
Լուսանկարը՝ ՄՀԿ-ի
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ/mediaforedu.am ԶԼՄ-ն, ԵՄ աջակցությամբ և Իրավաբանների հայկական ասոցիացիայի ղեկավարած կոնսորցիումի հետ համագործակցությամբ, 2024 թ. նոյեմբերից 2025 թ. մայիսը իրականացրած «Կրթության ծախսեր/քննադատական մտածողության որակ» ծրագրի վերլուծության արդյունքում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն է ներկայացրել ամփոփում՝ 5 առաջարկներով:
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը պատասխան գրությամբ առանձին կետերով է անդրադարձել ՄՀԿ առաջարկներին:
Ծախսերի աճ և ստեղծագործական կարողություններ
ՄՀԿ-ն ԿԳՄՍ նախարարությանն ուղղված գրության մեջ նշել էր, որ Ծրագրի շրջանակում իրականացված ուսումնասիրությունները փաստում են՝ 2021 թվականից ի վեր (նոր կրթական չափորոշիչների ներդրմանը զուգահեռ) ՀՀ պետական բյուջեից կրթությանը հատկացվող ծախսերը տարեցտարի աճել են։
2021 թվականը կարևոր է ՀՀ կառավարության փետրվարի 4-ի N 136-Ն որոշման տեսանկյունից, որով սահմանվել են միջնակարգ կրթության ավարտական կարողությունները, այդ թվում՝ լեզվական գրագիտությունը և քննադատաբար ու բազմակողմանի ուսումնասիրելու հմտությունները։
ՀԿ-ի ներկայացուցիչների՝ մանկավարժ փորձագետների կարծիքով, կրթության որակի առանցքային ցուցիչներն են գրագիտությունը, քննադատական մտածողությունը և ստեղծագործական կարողությունները։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. հրամանով, 9-րդ դասարանի աշակերտները գրականություն և պատմություն առարկաների բանավոր քննության փոխարեն գրում են ինտեգրված էսսեներ։
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն ուսումնասիրել է Տավուշի մարզի երեք համայնքներում՝ քաղաքային և գյուղական դպրոցներում գրված 9-րդ դասարանցիների էսսեների մեկական փաթեթ՝ սովորողների մտածողության որակը պարզելու նպատակով։
Հետազոտությունը ցույց է տվել, որ էսսեներում առկա են հիշողության վրա հիմնված վերարտադրողական, հուզական արտահայտությունների գերակայության, ձևական և հաճախ ակնհայտորեն ուղղորդված բովանդակության տարրեր։ Տարբեր էսսեներում կրկնվում են նույն նախադասությունները.
Օրինակներ՝
Այս օրինաչափությունները հուշում են, որ ուսուցիչների ուղղորդումը խոչընդոտում է ինքնուրույն մտածողության ձևավորմանը, զարգացմանն ու դրսևորմանը։
ՄՀԿ-ն ԿԳՄՍ նախարարությանը առաջարկել է ժամանակավորապես ձեռնպահ մնալ քննական էսսեները պարտադիր դարձնելուց այլ մարզերում՝ մինչև ուսուցիչների պատրաստության, գնահատման չափորոշիչների և գնահատողների վերապատրաստման համապատասխան բարելավումները։ «Առաջարկում ենք քննարկել աստիճանաբար ներդրման մոդել՝ հիմնված փորձնական շրջանների արդյունքների վրա»։
Պաշտոնական դիրքորոշում՝ էսսեների հարցում
ԿԳՄՍ փոխնակարարն այս առաջարկի վերաբերյալ գրել է. «Չափորոշչի ներդրման գործընթացը հիմնված է կրթության համահավասարության, շարունակական բարելավման և համակարգային զարգացման սկզբունքների վրա։ Այդ իմաստով «ժամանակավորապես ձեռնպահ մնալ քննական էսսեները պարտադիր դարձնելու այլ մարզերում՝ մինչև ուսուցիչների պատրաստության, գնահատման չափորոշիչների և գնահատողների վերապատրաստման համապատասխան բարելավումները» առաջարկը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կրթական ռազմավարությանը և հավասար հնարավորությունների սկզբունքին՝ հաշվի առնելով, որ քննական էսսեն կրթական նոր չափորոշիչների ներդրման կարևոր բաղադրիչն է, որն ուղղված է սովորողների քննադատական մտածողության, վերլուծական կարողությունների և գրավոր արտահայտչական հմտությունների գնահատմանը»։
