
Լուսանկարը՝ ՄՀԿ-ի
Կա՞ որևէ դրամաշնորհային ծրագրից բխող կամ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություն ՀՀ հանրակրթական դպրոցների 9-րդ դասարաններում ինտեգրված էսսեն որպես քննական բաղադրիչ ներդնելու առնչությամբ։ Այս հարցն անցյալ շաբաթ mediaforedu.am-ը գրավոր ուղղել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ խնդրելով հստակեցնել՝ եթե էսսեի քննությունը 9–րդ դասարանում ներդրվում է դրամաշնորհով, ապա ո՞ր կազմակերպության հետ համագործակցությամբ, որքա՞ն և ի՞նչ դրամաշնորհի ու ծրագրի մասին է խոսքը։
Նախարարության պատասխանի մեջ նշված է․ «․․․ինտեգրված էսսեի ներդրումը պայմանավորված է կրթական բովանդակության և գնահատման համակարգի բարելավման քաղաքականությամբ և չի իրականացվում որևէ արտաքին դրամաշնորհային ծրագրի կամ միջազգային պարտավորության շրջանակներում»։
Ըստ պաշտոնական պատասխանի, ՀՀ հանրակրթական դպրոցների 9-րդ դասարաններում ինտեգրված էսսեն որպես քննական բաղադրիչ ներդրվել է Հանրակրթության պետական չափորոշչի շրջանակում՝ համաձայն ԿԳՄՍ նախարարի հրամանի: «Ծրագիրը նախապես շուրջ 2 տարի փորձարկվել է ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում, որից հետո տեղայնացվել է նաև ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցներում՝ փուլային եղանակով: Ինտեգրված էսսեն նախատեսվում է որպես գնահատման գործիք, որը հնարավորություն է տալիս ստուգելու սովորողների վերլուծական, քննադատական մտածողության, տարբեր առարկայական ոլորտների գիտելիքների համադրության և գրավոր արտահայտման կարողությունները՝ համահունչ ՀՊՉ-ով սահմանված վերջնարդյունքներին»։
mediaforedu.am – ը գրավոր հարցման 2 – րդ կետով հետաքրքրվել էր` ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ՀՀ բոլոր մարզերի դպրոցների 9 – րդ դասարաններում էսսեի քննության ներդրման նպատակով իրականացրե՞լ է արդյոք ուսուցչական համայնքի պատրաստվածության վերաբերյալ որևէ հետազոտություն կամ գնահատում։ Խնդրել էինք առկայության դեպքում տրամադրել համապատասխան հետազոտության տվյալները (հաշվետվությունը):
Պաշտոնական պատասխանի մեջ նշված է․ «9-րդ դասարանում պատմություն և գրականություն առարկաներից ինտեգրված էսսեի ձևաչափի ներդրման գործընթացում իրականացվել են մի շարք փորձնական և մեթոդական աշխատանքներ, որոնք հնարավորություն են տվել գնահատելու ինչպես սովորողների, այնպես էլ ուսուցիչների պատրաստվածության մակարդակը։ Մասնավորապես, ՀՊՉ-ի շրջանակում ինտեգրված էսսեի ձևաչափը փորձարկվել է Տավուշի մարզում՝ որպես պիլոտային ծրագիր։ Այդ շրջանակում 9-րդ դասարանի սովորողները պատմություն և գրականություն առարկաներից քննություն են հանձնել միասնական էսսեի ձևաչափով, իսկ գործընթացի արդյունքները դիտարկվել և վերլուծվել են հետագա քայլերը որոշելու նպատակով»։
Փաստացի իրավիճակը
Պիլոտային ծրագրով գրված տեքստերը, որոնք համարվում են «էսսե», հիմնականում արտագրություններ են՝ տարբեր գնահատականներով հանդերձ։
