
Լուսանկարը՝ Էմմա Սիմոնյանի
Հրաշալի է, երբ պետական պաշտոնյաները համարձակվում են որևէ քայլ կատարել ընդդեմ ապատեղեկատվության: Բայց բոլորովին այլ պատկեր է, երբ տեղի է ունենում սեփական իշխանության բացարձակ անսխալականության ու անխոցելիության նպատակով հրապարակային քայլ՝ անտեսելով ակնհայտ իրողությունները:
Նոր այբբենարանում Մեսրոպ Մաշտոցի նկար՝ տպված, չկա: Այս և ամբողջական (գրքում տպված) այբուբենի բացակայությունից սկիզբ առած դժգոհություններին ի պատասխան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախարարության պաշտոնական կայքում հրապարակված տեսանյութում ցույց է տալիս առաջին դասարանի դասագրքի 23-րդ էջը, որտեղ պատկերված QR կոդի երևակմամբ հայտնվում է տեսանյութ՝ առաջին դասարանցի երեխաների համար: Նյարդ սղոցող ձայնով լսում ենք. «Դու արդեն սովորել ես հայոց այբուբենի այս 3 տառերը՝ ա, ս, է, բայց գիտե՞ս, թե ով է ստեղծել հայոց այբուբենը: Այն ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը շատ վաղ ժամանակներում»: Սա պետք է լսեն մեր երկրի 6 տարեկան երեխաները: Եթե սմարթֆոնը առաջին դասարանում դասի ժամին օգտագործելը կամ ընդհանրապես այդ տարիքում սմարթֆոնով տեսանյութ դիտելը խրախուսելը կարելի է համարել բնականոն և անվտանգ։
Ու նախարարը գոհ է, որ Մեսրոպ Մաշտոցը կա՛ դասագրքում: Իսկ եթե հանկարծ 6 տարեկան երեխայի ծնողները շատ թե քիչ պատկերացումներ ունենան վաղ տարիքում սմարթֆոններից բառիս բուն իմաստով կախված լինելու վտանգների մասին, ամեն ինչ կանեն, որ երեխան տառերին այսքան վաղ ծանոթանալիս հանկարծ չառնչվի Մեսրոպ Մաշտոցի նկարը սմարթֆոնով տեսնելու ու նրա մասին լսելու իրավիճակին: Բայց եթե կրթության ոլորտի առաջին դեմքն է այդքան հիացած ռոբոտացման անիմաստ գործիքով, ինչ սպասես ծնողների մեծամասնությունից…
Նույն գրքի 104-րդ էջում էլ, ըստ նախարարի հրապարակած տեսանյութի, ոչ պակաս անհասկանալի տոնայնությամբ ու, իբր, երաժշտական ելևէջներով հնչում է. «Այժմ գիրքդ բացիր ու ինձ լսիր, և բոլոր տառերը սովորիր: Հայոց լեզվում կան տառեր, 39 ընկերներ, տառերն ունեն անուններ, միասին դառնում են բառեր»: Ու վերջ, նախարարի գնահատմամբ, առկա՛ է և ներկայացված է «պատկերային» դասագիրքը՝ «խաղային, երգի ձևով ու կարող են շատ ավելի լավ մտապահել կարևոր տեղեկատվությունը»: Ի՞նչ է սա:
Մտածողության խաթարում
2024 թվականին Օքսֆորդի բառարանում տեղ է զբաղեցրել brain-rot հասկացությունը: Այս նոր արտահայտությունը միջազգային կազմակերպությունների զեկույցներում կիրառվում է՝ ընդգծելով մտածողության խաթարման իրավիճակը՝ հանրակրթության մեջ թվային տեխնոլոգիաների չափազանցության հետևանքով ցածրակարգ բովանդակության մեջ մնալու համատեքստում։ Թվային գործիքների գերօգտագործման հանգամանքը, որը կյանքի է կոչվում արհեստական բանականության ալգորիթմներով (և հատկապես մինչև 9 տարեկանների դեպքում), հեղինակավոր միջազգային կազմակերպությունների զեկույցներում արժանանում է սուր քննադատության։ Եվ հենց այդ հիմքով ամբողջ աշխարհում արգելվում է դպրոցում սմարթֆոնի կիրառությունը՝ հիմնավոր հետազոտությունների հետևանքով:
