
Լուսանկարը՝ ԿԳՄՍ կայքից
2 տարի անընդմեջ ուսումնասիրելով Տավուշում անցկացվող փորձնական էսսեի քննության ժամանակ 9-րդ դասարանցիների գրած տեքստերը՝ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ/mediaforedu.am կայքը ս․թ․ դեկտեմբերի 9-ին առաջարկներ էր ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ գործընթացի սահուն կազմակերպմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված փոփոխությունների նպատակով։ Առաջարկների հիմքում ուսուցիչների, գրական-գրականագիտական շրջանակների դիտարկումներն են, միջազգային փորձի ուսումնասիրությունը, համաշխարհային կրթական կենտրոնների համար ուղեցույց հանդիսացող արժեքավոր գիտական աղբյուրներն ու մոտեցումները, որոնք նշված են եղել պաշտոնական գրության մեջ, որոնք, սակայն, ակնհայտորեն անտեսվել են նախարարության գրավոր պատասխանի մեջ։ Ստորև՝ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ/mediaforedu.am կայքի առաջարկներն ու ՀՀ ԿԳՄՍ նախարարության/ԿԶՆԱԿ պատասխաններն՝ առանց մեկնաբանությունների։
1․ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ/mediaforedu.am կայք – Հաշվի առնելով 9-րդ դասարանում ինտեգրված քննական էսսեի ներդրման հետ կապված ուսուցիչների մտահոգություններն ու դժգոհությունները, ինչպես նաև Տավուշում երկու տարի անընդմեջ էսսեի քննության արդյունքների մեր վերլուծությունը, գրականգրականագիտական տեսանկյունից արտահայտված հրապարակային գնահատականները, բացի այդ՝ նկատի ունենալով հանրապետական նոր չափորոշչի որդեգրած սկզբունքներն ու նպատակները՝ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն առաջարկում է գործընթացի սահուն կազմակերպմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված փոփոխությունների տարբերակներ։ Առաջարկներն ու հիմնավորումները՝ ստորև․1․ Հաշվի առնելով հանգամանքը, որ 15 տարեկանում մարդու վերացական մտածողությունը դեռևս զարգացման փուլում է (աղբյուրներ՝ Piaget, J. (1972). Intellectual evolution from adolescence to adulthood. Human Development, 15, 1–12, Piaget, J. (1970). Science of Education and the Psychology of the Child), և մտածական ուժերը բավարար չեն փիլիսոփայական խոր ընդհանրացումներ կատարելու, ինչպիսին ինտեգրված էսսեի դեպքում խաչվող հասկացության լույսի ներքո երկու տարբեր տեքստեր համակցելն է, առաջարկում ենք՝
Քննական էսսե գրել առանձին որևէ առարկայից (գրականություն, հայոց պատմություն)՝ ընտրությունը թողնելով աշակերտին։ Համակցված էսսեի պահանջը տեղափոխել ավագ դպրոց։
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն/ԿԶՆԱԿ – ԿԶՆԱԿ-ում ևս ծանոթ են ուսուցչական համայնքի մտահոգություններին։ Բայց երբ համակողմանի քննությամբ ենք մոտենում խնդրին, ապա հստակ երևում է, որ Տավուշի մարզում երկու տարի է, ինչ ավարտական քննությունը կազմակերպվում է էսսեով, և հիմա հետքայլ անելը անարդարացի կլինի Տավուշի հանդեպ, մենք դեմ կգնանք հավասարության և արդարության սկզբունքին․ միևնույն ժամանակ այդ մարզում չենք արձանագրել բացարձակ ձախողման դեպքեր։ Ճիշտ է, դեռևս հաղթահարված չեն էսսե գրելու դժվարությունները, բայց տարեցտարի, աշխատելով այդ ուղղությամբ, հնարավոր է հասնել հաջողության։