mediaforedu.am – ը 2 տարի շարունակ հետազոտել է Տավուշում էսսեի փորձնական քննության ներդրման ընթացքը և պարզել՝ երեխաները շռայլորեն արտագրել են տրված տեքստից։ Մասնավորապես 2025–ին՝ նաև սովետի «ազգափրկիչ» կրթության վերաբերյալ հատվածներ՝ պատմության դասագրքից առանձնացված տեքստից։ Այս տարվա թեման, ըստ ամենայնի, կփոխվի։ Բայց այսօրվա Հայաստանում բարձր նպատակներով ներդրվող կարողություններն ինչպե՞ս կարող են փայլել այսքան չմտածված բովանդակությամբ անգամ պիլոտային ծրագրի դեպքում։ Հատկապես երբ ԱԺ ամբիոնից արտաքին ազդեցությունների դատապարտելի փորձերին դիմակայելու մասին հախուռն ելույթների պակաս ամենևին էլ չկա։ Ուրեմն երեխաների սեղանին քննության ժամանակ դրվող տեքստը՝ հե՞չ, բովանդակությունը կարևոր չէ՞։ Կրթության զարգացման թեման սովետի առանցքով էսսեի նյութ դարձնելը իրո՞ք համապատասխանում է մեր երկրի կրթական նպատակներին։
Բայց վերադառնանք ԿԳՄՍ նախարարության պատասխանին, որտեղ նշված է․ «2025 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հանրապետության պատմության և գրականության բոլոր ուսուցիչների հետ իրականացվել են հեռավար վերապատրաստումներ, իսկ հունվարի 16-ից մինչև փետրվարի 25-ը Երևանի բոլոր վարչական շրջանների ուսուցիչների հետ՝ գործնական սեմինարներ (ուսուցիչները գրում են ինտեգրված էսսե, ստուգում են սովորողների գրավոր աշխատանքները և գնահատում՝ պատկերացնելով նաև գնահատման գործընթացը), որից հետո դպրոցները տեղերում կազմակերպում են փորձնական քննություններ և արդյունքները ուղարկում են ԿԶՆԱԿ։ Մարտի կեսերից նույն գործընթացը կիրականացվի մարզերում»։
ԿԳՄՍՆ–ն դեռ չի ամփոփել
Ըստ ԿԳՄՍ նախարարության գրության, «Բոլոր դպրոցներից տվյալները ստանալուց հետո կիրականացվի արդյունքների վերլուծություն»։ Սա մեր հարցի բուն պատասխանն է, թե նախարարությունը բոլոր մարզերի դպրոցների 9 – րդ դասարաններում էսսեի քննության ներդրման նպատակով իրականացրե՞լ է ուսուցչական համայնքի պատրաստվածության վերաբերյալ որևէ հետազոտություն կամ գնահատում։
Եվս մեկ մեջբերում պաշտոնական գրությունից․ «Ուսուցիչները պարբերաբար կապի մեջ են ԿԶՆԱԿ-ի հետ, ստանում են գործնական աջակցություն, ուսուցիչներն ուղարկում են իրենց աշակերտների գրած էսսեները, նրանց հետ կազմակերպվում են քննարկումներ, տրվում են ուղղորդումներ․․․»։
Ընդունենք, որ էսսեի քննությունն այսքան հափշտապ ներմուծելու միտումի հիմքում դրամաշնորհ կամ պարտավորեցնող այլ բան չկա, և, ինչպես նշել է նախարարությունը, կրթական բովանդակության ու գնահատման համակարգի բարելավման քաղաքականությունն է։ Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ իրավիճակ է ստեղծվում երեխաների, ծնողների և ուսուցիչների համար։
Եթե դպրոցում երեխաները բավարար չափով պատրաստվում են էսսեին, ինչի՞ց դրդված են ամսական 20 հազար դրամով ծառայություններ մատուցում կրկնուսույցները՝ նշելով, թե վերապատրաստվել են նախարարությունում։