Սովորելու դեմ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2023 թ. Գլոբալ կրթական մոնիտորինգի զեկույցում անդրադարձ կա դասարանում ուսուցման նպատակով սմարթֆոնի կիրառության հետևանքներին։ Զեկույցում նշված է՝ գիտական հետազոտություններով բազմիցս վերահաստատվել է, որ (14 երկրներում անցկացված գիտափորձերի հիմքով) նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթության ոլորտներում սմարթֆոնների չարաշահումը վնասակար ազդեցություն է ունենում երեխաների սովորելու հմտության զարգացման վրա: Հետազոտությամբ հստակ ցրվում են բոլոր կասկածները, որ անգամ միայն սմարթֆոնի առկայությունը դասարանում բացասաբար է ազդում երեխաների ուշադրության կենտրոնացման վրա:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2023-ի զեկույցում վկայակոչում է մեկ այլ հետազոտություն, որը փաստում է, որ սմարթֆոնի հետ գործ ունեցող երեխաների ուշադրությունը կրկին դասի վրա սևեռելու համար անհրաժեշտ է հավելյալ 20 րոպե:
Ապացուցված է, որ, մասնավորապես Բելգիայում, Իսպանիայում և Միացյալ Թագավորությունում դպրոցներում սմարթֆոնների արգելքը միայն բարելավել է երեխաների առաջադիմությունը:
Այս երկրների օրինակը ստիպել է, որ մի շարք այլ երկրներ ևս խստացնեն դպրոցներում սմարթֆոնների կիրառման արգելքը: Օրենքներ ու իրավական ակտեր են ընդունվում՝ բացառություններ սահմանելով առողջական սուր իրավիճակների և միայն ու միայն դպրոցների ղեկավարության իմացությամբ ծնողների հետ կապ հաստատելու հատուկ դեպքերը:
Չինաստանը, որ տեխնոլոգիական համաշխարհային առաջատարներից է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցում հիշատակված է որպես դպրոցներում սմարթֆոնների վնասակար ազդեցությանն արձագանքած պետություն:
Ընդգծելով դեռ 2023-ին արգելքների խստացման հանգամանքը՝ վկայակոչված է, որ, օրինակ, Չինաստանի Չժենժոու քաղաքում սահմանափակումներն այնքան են խստացել, որ միայն ծնողների գրավոր թույլտվությամբ են ուսուցիչները սմարթֆոնների կիրառություն նախատեսում բացառապես կրթական նպատակներով։
Քննարկում՝ Եվրահանձնաժողովում
Եվրոպական հանձնաժողովին հասցեագրված հարցադրմամբ ԵՄ խորհրդարանի երկու պատգամավորներ՝ Կանաչների/Եվրոպական ազատ դաշինքից Վլադիմիր Պրեբիլիչը և Ժաումե Ասենս Լյոդրան առաջ են քաշել դպրոցներում սմարթֆոնների դեմ պայքարի ընթացակարգերի մշակման անհրաժեշտությունը:
Եվրոպական հանձնաժողովի 2025 թվականի տեղեկությունների ու քննարկումների հետագիծը ցույց է տալիս, որ նախադպրոցական և հիմնական դպրոցների աշակերտների՝ (6–15 տարեկան) սմարթֆոնների չափից շատ օգտագործումը կարող է խիստ բացասական ազդեցություն ունենալ նրանց հոգեկան առողջության ու բարեկեցության վրա, վատացնել դպրոցական հաջողությունները և կանխել սոցիալական հմտությունների զարգացումը։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը երկրորդ ժամկետով Հանձնաժողովի նախագահ ընտրվելուց հետո պարտավորվել է պայքարել սմարթֆոններից կախվածության դեմ։ Ընդգծվել է երեխաների թվային պաշտպանության կարևորությունը:
Նեյրոնային ցանցի դեմ
