«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!


Լուսանկարը՝ ԿԳՄՍՆ-ի
Դպրոցական համակարգում էսսեի ներդրումը կարևոր գաղափար է։ Այնուամենայնիվ նկատի ունենալով մեր կրթահամակարգի անցած ճանապարհի հայեցակարգային բնույթը, որտեղ գրեթե բացակայում էին քննական մտածողությունը և ստեղծագործական կարողության ձևավորումը, կարճ ժամանակամիջոցում հնարավոր չէ էսսե գրելու հմտությունը այնքան զարգացնել, որ հասունանա էսսեն՝ որպես ավարտական քննության ձևաչափի ներդրումը։
“Մեդիան հանուն կրթության” ՀԿ-ն ավարտական քննական էսսեի վերաբերյալ ուսուցիչների մտահոգություններին համահունչ մանրամասն առաջարկներ ներկայացրեց ԿԳՍՄՆ-ին՝ խնդիրը մեղմելու և միջանկյալ լուծումների ակնկալիքով, սակայն ստացավ մերժողական պատասխան։ Նախարարությունը առանց լուրջ հիմնավորումների մերժեց ՀԿ-ի ներկայացրած բոլոր կառուցողական առաջարկները։ Ուստի՝ շատ կարևոր է մեթոդական որոշ առաջարկներ ներկայացնելը և իրենց աշխատանքի հանդեպ նախանձախնդիր ուսուցիչներին օգտակար լինելը։ Ուսուցիչնեչը, փաստորեն, ստիպված են միայնակ հաղթահարել պարտադրված պահանջը։ Խոսքն այն ուսուցիչների մասին է, որոնց համար առաջնային է ոչ թե կրթական արդյունքների միավորային ցուցիչը, այլ իսկապես որակյալ կրթությունը։
Էսսեն կամ խոհագրությունը պահանջում է մտքերը ձևակերպելու հմտություն, որը պետք է զարգացնել վաղ տարիքից։ Ներկայացնենք էսսե գրելու հմտության ձևավորմանը և զարգացմանը ուղղված կարևոր քայլերը, մեթոդներն ու հնարները։
Հեքիաթի կարևորությունը
Տարրական դպրոցում հեքիաթի կարևորությունը հաճախ բացատրվում է «դաստիարակող» կամ «խրատական» բնույթով։ Սա սխալ պատկերացում է։ Իրականում երեխաների ներաշխարհը ձևավորվում է ոչ թե բարոյախրատական, այլ հրաշապատում, արխետիպային հեքիաթների միջոցով։ Այդ հեքիաթները գործում են կերպարային վերապրումներով, որոնք երեխային հնարավորություն են տալիս ներքին մակարդակում աշխատել զգացումների, վախերի, ուժերի, ձգտումների հետ՝ առանց բառերով բացատրելու։ Ուստի տարրական դպրոցում հեքիաթը «ժամանց» կամ «դաստիարակչական նյութ» չէ․ դա մանկան հոգին ձևավորող խորքային արվեստ է։ Հրաշապատում և արխետիպային հեքիաթները՝
Զարգացնում են երևակայությունը՝ որպես մտածողության հիմնական գործիք
Հրաշապատում հեքիաթների մեջ ամեն ինչ հնարավոր է․ սահմանները բաց են։ Երեխան սովորում է մտածել ոչ թե և ոչ միայն տրամաբանության շրջանակներում, այլև սահմաններ չընդունող համարձակությամբ։ Սա հիմք է ստեղծագործական, ճկուն մտածողության համար։
Հարստացնում են ներաշխարհը կերպարային փորձառությամբ
Վիշապները, կախարդները, անտառները, կախարդական օգնականները, փորձությունների շղթան՝ այս ամենը ներկառուցվում է երեխայի հոգևոր քարտեզում։ Երեխան նույնանում է հեքիաթի հերոսի հետ և ներքին ճանապարհ է անցնում՝ հաղթահարելով խոչընդոտները անվտանգ, խաղային միջավայրում։ Սա նպաստում է ինքնության ձևավորմանը՝ ո՞վ եմ ես, ի՞նչ կարող եմ, ի՞նչից եմ վախենում, ի՞նչը կարող եմ հաղթահարել։