Ինչի՞ մասին են վկայում փողով էսսեի քննությանը «նախապատրաստելու» մասին կանչերը՝ սոցիալական ցանցերում։ ՀՀ պետբյուջեով անվճար միջնակարգ կրթության ապահովման համար հարկեր վճարող միամիտ ծնողները գուցե և հավատան կրկնուսույցի խոսքին, թե վճարելով չգիտես էլ ինչի դիմաց՝ էսսեի քննության պահին վճարվողը կլինի քո երեխայի կողքին՝ չգիտես, թե ինչ հրաշքով։
Պատեհապաշտության լայն դաշտ
Նման նախաձեռնության բնույթը ներսից հասկանալու նպատակով ինքս գրանցվեցի փորձնական, անվճար «դասին»։ Սա կարող են, ի դեպ, նախաձեռնել նաև առնվազն նախարարության ու ԿԶՆԱԿ–ի ներկայացուցիչները ամբողջական պատկերը հստակ հասկանալու և այս իրավիճակն իսպառ բացառելու համար։ Որպես պոտենցիալ վճարող՝ «փորձնական դասին» 9–րդ դասարանցիների հետ միասին օնլայն լսում ես կրկնուսույցի ջանադիր հավաստիացումը, թե նախարարությունում/ԿԶՆԱԿ–ում վերապատրաստվելը իրեն տվել է բացառիկ առավելություն՝ թեմաներին երեխաների պատրաստվածությունն ապահովելու առումով։ Պարզապես, այս դեպքում՝ փողով։ Այնպես որ, կրկնուսույցի խոստումն է երեխաներին՝ վճարովի դասընթացին մասնակցողներն ամեն դասի ժամանակ էսսեի քննության 2 թեմայի մասին կիմանան, կտիրապետեն էսսե գրելու կարողություններին։
Ի՞նչ է տեղի ունենում փորձնական «դասին»։
Աշակերտ – Դուք ունե՞ք թեմաները, որ քննության ժամանակ լինելու են։
Կրկնուսույց – Ինչը որ հայտնել են, ունեմ։
Աշակերտ – Կարո՞ղ եք մեզ տրամադրել։
Կրկնուսույց – Ամեն դասին կտրամադրեմ, որ ինֆորմացիայի արտահոսք չլինի։
Հիմա պա՞րզ է, թե ինչպես են երեխաներին այստեղ էլ կրկնուսույցները պահում անելանելի վիճակում։ Դեռ մի կողմ թողնենք «ինֆորմացիայի արտահոսքի» տրամաբանությունը՝ 20 հազար դրամի «հրաշագործ» պայմանի ֆոնին։ Ու հիշենք ՀՊՉ–ի մասին՝ ինքներս մեզ հարց տալով, թե անվճար հանրակրթության ոլորտում նորամուծություններն այս մակարդակով կազմակերպելով և աչքաթող անելով սոցցանցերում վխտացող փողով պարապմունքների կանչերը՝ հնարավո՞ր է արդյոք զարգացնել կրթության որակը, երեխաների արժեքային համակարգը, կարողունակությունները, ստեղծագործ միտքը, մտածողությունը․ կուզեք՝ ասեք՝ քննադատական․․․
Արձագանք
Ճիշտ է՝ նախարարության ու ԿԶՆԱԿ – ի անունը զուր տեղը չարաշահելու հանգամանքից դրդված՝ ԿԶՆԱԿ – ը հայտարարությամբ հանդես եկավ և նշեց․ «Նկատվում է, որ տարբեր կազմակերպություններ իրականացնում են վճարովի վերապատրաստումներ և օգտագործում ԿԶՆԱԿ-ի կողմից մշակված նյութերը։ Անգամ տպագիր շրջանառման դեպքեր են արձանագրվել։ ԿԶՆԱԿ-ը տեղեկացնում է, որ արգելվում է օգտագործել հիմնադրամի նյութերը շահույթ ստանալու նպատակով։ Նրանք, ովքեր էսսեի ուղղությամբ նախատեսում են վճարովի աշխատանքներ, պարտավոր են ինքնուրույն մշակել նյութեր և պահպանել մանկավարժական ազնվությունը։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կազմակերպվող որևէ վճարովի վերապատրաստում չի արվում ԿԶՆԱԿ-ի անունից և կողմից»։