ՌԴ Կրթության ակադեմիայի ակադեմիկոս, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Կոգնիտիվ հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Բնական և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տատյանա Չեռնիգովսկայան հատուկ կարևորությամբ է ընդգծում տեխնոլոգական սարքերի (անտեղի) կիրառության անդառնալի հետևանքները՝ պնդելով, որ յուրաքանչյուր անթույլատրելի չարաշահում ի զորու է անդառնալիորեն ավերելու նեյրոնային ցանցը:
Ամենևին էլ պատահական չէ Կրթության գլոբալ մոնիտորինգ – 2023 թ. զեկույցում նշված, որ մինչև 2023 թ. ավարտը աշխարհի 60 կրթական համակարգեր (կամ 30%-ը) հասկացել են՝ դպրոցներում սմարթֆոնների կիրառության արգելքի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններն այլընտրանք չունեն: Մինչև 2024 թվականի ավարտը դրանց թիվը հասել է 79-ի (կամ 40%-ի): 2025-ի ամփոփումը շատ չի ուշանա, իսկ Գլոբալ մոնիտորինգի հաջորդ զեկույցը նախատեսվում է 2026-ին: Միտումները հուշում են, որ կրթությունը կարևորող երկրներում ձերբազատվում են կրթությանն առանց այդ էլ սպառնացող չարիքների ու տգիտության պաշարների ավելացումից:
Կրթության զարգացման վերանայումների պատկերն ամփոփող պաշտոնական կայքում թարմացվում է իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը, թե ինչպես են պետությունները փորձում կրթական համակարգերում ներդնել տեխնոլոգիաներ՝ խուսափելով դրանց չարաշահումից և ապահովելով երեխաների ֆիզիկական ու հոգեկան առողջությունը։ Պատեհ առիթից չի վրիպում ընդգծումը՝ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ թվային տեխնոլոգիաների չափից շատ օգտագործումը սպառնում է հոգեբանական բարեկեցությանը, և մի շարք երկրներ խիստ սահմանափակում կամ ամբողջությամբ արգելում են սմարթֆոնների կիրառությունը դպրոցներում։
Կատարյալ անտեղյակություն
Ամբողջ աշխարհում կառավարությունների վերահսկողությունը դիպվածային է. միայն որոշ երկրներում է կրթության նախարարությունն ամբողջությամբ կամ մասամբ պատասխանատու տեխնոլոգիաների ներդրման ու օգտագործման համակարգման համար՝ ապահովելով միահամուռ մոտեցում, որ ուսուցման որակն ու երեխաների պաշտպանվածությունն ապահովվեն։ Հայաստանի կառավարությունը, փաստացի, դեռ անտեղյակ կամ անգործունակ է տեխնոլոգիայի չարաշահումից երեխաներին զերծ պահելու հարցում:
Ոչինչ, որ 2021-2026 թթ. օգոստոսի 18-ին հաստատված ՀՀ կառավարության ծրագրում գրված է. «Հանրակրթության որակյալ արդյունքի ապահովումն անհնար է առանց վաղ մանկության զարգացման պատշաճ համակարգի…»:
Վաղ մանկության տարիներից արդեն Մեսրոպ Մաշտոցի ու այբուբենի հետ տեխնիկական միջոցներով առնչվելու պարտադրանքը, ճչան-ծորուն-հիստերիկ ձայնով տեսահոլովակով, չգիտես ինչպես՝ «մանկական» տարիքի, «պատկերավոր, հաճելի» նյութ տալը ոչ այլ ինչ է, քան անտեղյակություն ու սահմանափակ պատկերացումներ: Եվ ոչ միայն երեխայի զգայարանների, ամբողջական մարդու ձևավորման, այլև առհասարակ կրթության, սովորելու և վաղվա՝ առողջ նյարդերով, առանց նորաձևության կմպլեքսների իսկապես կրթված քաղաքացու կայացման հարցերում:





















































