողարկումները սովորաբար բաղկացած են մի քանի հատվածներից։ Յուրաքանչյուր թեմա ներկայացնելիս ուշադրության կենտրոնում են ոչ այնքան մանրամասները, որքան պատճառներն ու հետևանքները։ Լրագրողները հաճախ անդրադառնում են հենց այն հարցերին, որոնք կարող են առաջանալ երեխաների մոտ՝ ինչու է սա տեղի ունեցել, ովքեր են ներգրավված և ինչպես է դա ազդում մարդկանց վրա։
Լայնորեն օգտագործվում են պարզ ինֆոգրաֆիկաներ, քարտեզներ և սխեմաներ, որոնք օգնում են երեխաներին պատկերացնել նյութը։
Լեզուն հստակ է և հասանելի, բայց ոչ պարզունակ․ երեխաներին դիմում են որպես մտածող լսարանի։
Կարևոր տարր է երեխաների ներառումը։ Թողարկումներում հաճախ տեղ են գտնում երեխաների հարցերն ու կարծիքները, իսկ ծրագրի ավարտը սովորաբար բաց է մնում՝ թողնելով քննարկման դաշտ։ Սա է պատճառը, որ ծրագիրը հեշտությամբ ինտեգրվում է դպրոցական միջավայրում՝ որպես քննարկման, գրավոր աշխատանքի կամ խմբային առաջադրանքի մեկնարկային կետ։
Կրթական նշանակությունը
Այս մոտեցումը նպաստում է մեդիագրագիտության զարգացմանը, քննադատական մտածողության ձևավորմանը և քաղաքացիական ինքնագիտակցության ամրապնդմանը։ Երեխաները սովորում են տարբերակել փաստը կարծիքից, լսել տարբեր տեսակետներ և ձևակերպել սեփական դիրքորոշումը։ Լուրերը դառնում են ոչ թե արտաքին աղմուկ, այլ կրթական գործիք։
Հայաստանում երեխաները նույնպես ապրում են տեղեկատվական հոսքերի մեջ, սակայն դպրոցը հազվադեպ է միջամտում այդ գործընթացին։ Լուրերը հաճախ մնում են ընտանիքի կամ սոցիալական ցանցերի մակարդակում՝ առանց համակարգված բացատրության։
Շվեդական փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է այլ ճանապարհ։ Երբ դպրոցը ստեղծում է անվտանգ միջավայր լուրերի քննարկման համար, երեխաները չեն հեռանում իրականությունից, այլ սովորում են այն հասկանալ։
ՄՀԿ ՀԿ համահիմնադիր
Ստոկհոլմի Վալդորֆյան դպրոցի ուսուցիչ
Ստոկհոլմի համալսարանի միջազգային և
համեմատական կրթության ֆակուլտետի մագիստրոս






















