Կարո՞ղ ենք եզրակացնել, թե նորմալ է, որ երեխան դպրոցում բավարար գիտելիքներ չի ստանում պաշտոնական շրջանակներում այդքան գովասանքի արժանացող ինտեգրված էսսեի քննությանը ինքնավստահ ներկայանալու համար ու օրինաչափ է կրկնուսույցի կարիքը, պարզապես այդ կրկնուսույցները չպիտի անտեղի շահարկեն նախարարության ու ԿԶՆԱԿ–ի անունը։ Այս ֆոնին մոռանա՞նք ՀՀ Սահմանադրության 39–րդ հոդվածի մասին, որ «Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է»: Եթե երեխայից փող չեն պահանջում ամեն օր դպրոց գնալու համար, բայց պարտադիր կրթությունը կազմակերպվում է այն որակով, որ փաստացի կարիք է ստեղծվել փող ծախսել այդ նույն դպրոցում քննությանը չտապալվելու համար, դա կարելի՞ է համարել անվճար ու որակյալ միջնակարգ կրթություն։
Ուսուցիչների ձայնը
Էսսեի քննության պատրաստությունների մասին պաշտոնական հավաստիացումները, մեղմ ասած, չեն մեկտեղվում նաև ուսուցիչներին հասցեագրված առցանց հարցումների արդյունքների հետ։
Երեխաները պատրաստ չեն
Փետրվարի 22–ին mediaforedu.am –ի նախաձեռնած առցանց հարցմանը հրավիրվել են ուսուցիչներ։ Հոդվածի հրապարակման պահին մասնակցել է 279 հոգի։
«Պատրա՞ստ են 9-րդ դասարանցիները գրականություն և հայոց պատմություն առարկաներից ինտեգրված էսսեի ձևաչափով քննություն հանձնելուն» հարցին տրվել է 278 պատասխան։ Որքան էլ զարմանալի թվա՝ 278 –ն էլ նշել է, որ 9–րդ դասարանցիները պատրաստ չեն ինտեգրված էսսեի քննությանը։ Գուցե այս տվյալին չհավատալով՝ ԿԳՄՍ նախարարությունը ամբողջ երկրով մեկ նախաձեռնի՞ իր հարցումը՝ համոզվելու համար։

Անհաղթահարելի առաջադրանք
277 ուսուցչից 216–ը (78 %) նշել է, որ աշակերտների մեծ մասի համար էսսեի քննությունն անհաղթահարելի առաջադրանք է։ 53 ուսուցիչ (19․1 %) նշել է՝ նոր ՀՊՉ–ն դեռ բավարար չափով չի մարսվել կրթական համակարգում։

«Որքանո՞վ են արդյունավետ ԿԶՆԱԿ-ի վերապատրաստումները՝ քննությանն ընդառաջ» հարցին պատասխանած 275 ուսուցչից 33–ը (12 %) նախընտրել է «հիմնականում արդյունավետ են» տարբերակը, 54․2 % – ը կամ 149 ուսուցիչ նշել է «մասամբ արդյունավետ են» պատասխանը, իսկ 80 ուսուցչի (29․1 %) գնահատմամբ՝ ԿԶՆԱԿ – ի վերապատրաստումներն ընդհանրապես արդյունավետ չեն։

Հնարավոր ի՞նչ ռիսկեր է պարունակում ինտեգրված էսսեի քննությունը՝ որպես դժվար հաղթահարելի առաջադրանք։ Այս հարցին տրված 275 պատասխանից 60–ը (21.8 %) նշել է՝ ուսուցիչների միջամտություն, 169 ուսուցիչ (61.5 %) ռիսկ է համարել ոչ օբյեկտիվ գնահատումը։

Եվ, թերևս, ոչ պակաս խոսուն մեկ այլ պատկերի մասին։ «Կո՞ղմ եք երեխաներին էսսե գրել սովորեցնելուն, բայց առանց քննության» հարցին 276 ուսուցչից 245–ը (88․8 %) տվել է դրական պատասխան, 31 հոգի (11,2 %) դեմ է արտահայտվել։

Այսինքն, խնդիրը ոչ թե էսսե գրել սովորեցնելն է, այլ դրա քննությունը, այն էլ՝ այսքան հափշտապ ու, փաստորեն, առանց ոչ բավարար պատրաստվածություն ապահովելու։
Եվ ամփոփենք վերջին հարցին տված պատասխանների պատկերով։ Կցանկանայի՞ք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերանայեր ինտեգրված էսսեի քննական ձևաչափը։ Այս հարցին ի պատասխան 276 ուսուցչից 270–ը (97.8 %) նշել է՝ այո․ 6 ուսուցիչ (2.2 %) ընտրել է «ոչ» պատասխանը։

Նախարարությունը իր որոշումը վերանայելու ժամանակ դեռ ունի։












