Արաքսիա Սվաջյանը միաժամանակ հայտնել է, որ քննական էսսեի պարտադիր դարձնելը հանրապետության մյուս բոլոր մարզերում չի դիտարկվում որպես վերջնակետ, այլ որպես նոր գնահատման մոտեցման ներդրման գործընթացի մաս, որը պետք է իրականացվի հստակորեն ձևակերպված չափորոշիչներով և ուղեկցվի ուսուցիչների և գնահատողների շարունակական վերապատրաստմամբ։
«Հարկ եմ համարում ընդգծել նաև, որ քննական էսսեի ներդրումը հանրապետության մյուս բոլոր մարզերում կարևոր է կրթական հավասար հնարավորությունների ապահովման համար։ Բացառություններ կատարելը ոչ միայն կխաթարի միասնական չափորոշչային մոտեցումը, այլ կարող է նաև խոչընդոտ հանդիսանալ մյուս բոլոր մարզերում կրթության որակի բարձրացմանն ուղղված ջանքերին, առավել ևս այն դեպքում, երբ մյուս բոլոր մարզերում արդեն իրականացվել են պիլոտային ծրագրեր, և արձանագրվել են դրական արդյունքներ՝ ինչպես ուսուցիչների մասնագիտական պատրաստության, այնպես էլ սովորողների առաջադիմության առումով»։
Մարտահրավերներին ի պատասխան
Նախարարությունը, ըստ Արաքսիա Սվաջյանի, լիովին գիտակցելով առկա մարտահրավերները, շարունակում է ամրապնդել մասնագիտական աջակցությունը՝ ապահովելով պարբերական վերապատրաստումներ, հստակեցնելով գնահատման չափորոշիչները և ընդլայնելով մեթոդական և նյութատեխնիկական աջակցությունը հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում։
Ընդունելի է, որ երբեմն առկա են օբյեկտիվ դժվարություններ՝ ուսուցիչների և աշակերտների պատրաստվածության, տեխնիկական պայմանների և ուսուցիչների գնահատման հմտությունների առումով: Սակայն այդ խնդիրները պետք է լուծվեն հավասար պայմաններում՝ ոչ թե պարտադրանքը հետաձգելով, այլ պահանջները պահելով և աջակցությունն ավելացնելով:
Թեստավորման խնդիրներ
ՄՀԿ-ն ԿԳՄՍ նախարարությանն ուղղված գրությամբ անդրադարձել է նաև ուսուցիչների ատեստավորման թիրախային ցուցանիշների և փաստացի տվյալների անհամապատասխանությանը: Վերլուծությունը ցույց է տվել՝ կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցիչների տոկոսը 2024-ին կազմել է 10.1%, մինչդեռ նախատեսված թիրախը եղել է 31%, իսկ 2030 թ.՝ 80%։ Ներկայիս տեմպերը չեն երաշխավորում այդ ցուցանիշների հասանելիությունը։
2022 թ.-ի գնահատման արդյունքները ցուցադրում են աննախադեպ տարբերություններ նույն բնագավառի առարկաների միջև (օր.՝ հայոց պատմություն / հասարակագիտություն՝ 70/0, մաթեմատիկա / ինֆորմատիկա՝ 50/3), ինչը վկայում է թեստավորման համակարգի անկանոնության մասին։
Այս հիմքով ՄՀԿ-ն անհրաժեշտ է համարում պետական բյուջեով նախատեսել միջոցներ՝ թեստագիրների պատրաստման, թեստավորման չափորոշիչների վերանայման և արդարության ապահովման ուղղությամբ։
Վերլուծություն՝
Քննարկումներ
ՄՀԿ առաջարկի կապակցությամբ ԿԳՄՍ փոխնախարարը գրել է. «Միանշանակ է, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի արդյունավետության համար կենսական նշանակություն ունի թեստերի մշակման, չափորոշիչների հստակեցման և արդարության ապահովման որակյալ կազմակերպումը։ Թեստավորման համակարգի որակը կրթական բարեփոխումների առանցքային բաղադրիչներից է»:
Փոխնախարարը մանրամասնել է, որ թեստագիրների պատրաստման գործընթացը հիմնվում է պետական չափորոշիչների և առարկայական ծրագրերի վրա, գործընթացին ներգրավվում են փորձառու մասնագետներ՝ առարկայական մեթոդիստներ, փորձագետ ուսուցիչներ և գնահատման մասնագետներ, ովքեր իրականացնում են աշխատանքային և մասնագիտական քննարկումներ:
Արաքսիա Սվաջյանը նաև նշել է. «Մշակվում է հստակ մեթոդաբանություն՝ թեստերում ձևակերպման բազմիմաստություններ թույլ չտալու համար:
Ներկայում գործարկվում է նաև գնահատականների բողոքարկման թվայնացված համակարգը՝ թափանցիկություն և արդարություն ապահովելու համար»:
«Կրթության ծախսեր/քննադատական մտածողության որակ» ծրագրի վերլուծության արդյունքում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը ներկայացրած ՄՀԿ 3-րդ խնդիրը վերաբերում է տեղեկատվության հասանելիությանը:
«Թեև «Մեդիան հանուն կրթության» ԶԼՄ-ի հարցումներին արձագանքները ցուցադրել են համագործակցային մոտեցում, արձանագրվել են տվյալների լիարժեքության խախտումներ։ Օրինակ՝ ուսուցիչների բողոքարկումների տվյալները տրամադրվել են միայն լրացուցիչ հարցումից և ուշացման արդյունքում։
Հատկանշական է, որ 2023 թ. ներկայացվել է 822 բողոք, սակայն բարձրացվել է 2345 միավոր՝ ինչը փաստում է համակարգային խնդիրների, սակայն այդ փաստերը պաշտոնապես չեն վերլուծվել և հրապարակվել»,- ԿԳՄՍ նախարարությանը գրել է ՄՀԿ-ն և առաջարկել ուսուցիչների կամավոր ատեստավորման վերաբերյալ պաշտոնական տեղեկությունների հրապարակման մեջ ներառել նաև բողոքների քանակական ու բովանդակային տվյալների վերլուծությունը, բողոքարկման արդյունքների բաց ներկայացումը՝ թափանցիկության ապահովման նպատակով։
«Ատեստավորված ուսուցիչների թիվը նախքան բողոքները» և «բողոքներից հետո» ենթագրերի ներքո հրապարակված տեղեկությունը ողջունելի է, սակայն առավել ամբողջական և թափանցիկ կլինի պաշտոնական տեղեկությունը, եթե հստակ նշվեն նաև բողոքների թվերը»,- ԿԳՄՍ նախարարությանը գրել է ՄՀԿ-ն:
Հետադարձ կապ
Կամավոր ատեստավորման վերաբերյալ առաջարկին ի պատասխան ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը նշել է. «Կամավոր ատեստավորման վերաբերյալ բողոքների վիճակագրական վերլուծությունը, ինչպես նաև բողոքների առնչությամբ ձեռնարկված քայլերը կարող են նպաստել հանրային վստահության ամրապնդմանը: Բողոքների վերլուծությունը կդիտարկվի ոչ միայն հետադարձ կապ, այլ նաև՝ քաղաքականության բարելավման գործիք: Այդ համատեքստում՝ հարկ է նշել, որ առաջիկայում կմշակվի բողոքարկման քանակական տվյալների ներկայացման և բովանդակային հիմնական թեմաների ամփոփ վերլուծության մեխանիզմ՝ տարեկան հաշվետվություններում և տեղեկատվական զեկույցներում դրանք ներառելու նպատակով»:
Կրթական ծախսեր – ՀՆԱ հարաբերակցություն
ՄՀԿ-ն նկատել է, որ չնայած կրթության բյուջեի դրական աճին, 2021-2025 թթ. միջին ցուցանիշը կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 2.5%, մինչդեռ ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներով միջազգային ընդունված նվազագույն ցուցանիշն է ՀՆԱ-ի 4-6%։ Սա ազդում է բարեփոխումների կայունության վրա։
ՄՀԿ-ն ԿԳՄՍ նախարարությանն ուղղված գրությամբ բարձրացրել է ՀՆԱ-ի առնվազն 4% կրթական ֆինանսավորման հարցը՝ կարևորելով, որ այն դառնա պետական քաղաքականության հստակ նպատակ։
Մինչև 2030 թ.