Ձևավորում են պատմողական մտածողությունը
Հեքիաթների (որպես առաջին տեքստերի) կառուցվածքը՝ սկիզբ, զարգացում, լուծում, երեխայի ուղեղում ձևավորում է պատմություն կառուցելու առաջին քայլերը, որ հետո պիտի դառնա հիմք՝ սեփական տեքստերը գրելու համար։
Կարևոր է, որ ուսուցիչը ոչ թե կարդա կամ հանձնարարի կարդալ հեքիաթները, այլ ինքը պատմի խորհրդավոր, բայց ոչ պաթետիկ ձայնով։ Պատմի այնպես, որ երեխան ընկալի բառերի ոչ միայն իմաստը, այլև ռիթմը, ընկալի կերպարների էներգիան։ Սա կնպաստի խորքային լեզվազգացողության և պատկերային մտածողության զարգացմանը, ինչը հետագայում սեփական խոսքը կդարձնի գիտակցված, բովանդակային և հարուստ։
Արհեստներ և արվեստներ
Փոքր տարիքից արհեստների և արվեստների ուսուցանումը պարզապես հաճելի զբաղմունք չէ․ դա ուղեղի զարգացման համար խոր և գիտականորեն հիմնավորված ներդրում է։
Երբ երեխայի մատները ձևավորում են կավը, կամ երեխան նկարում է, շյուղերով հյուսում է, փորձում է գտնել ճիշտ ձևը կամ համաչափությունը, աշխատում է մանր մոտորիկան՝ այն նուրբ շարժումները կառավարող համակարգը, որը ուղղակիորեն կապված է ուղեղի բարձր կենտրոնների հետ։ Մանր մոտորիկայի ակտիվացումը խթանում է նյարդային կապերի ձևավորումը, ուժեղացնում է ուշադրությունը, արագացնում է տեղեկատվության յուրացումը և նպաստում է մտածողության ճկունությանը։
Ավելին՝ արհեստների և արվեստների միջոցով երեխան զարգացնում է ոչ վերբալ մտածողության ձևերը՝ ձևի, գույնի, տարածության, շարժման, նյութի հատկությունների ընկալումը։ Այս ընկալումն ու «ազդանշանային լեզուն» լինում են վերբալ մտածողությունից առաջ և հիմք են դառնում հետագայում խոսքը, հասկացությունները, տրամաբանական կապերը արդյունավետ ձևավորելու համար։ Երբ երեխան նախ սովորում է տեսնել, զգալ, համադրել, փորձարկել՝ առանց բառերի, նա ստեղծում է այն ներքին կառույցները, որոնց վրա հետո կարող են կառուցվել բառային բացատրություններն ու հասկացությունները։
Այս պատճառով է, որ վաղ տարիքի արհեստներն ու արվեստները ոչ միայն զարգացնում են ստեղծագործականությունը, այլև իրականում «վերակառուցում» են ուղեղը՝ ապահովելով բոլոր հետագա մտավոր գործընթացների հիմքը։
Ուստի՝ տարրական դպրոցի կրթական ծրագրերում պետք է մեծ տեղ տրվի արհեստների և արվեստների ուսուցմանը, և դրանց հատկացված դասաժամերը, ինչպես սովորաբար, ցավոք, անում են մեր դասվարներից շատերը, երբեք չպետք է ստորադասվեն մյուս («ավելի կարևոր» համարվող) առարկաներին։
Ազատ խոսքը՝ խոհագրության հիմք
Նախքան երեխաներին սեփական խոհերը գրել հանձնարարելը պետք է խթանել նրանց ինքնաբուխ, ազատ խոսքը։ Ցավոք, մեր կրթահամակարգը հիմնականում հենվում է պարտադիր ծրագրային գիտելիքը տալու և պահանջելու մոդելի վրա․ ազատ զրույցը տեղ չունի և չի խրախուսվում։ Մինչդեռ շատ կարևոր է լսել երեխային՝ սկսած տարրական դպրոցից։
