
Լուսանկարը՝ brokenchalk կայքի
Ի՞նչ նպատակ պետք է ունենա կրթությունը և ի՞նչ դերակատարում պետք է ունենա դպրոցը ֆիննական հասարակության ապագայում։ Այս հարցի կարևորությունն ընդգծված է Ֆինլանդիայի «Հիմնական կրթություն 2045» ռազմավարության մեջ։
Հստակ ձևակերպված է առանցքային սկզբունքը․ դպրոցի առաքելությունը չպետք է սահմանափակվի միայն երեխաներին և երիտասարդներին ապագային նախապատրաստելով։ Դպրոցը պետք է նաև ակտիվորեն նպաստի այդ ապագայի ձևավորմանը և օգնի կառուցել ավելի լավ, ավելի կայուն և ավելի մարդկային հասարակություն։
Ֆիննական ռազմավարությունն առանձնացնում է կրթության վրա ազդեցություն ունեցող վեց փոխկապակցված գլոբալ շարժիչ ուժ.
Այս համընդհանուր գործոնները խիստ ազդում են նաև Ֆինլանդիայի վրա։
Տեխնոլոգիա և ապագա
Տեխնոլոգիական զարգացումը, հատկապես արհեստական բանականությունը, խորապես վերափոխում է աշխատանքը, մտածողությունը և սոցիալական հարաբերությունները։
Ֆիննական ռազմավարությունը շեշտում է, որ դպրոցները պետք է վերանայեն «կոմպետենցիա» հասկացությունը և զարգացնեն շարունակական վերափոխման կարողություն։
«Ապագայում հաջողության համար անհրաժեշտ կլինեն ոչ միայն տեխնիկական հմտություններ, այլև ճանաչողական ճկունություն, ստեղծարարություն, մտածողություն և էթիկական վերաբերմունք տեխնոլոգիաների նկատմամբ»,– նշվում է ռազմավարության մեջ։
Կայունության ճգնաժամը
Ռազմավարության գլխավոր ընդգծումներից է՝ «Կյանքը երկրի վրա փոխվում է և պետք է պաշտպանվի»։ Առանձին բաժնով պետական քաղաքականությունն ուղենշում է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և ռեսուրսների գերսպառման սպառնալիքին դիմակայելու անհրաժեշտությունը՝ հանուն ապագա սերունդների բարեկեցության։
Ֆինլանդիայում աշակերտները բավականաչափ գիտելիքներ ունեն էկոլոգիական խնդիրների մասին, սակայն հաճախ թույլ է զգացումը, որ իրենք կարող են ինչ-որ բան փոխել։ Հենց այդ պատճառով դպրոցը պետք է զարգացնի ոչ միայն գիտելիքներ, այլև անհատական և կոլեկտիվ գործունակություն, համակարգային մտածողություն և կայուն տնտեսության հիմունքներ։
Չեն շրջանցվում ժողովրդավարության ճգնաժամը, մտավոր առողջության աճող խնդիրները, հասարակության բևեռացումը, ուսուցման արդյունքների անկումը և արժեքների երերուն վիճակը։ Այս բոլոր մարտահրավերները, ըստ ֆիննական ռազմավարության հեղինակների, դպրոցից պահանջում են ավելի խորքային վերափոխում՝ դեպի մարդկային համապարփակ զարգացում, համերաշխություն և ապագայի իմաստի փնտրտուք։
Փաստաթուղթը եզրակացնում է, որ ապագան գնալով ավելի անկանխատեսելի է դառնում։ Հենց այդ պատճառով դպրոցին անհրաժեշտ է ոչ միայն հարմարվել, այլև ակտիվորեն ձևավորել ցանկալի ապագան։
























































