
Լուսանկարը՝ «Սիսակյան կենտրոն»–ի
Ռասել – Էյնշտեյնի մանիֆեստը 20-րդ դարի ամենաազդեցիկ գիտական փաստաթղթերից մեկն է։ Այն նշանավորում է պահը, երբ գիտնականները փորձեցին միասնական ձայնով ազդել համաշխարհային քաղաքականության վրա։
Մանիֆեստը հրապարակվել է 1955 թվականի հուլիսի 9-ին՝ Լոնդոնում։

Նախաձեռնել էր բրիտանացի մաթեմատիկոս և փիլիսոփա Բերտրան Ռասելը։
Ամենանշանակալի սատարողը դարձավ Ալբերտ Էյնշտեյնը, որը փաստաթուղթը ստորագրել է իր մահից ընդամենը մի քանի օր առաջ (սա նրա վերջին հանրային դրսևորումն էր)։

Մանիֆեստի հիմնական գաղափարն էր՝ քանի որ միջուկային զենքի ստեղծումն ու կիրառումը կարող է հանգեցնել ողջ մարդկության ոչնչացմանը, գիտնականները պետք է միավորվեն և կառավարություններին ստիպեն մեկընդմիշտ հրաժարվել պատերազմից՝ որպես քաղաքական հարցերի լուծման միջոց։
Մանիֆեստի հիմնական կոչն էր՝ «Հիշե՛ք ձեր մարդկային էության մասին և մոռացե՛ք մնացած ամեն ինչի մասին»։
Մանիֆեստին միացած 11 ականավոր գիտնականներ կոչ էին անում հրավիրել միջազգային համաժողով զանգվածային ոչնչացման զենքի վտանգների գնահատման նպատակով։
Կանադացի միլիարդատեր Սայրուս Իթոնը կարդալով մանիֆեստը՝ առաջարկեց ֆինանսավորել այդ համաժողովն իր հայրենի քաղաքում՝ Պագուոշում (Նոր Շոտլանդիա, Կանադա)։
1957 թ. հուլիսին Պագուոշում տեղի ունեցավ առաջին հանդիպումը և ձևավորվեց «Պագուոշյան շարժումը»։
Ակադեմիկոս Նորայր Սիսակյանը կարևոր դեր է խաղացել Պագուոշյան շարժման մեջ։ Որպես ԽՍՀՄ պատվիրակության ղեկավար՝ 1959 թվականին նա մեկնեց Ավստրիա՝ մասնակցելու Պագուոշյան 4 – րդ համաժողովին։ 1960 – ին գործուղվեց ԱՄՆ՝ մասնակցելու 7 – րդ և 8 – րդ Պագուոշյան համաժողովներին։
Նորայր Սիսակյանն իր հեղինակությունը ներդրեց Արևմուտքի և ԽՍՀՄ-ի գիտնականների միջև գործուն հարաբերությունների ձևավորմանը՝ ձգտելով կանխել գիտական առաջընթացի չարաշահումը ռազմական նպատակներով։
1995 թվականին «Պագուոշյան շարժումն» արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Մրցանակը շնորհվել է «միջազգային քաղաքականության մեջ միջուկային զենքի դերի նվազեցման և երկարաժամկետ հեռանկարում նման զենքի վերացմանն ուղղված ջանքերի համար»։
Այսօր այս ձևակերպումը մեր հավաքական ձախողման արձանագրումն է։


