Պարզապես թողնել, որ երեխան խոսի, թողնել, որ նախքան գիրը նրա մտքերը ձևավորվեն պատկերների, զգացումների, սեփական պատմությունների բնական հոսքից։
ազատ զրույց
Շատ արդյունավետ մեթոդ է շաբաթվա առաջին օրը բոլոր երեխաներին ազատ խոսելու հնարավորությունը տալը։ Նրանցից յուրաքանչյուրը թող պատմի հանգստյան օրերին կամ նախորդած շաբաթվա ընթացքում իր տեսածի, լսածի, զգացածի մասին, խոսի իր տպավորությունների, ապրումների մասին։ Թեմաների բազմազանությունը կխթանի նաև միմյանց լսելու կարողությունը, ինչից հիմնականում զուրկ են մեր երեխաները, ինչը սովորաբար որպես կրթական կարևոր բաղադրիչ չի ձևավորվում մեր կրթահամակարգում։
դերային խաղեր
«Եթե ես լինեի…», «Եթե այս առարկան խոսեր…», «Ինչ կասեր այս կերպարը…» ձևաչափերը օգնում են ազատվել «ճիշտ պատասխան» տալու վախից և խոսել ազատ ու անկաշկանդ։
բաց հարցեր
«Ինչո՞ւ ես այդպես մտածում», «Ի՞նչ կլիներ, եթե…», «Ինչպե՞ս կփոխեիր այս պատմությունը» հարցերը խրախուսում են ոչ թե կարճ, սեղմ պատասխաններ, այլ ինքնաբուխ մեկնաբանությունները։
երկխոսություններ
Երեխաները ավելի ազատ են խոսում ոչ թե ամբողջ դասարանի առջև, այլ փոքր խմբերում։ Սա նվազեցնում է լարվածությունը և խթանում կարծիքի բնական արտահայտումը։ Կարելի է հանձնարարել երկխոսել ցանկացած թեմայով, այնուհետև նրանցից յուրաքանրյուրը ներկայացնի մյուսի պատկերացումները և պատմի, թե ինչ է մտածում ընկերը տվյալ թեմայի վերաբերյալ։
սխալվելու իրավունք
Կարևոր է, որ ուսուցիչը հատկապես տարրական դասարանաններում երբեք չընդհատի ազատ խոսքը՝ ուղղումներ անելու կամ սխալները մատնանշելու համար․ դա կաղապարում է երեխային և կաշկանդում մտքերի հոսքը։ Նա պետք է համոզված լինի, որ իրեն լսում են իր խոսքի բովանդակության, ոչ թե ճշտության համար։
Լսելու ունակության խթանում
Լսելու ունակությունը պետք է զարգացնել տարրական դպրոցում․ դա մարդու սոցիալական, հուզական և մտավոր զարգացման առանցքն է։ Երեխան պետք է կարողանա լսել ոչ միայն ուսուցչին, այլև իր հասակակիցներին՝ հասկանալ, սպասել, արձագանքել, շարունակել և այլն։ Այլ խոսքով՝ պետք է երեխան ինքնակառավարման միջոցով ձեռք բերի հաղորդակցական և թիմային աշխատանքի հմտություն։ Լսելու հմտությունը խթանելու մի քանի հնարներ՝
Խոսում է միայն նա, ում մոտ է խորհրդանշական առարկան
Որևէ իր կամ պարզապես փայտիկ փոխանցվում է երեխայից երեխա․ խոսում է միայն նա, ում ձեռքին է իրը։ Մնացածը լսում են։
Լսի՛ր և վերապատմի՛ր մի քանի բառով
Երեխան լսում է ընկերոջը, այնուհետև նրա խոսքը վերապատմում մի քանի բառով կամ նախադասությամբ։
Շարունակի՛ր պատմությունը
Մեկը սկսում է պատմությունը, մյուսը՝ լսածի հիման վրա շարունակում։
Լռության րոպեներ