Միաժամանակ 9-րդ դասարանից ներդնելն ունի հստակ նպատակադրում, էսսեն պիտի աստիճանապես ներդրվի, 9-րդ դասարանում հիմնական դպրոցի վերջնարդյունքների ապահովման ելքն է ամրագրվում, իսկ 10-րդ դասարանից կսկսվի տվյալ կրթական աստիճանի վերջնարդյունքների ապահովման մուտքը։ Այնպես որ ավագ դպրոցում ևս սովորողները էսսե կգրեն, բայց արդեն յուրացրած էսսեագրության «այբուբենը»։
2․ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ/mediaforedu.am կայք – Հաշվի առնելով գիտականորեն ապացուցված թեզը, որ մարդու ուղեղի զարգացման տեմպերը անհատական են, և միևնույն տարիքի երեխաների վերացական մտածողության և կոգնիտիվ հմտությունների զարգացման մակարդակը կարող է տարբեր լինել 3–6 տարի միջակայքով, ըստ որի՝ անթույլատրելի է բարդության նույն աստիճանի պահանջը ներկայացնելը տարիքային նույն խմբի բոլոր երեխաներին (աղբյուրներ՝ Vygotsky, L. S. (1978). Mind in Society — “Zone of Proximal Development”, Bruner, J. S. (1996). The Culture of Education)՝ առաջարկում ենք՝
Ընտրության հնարավորություն տալ երեխաներին՝ որպես քննական գրավորի տեսակ առաջարկելով տեքստի վերլուծություն (փակ և բաց հարցեր, գրականագիտական առաջադրանքներ) և էսսե։
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն/ԿԶՆԱԿ – Այս հարցի կապակցությամբ նաև մտահոգություն էր հնչել, որ էսսեի ստուգումը սուբյեկտիվ կլինի։ Դրա առնչությամբ կարող ենք ասել, որ եթե էսսե գրելու հարցում մտահոգություններ են հնչում, որ նրա գնահատումը սուբյեկտիվ է, ապա ինչո՞վ է տարբերվում տեքստի շուրջ հարցադրումներով աշխատանքի ներդրումից։ Դարձյալ ստուգողը ուսուցիչն է, դարձյալ չենք խուսափելու սուբյեկտիվիզմից։
3․ Հաշվի առնելով ստեղծագործականության և ինքնուրույն մտահանգման խթանման կարևորությունը՝ առաջարկում ենք՝
3․1․ Չկաղապարել սովորողին՝ պարտադրելով խաչվող հասկացություն կամ հարցադրումներ, ինչը սահմանափակում է ստեղծագործականության դրսևորումը, այլ հանձնարարել գրական որևէ ստեղծագործության կամ պատմական որևէ իրադարձության վերաբերյալ (առաջարկելով միայն թեման) գրել էսսե՝ թույլ տալով, որ սովորողն ինքնուրույն պնդում անի և փաստարկի։
3․2․ Աշակերտին հանձնարարել, որ վերնագրի էսսեն։
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն/ԿԶՆԱԿ – Առաջարկից պարզ չէ, թե սովորողին տրվելո՞ւ է որևէ հատված, որի շուրջ պիտի պնդում ձևակերպի, թե՞ չի տրվելու։ Եթե հատված չի տրվելու, ապա սովորողի գործը դժվարանալու է, գուցե ամենայն մանրամասնությամբ չհիշի սյուժեն և չկողմնորոշվի՝ ինչի շուրջ պնդում ձևակերպի՝ կերպարի՞, ժամանակաշրջանի՞, բնությա՞ն, գաղափարի՞ և այլն։ Հարցադրումն օգնում է կողմնորոշվելու, կոնկրետանալու և դրանից բխած պնդում ձևակերպելու և ապացուցելու։ Պարտադիր չէ վերնագրել էսսեն․ դա բնորոշ է գեղարվեստական էսսեներին, մեր առաջարկածը վերլուծականն է, իսկ այն վերնագրելը էական չէ։ Գլխավորը տրված հարցին փաստարկված պատասխանելն է։
4․ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ/mediaforedu.am կայք – Գիտելիքի գործնական կիրառական հմտության խթանումը բխում է Հանրակրթության նոր չափորոշչի պահանջներից․ ուստի առաջարկում ենք՝
Էսսեի գնահատման սանդղակում ներառել նաև գրագիտությունը՝ որպես բաղադրիչ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն/ԿԶՆԱԿ – Եթե էսսեն ձևավորող գնահատման ձևաչափ է, ապա գրագիտության բաղադրիչի առկայությունը պիտի պարտադիր լինի, որովհետև ունի ուսուցանող բնույթ։ Քննական տարբերակում գրագիտությունը գնահատման չենթարկելուն կողմնակից ենք, որպեսզի լրացուցիչ լարվածություն չառաջացնի սովորողի մոտ։ Միաժամանակ հայոց լեզվի քննությամբ արդեն արձանագրվում է սովորողի գրագիտության աստիճանը, և կարիք չկա մեկ անգամ ևս մեկ այլ քննության ժամանակ այդ նույն բաղադրիչից թերացման դեպքում միավոր կորցնի։ Այս դեպքում ևս պահպանվում է արդարության սկզբունքը։