ԿԳՄՍ փոխնախարարն այս կապակցությամբ նշել է. «Ըստ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի»՝ պետությունը նպատակ ունի մինչև 2030 թվականը կրթության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի առնվազն 4 տոկոսին: Այս նպատակն ամրագրված է նաև ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի 351-Լ որոշմամբ, որով հաստատվել է վերոնշյալ օրենքից բխող գործողությունների ծրագիրը: Այս որոշման հավելվածում նշվում է, որ կրթության ոլորտի ֆինանսավորման մակարդակը պետք է աստիճանաբար բարձրացվի՝ հասցնելով ՀՆԱ-ի առնվազն 4 տոկոսին՝ մինչև 2030 թվականը»:
Պաշտոնական աղբյուրից տեղեկանում ենք, որ աճը պետք է ուղղված լինի ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը, կրթական ենթակառուցվածքների բարելավմանը, կրթական տեխնոլոգիաների և նյութատեխնիկական բազայի արդիականացմանը, աշակերտների ընդգրկվածության ընդլայնմանը և կրթության որակի բարձրացմանը բոլոր մակարդակներում:
Առողջ սնունդ
2025 թ. մայիսի 5-ին Արարատի մարզի Զանգակատան դպրոցում «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն, ընդունելով «Դասավանդիր Հայաստան» ծրագրով այդ դպրոցում հասարակագիտություն և պատմություն դասավանդող երիտասարդ ուսուցչի խնդրանքը, մեդիագրագիտության դասընթաց է վարել, որի ժամանակ սովորողները բարձրացրել են առողջ սննդի հասանելիության հարցը։ Նշվել է, որ առողջ ապրելակերպի դասընթացներին զուգահեռ անհրաժեշտ է իրական սննդակարգի ապահովում։
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն ԿԳՄՍ նախարարությանն առաջարել է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ պետական միջոցներով առնվազն միջին, իսկ հնարավորության դեպքում՝ նաեւ ավագ դպրոցի սովորողներին տաք եւ առողջ սնունդ ապահովելու ուղղությամբ՝ պարտադիր հաստատելով հետադարձ կապ սովորողների հետ։ «Զանգակատան դպրոցի 8-րդ դասարանցիները, որպես նախագծային աշխատանք, հենց այս խնդրի բարձրացումն են ընտրել՝ մեդիայի, տվյալ դեպքում՝ նամակի միջոցով, հարցը պետության հետ լուծելու և քաղաքացիական հետևողականություն ցուցաբերելու տեսքով»,- նշել է ՄՀԿ-ն և նախարարին ուղարկել Զանգակատան դպրոցի 8-րդ դասարանցիների գրավոր դիմումը՝ խնդրելով դրան ընթացք տալ պատշաճ կարգով։ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել է աջակցել, որ այս օրինակի հնարավոր դրական արդյունքը դառնա լավ նախադեպ և օրինակով ՀՀ մյուս ապագա քաղաքացիներին հասանելի դառնա, որ իրենց հուզող խնդիրներն առնվազն արժանանում են առավելագույն պատշաճ արձագանքի։
ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այս կապակցությամբ նշել է. «Նախարարությունը կարևորում է սովորողների առողջ ապրելակերպի և հավասար կրթական հնարավորությունների ապահովումը՝ որպես կրթության որակի անբաժանելի մաս: Անհերքելի փաստ է, որ դպրոցում տրամադրվող սնունդը ոչ միայն նպաստում է ֆիզիկական առողջությանը, այլև ուսումնական առաջադիմությանը, հավասար հնարավորությունների ստեղծմանը և սոցիալական ներառմանը: Բազմաթիվ համայնքներում դպրոցական սննդի ապահովումը խթանում է նաև դպրոց հաճախելիությունը:
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) նպատակն է տրամադրել անվճար տաք և առողջ սնունդ ՀՀ մարզերի քաղաքային և գյուղական բնակավայրերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին: Առաջիկայում նախատեսվում է ծրագիրն ընդլայնել՝ ներառելով նաև Երևան քաղաքի դպրոցների տարրական դասարանների աշակերտներին»:
ԿԳՄՍ փոխնախարարը հայտնել է նաև, որ «2025 թվականի սեպտեմբերի 1-ից նախատեսվում է նաև մարզային մի քանի հանրակրթական հաստատությունների կրթության միջին մակարդակում իրականացնել Ծրագրի փորձարկումը»:
Նոր մեկնաբանություն