Հարց հնչեցնելուց կամ ուսուցչի պատմածը լսելուց հետո հայտարարել լռության րոպե։ Այդ ընթացքում մտքում կփորձեն «մարսել» լսածը, մտքեր կծնվեն, որից հետո միայն կարձագանքեն։ Այս հնարը ձևավորում է լսելու կարգապահություն։
Այս, թվում է, շատ պարզ հնարներն աստիճանաբար ձևավորում են լսելու մշակույթ, որը գրավոր խոսքի զարգացման համար ոչ պակաս կարևոր պայման է։
Ուսուցիչը պիտի լինի լսել կարողացողի ամենավառ օրինակը․ նա նաև պետք է կարողանա խթանել երեխաների՝ հարցեր տալու ցանկությունը։
Դիտողականության խթանում
Դիտողականության զարգացումը կարևոր է դպրոցում։ Ի դեպ, այս ունակության զարգացումը պետք է լինի բոլոր առարկաների դասավանդման հիմքում։ Առանց մանրամասները նկատելու և դրանք նկարագրելու հնարավոր չէ հիմնավոր, տրամաբանված վերլուծություն կատարել։ Դիտողականությունը զարգացնող մի քանի գործնական հնարներ՝
Գտի՛ր տարբերությունը
Նկարում կամ իրական միջավայրում հանձնարարել գտնել փոքր փոփոխություններ կամ տարբերություններ։ Օրինակ՝ նախապես փոխել դասասենյակում որևէ իրի դիրքը կամ տեղը կամ հանձնարարել ուշադիր դիտարկել դպրոցի բակում կամ ճանապարհին հանդիպող որևէ ծառ և պատմել բոլոր այն փոփխությունները, որ կնկատի։ Հանձնարարել, որ երեխան մանրամասն նկարագրի որևէ իր, փորձ, պատկեր՝ առանց մեկնաբանելու։
Կարճ դիտարկում․ պատմի՛ր տեսածդ
20–30 վայրկյան ինչ-որ առարկայի, տեսարանի դիտում, հետո տեսածի հնարավորինս մանրամասն նկարագրություն։ Պետք է խրախուսել մանրուքները նկատելը։
Մտապահի՛ր և ասա՛
Ուսուցիչը 10 վայրկյան ցույց է տալիս մի քանի տարբեր իրեր, հետո մեկը հանում է․ երեխան ասում է՝ որն է պակասում։
Նայի՛ր շուրջդ
Ուսուցիչը հանձնարարում է դասասենյակում գտնել, օրինակ, շրջանաձև կամ եռանկյունաձև երեք իր և այլն։
Նոթագրություն
Միջին դպրոցում պետք է զարգացնել նոթեր գրելու հմտությունը, ինչպես նաև ազատ շարադրանքը։ Նոթագրությունը մտածողության կազմակերպման արդյունավետ մեթոդ է։ Եթե տարրական դպրոցում երեխան պարզապես լսում ու պատմում է, ապա միջին դպրոցի ավելի բարդ ուսումնական բովանդակությունը պահանջում է գաղափարների, տեղեկությունների, կապերի գիտակցված համակարգում։ Այդ գործընթացի ամենաարդյունավետ գործիքը հենց նոթագրությունն է։ Նոթագրությունը՝
Կազմակերպում է մտածողությունը և նվազեցնում տեղեկատվական ծանրաբեռնվածությունը
Նոթագրելիս երեխան չի վերարտադրում ամբողջ նյութը, այլ ընտրում է կարևորն ու կառուցում է մտային «քարտեզ»։ Սա սովորեցնում է դասակարգել, համեմատել և կապել գաղափարները։
Նպաստում է երկարաժամկետ հիշողությանը
Գրելը ակտիվ գործընթաց է։ Ուսումնական նյութը վերածվում է սեփական բառերով ձևակերպված իմացության, ինչն էլ երկարաժամկետ հիշողության հիմք է դառնում։
Զարգացնում է ինքնուրույն ուսումնառությունը
Երեխան սկսում է գիտակցել, որ իր նոթերը դարձնում են իրեն ավելի անկախ․ դրանք սեփական ընկալումներն ու արձագանքներն են, ոչ թե պարտադիր առաջադրանք։