Մի քանի տարուց, երբ սովորողները հմտանան էսսեագրության մեջ, գրագիտությունից միավոր հատկացնելը գուցե դառնա բնականոն գործընթաց։
5․ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ/mediaforedu.am կայք – Էսսեի գնահատումը բարդ գործընթաց է, և դժվար է ապահովել ուսուցչական մեծ համայնքի միասնական մոտեցում․ մեծ է կամայական մոտեցումների վտանգը։ Միջազգային փորձից հայտնի է, որ էսսեն առավել հաճախ գնահատում են վերապատրաստված գնահատողները, ոչ թե կամ ոչ միայն դասարանի ուսուցիչը։ Ուստի առաջարկում ենք՝
5․1․ Քննական էսսեների գնահատման իրավասությունն ընձեռել ուսուցիչներից բաղկացած անկախ հանձնաժողովներին, որոնց անդամները նախապես կմասնակցեն գնահատման մեխանիզմների վերաբերյալ հատուկ պարտադիր դասընթացին և կընտրվեն համակարգող հանձնաժողովի որոշմամբ։
5․2․ ԿԳՄՍ նախարարությանը վերապահել բաց և թափանցիկ մրցույթով համակարգող հանձնաժողովի ձևավորումը, որը բաղկացած կլինի գնահատման մեթոդաբանության մասնագետներից, բուհերի ներկայացուցիչներից և առնվազն երրորդ տարակարգ ունեցող ուսուցիչներից։
5․3․ Վերապատրաստման ծրագրի մեջ ներառել՝
– գնահատման չափորոշիչների միասնական մեկնաբանում,
– օրինակների համատեղ վերլուծություն,
– միասնական չափորոշիչներով գնահատման պրակտիկ առաջադրանքներ։
5․4․ Վերապատրաստումն ավարտելուց հետո միայն իրավունք ընձեռել գնահատել երեխաների քննական էսսեները։
5․5․ Էսսեների ստուգումը կազմակերպել անանուն եղանակով՝ առավելագույնս ապահովելով անկողմնակալություն։
5․6 Ամբողջ գործընթացը՝ մրցույթից մինչև գնահատման փուլ, իրականացնել բաց, թափանցիկ և հաշվետու ձևաչափով։ Սա կբարելավի ուսուցիչների և հասարակության վստահությունը համակարգի նկատմամբ, ինչը կարևոր է նոր ձևաչափի կայուն և արդար գործարկման համար։
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն/ԿԶՆԱԿ – Կարծում ենք, ընդունելի տարբերակ չէ առանձին քննական հանձնաժողովների ձևավորումը, այն լրացուցիչ քննարկումների և բողոքարկումների տեղիք կտա։ Նման փորձ ունեցել ենք, երբ մի քանի տարի առաջ 9-րդ դասարանի ավարտական հարցաշարի առաջադրանքներից մեկը շարադրանք էր։
Բողոքարկումների թիվն ու սուբյեկտիվ գնահատումը այնպիսի ծավալի էր հասել, որ պատասխանատուները ստիպված հրաժարվեցին նման առաջադրանքից։
Կարծում ենք, որ ուսուցիչների կողմից տեղերում իրականացվող գնահատումը հնարավորինս օբյեկտիվ կլինի, երբ ուսուցիչները հմտանան էսսեագրության մեջ։ Ուսուցիչների ընտրության օբյեկտիվությունը ևս կարող է լրացուցիչ խոսակցությունների տեղիք տալ, ֆինանսական ծախսերի պատճառ դառնալ։
Մեր կարծիքով ավարտական քննությունների դեպքում պետք է ավելի շատ շեշտը դնել ակադեմիական ազնվության վրա (որը պիտի ամենօրյա ուշադրության կենտրոնում լինի և դպրոցներում դրա մշակույթը ձևավորվի), քան վերահսկողական մեխանիզմների ներդրման։ Ի վերջո, ավարտական քննությունը ընդամենը փոխադրական քննություն է։
Քանի որ համաձայն չենք նման հանձնաժողովների ստեղծմանը, ուստի այս կետի մեկնաբանումը համարում ենք անտեղի։
Հ․Գ․ Պաշտոնական պատասխանի բովանդակության վերաբերյալ անդրադարձը՝ հաջորդիվ։















