
Լուսանկարը՝ Շոտլանդիայի թագավորական նվագախմբի կայքից
Մեծ Բրիտանիայում անցկացված հարցումները փաստում են, որ դպրոցական երաժշտական կրթությունը զգալի ազդեցություն է ունենում մարդկանց ապագա մասնագիտական ու անձնական զարգացման վրա։
Բրիտանական խմբերի ասոցիացիայի և «Երաժշտության արարում» կազմակերպությունները 900 մեծահասակ սիրողական երաժիշտների հետ զրույցներից պարզել են՝ երաժշտական կրթությամբ յուրացրած հմտությունները կարևոր դեր են ունեցել նրանց կարիերայում:
Մասնավորապես, 89%-ի կյանքում էական նշանակություն է ունեցել վարժանքը և համբերատարությունը, 87%-ի դեպքում՝ կենտրոնացումն ու ուշադրությունը, իսկ 85%-ն ընդգծել է երաժշտական կրթության շնորհիվ թիմային աշխատանքի և համագործակցության ունակությունների ամրապնդումը:
Հարցվածների ավելի քան 75%-ը նշել է, որ երաժշտությունը օգնել է զարգացնել անկաշկանդ ելույթի հմտությունները։
Հարցման մասնակիցների 46%-ը երաժշտական հմտությունները կիրառում է ոչ երաժշտական կամ ոչ ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) ոլորտներում, իսկ 28%-ը երաժշտական կրթության ազդեցությունը կարևոր է համարել ԳՏՃՄ մասնագիտություններում։
Ի դեպ, այս ոլորտներում հաջողությունների հասած մարդկանց 79%-ը ընդգրկված է նվագախմբում, 72%-ը պարբերաբար հաճախում է համերգների, իսկ 78%-ը երաժշտություն է լսում տանը՝ համոզված լինելով, որ կենդանի երաժշտությունը նպաստում է ինքնազգացողության բարելավմանը։
Երկրորդ՝ ավելի լայնածավալ հարցումը, որն իրականացվել է 2000 մեծահասակների շրջանում, արտահայտել է 64%-ի համոզմունքը՝ արվեստի կրճատումը դպրոցներում խաթարում է երեխաների ինքնավստահությունն ու հաղորդակցման հմտությունները: Գրեթե 50%-ը արվեստը համարել է դպրոցական փորձառության ամենաարժեքավոր մասերից մեկը: Իսկ Z սերնդի շրջանում այդ ցուցանիշը բարձրանում է մինչև 61%-ի։
«Երաժշտության արարում» կազմակերպության գլխավոր տնօրեն Բարբարա Այֆլերը նշել է․ «Մեր տվյալները ցույց են տալիս, որ երաժշտական կրթությունը դրական ազդեցություն է ունենում նաև այն մարդկանց վրա, ովքեր ընտրել են այլ մասնագիտություններ։ Էյնշտեյնը հաճախ էր իր ստեղծագործական մտածողությունը կապում ջութակ նվագելու հետ։ Մենք և մեր անդամները աջակցում ենք «Նվագախումբ բոլոր դպրոցներում»նախաձեռնությանը, որպեսզի յուրաքանչյուր երեխա ունենա վաղ տարիքից երաժշտության հետ ծանոթանալու հնարավորություն»։

























