Զարգացնում է (քննադատական) մտածողությունը
Նոթերը սովորեցնում են գաղափարները շարադրել սահմանում – օրինակ – պատճառ – հետևանք կառուցվածքով։ Սա հետո դառնում է հիմք էսսեների համար։
Խորքային ընթերցանություն
Գրականությամբ զբաղվողներից շատերն են տարբեր ձևակերպումներով նույն միտքն արտահայտել, որ ավելի լավ է մեկ գիրք կարդալ, բայց խորությամբ, քան շատ գրքեր, բայց մակերեսորեն։ Այս իմաստով միջին դպրոցում անչափ կարևոր է վերլուծական ընթերցանության խթանումը․ սովորեցնել տեքստը ոչ թե պարզապես կարդալ, այլ հասկանալ, մեկնաբանել, կապել, եզրահանգումներ անել և փաստարկել։ Ռուս գրող Վլադիմիր Նաբոկովն այն կարծիքին էր, որ ցանկացած տեքստ խորությամբ ընկալելու համար պետք է կարդալ առնվազն երեք անգամ։ Ստորև մի քանի հնարներ տեքստի խորքային ընթերցանությունը խթանելու համար․
Հանձնարարել գրել այնիսի փակ հարցեր, որոնց պատասխանը, նրանց կարծիքով, նկատած չեն լինի մյուսները։
Ուսուցիչը արտաբերում է տեքստից որևէ բառ և հանձնարարում այդ բառով տեքստի բովանդակությանը համապատասխան նախադասություն կազմել։
Ուսուցիչը հնչեցնում է տեքստի վերաբերյալ որևէ կիսատ նախադասություն, սովորողը պետք է շարունակի և ավարտին հասցնի միտքը։
Հանձնարարել տեքստը վերապատմել ստեղծագործաբար, այսինքն՝ հարստացնելով սեփական մեկնաբանություններով կամ նկարագրություններով կամ ենթադրություններով։
Գրել տալ բաց հարցեր և եզրահանգումներ։
Ձևակերպել տալ հիմնական գաղափարը։
Սովորեցնել տարբերել տեղեկությունը եզրահանգումից կամ պնդումից։
Սովորեցնել փաստարկել սեփական պնդումները կամ եզրահանգումները։
Սովորեցնել զարգացնել տեքստի հիմնական գաղափարը՝ համեմատելով այլ տեքստերի հետ կամ դատողություններ անելով արդիականության վերաբերյալ։
Եզրահանգում
Գաղափարներ ունենալը հեշտ է․ դժվարը դրանք իրականացնելն է։ Ամենաստեղծարար գաղափարները նույնիսկ կարող են տապալվել ոչ թե թերի կամ անիրատեսական լինելու պատճառով, այլ շտապողականության արդյունքում, երբ չկա ամենակարևորը՝ քայլ առ քայլ իրականացնելու համբերությունն ու ողջամտությունը։
Ուսուցիչ
ՄՀԿ ՀԿ համահիմնադիր
Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Մեդիան հանուն կրթության» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Էսսե քննադատական մտածողությամբ» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Մեդիան հանուն կրթության» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Շվեդական դպրոցի «վերջին զանգը» 12.06.2026
- Քննություններ․ աշխարհագրություն և կենսաբանություն 12.06.2026
- Ուսանողական նպաստ՝ բուհերում 11.06.2026
- Դոնեցկի մշակութային կրթությունը 11.06.2026
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026

















































