
Լուսանկարը՝ notesfrompoland կայքի
Լեհաստանի կառավարությունը հավանություն է տվել է օրենսդրական փաթեթ, որի նպատակն է երեխաներին թվային սպառնալիքներից պաշտպանեըլ։ ՓԱթեթը ենթադրում է տարրական դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման արգելք և առցանց պոռնոգրաֆիկ բովանդակության հասանելիության համար տարիքային վերահսկողության խստացում։
«Մեր միակ նպատակը երեխաներին կախվածությունից և վնասակար բովանդակությունից պաշտպանելն է, որը կործանարար ազդեցություն է ունենում նրանց հոգեբանական ու հուզական վիճակի վրա», — կառավարության նիստից առաջ հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը։
Օրենսդրական փոփոխությունները դեռ պետք է հաստատվեն խորհրդարանում, որտեղ կառավարությունն ունի մեծամասնություն։
Իրավական ակտերն օրենքի ուժ ստանալու համար պետք է վավեչացնի ընդդիմության աջակցությունը վայելող նախագահ Կարոլ Նավրոցկը։
Կառավարության հավանության արժանացած նախագծերից մեկը նախատեսում է տարրական դասարանների աշակերտներին արգելել ամբողջ ուսումնական օրվա ընթացքում՝ ներառյալ դասամիջոցներին և արտադասարանական գործունեության ժամանակ, բջջային հեռախոսների և «սմարթ» ժամացույցների օգտագործումը։ Նախատեսվում է, որ արգելքը կգործի գալիք ուսումնական տարվա մեկնարկից՝ սեպտեմբերի 1-ից։
Աշակերտներին թույլատրվելու է սարքերը բերել դպրոց, սակայն յուրաքանչյուր կրթական հաստատություն պարտավոր կլինի ապահովել հատուկ վայր, որտեղ հեռախոսներն ու խելացի ժամացույցները կարող են անվտանգ պահպանվել օրվա ընթացքում։
Սահմանափակումը չի տարածվի դպրոցների աշխատակիցների վրա, ինչպես նաև այն աշակերտների, որոնք առողջական խնդիրների, հաշմանդամության կամ հատուկ կարիքների պատճառով պետք է օգտագործեն նման սարքեր, օրինակ՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը վերահսկելու համար։ Բացի այդ, հեռախոսների օգտագործումը թույլատրվելու է արտակարգ իրավիճակներում, երբ առկա է անմիջական վտանգ կյանքի, առողջության կամ գույքի համար։
Կառավարության նիստից հետո կրթության նախարար Բարբարա Նովացկան նշել է, որ Լեհաստանի դպրոցների ավելի քան կեսն արդեն իսկ տարբեր սահմանափակումներ ունի հեռախոսների օգտագործման վերաբերյալ՝ ամբողջական արգելքից մինչև ավելի մեղմ կարգավորումներ։
Սակայն, նրա խոսքով, ուսուցիչները հաճախ դիմել են նախարարությանը՝ խնդրելով ունենալ իրավական հստակ հիմք նման սահմանափակումների կիրառության համար։
Լեհաստանի պետական հետազոտական ինստիտուտ CBOS-ի կողմից ապրիլին անցկացված հարցման համաձայն՝ լեհերի 85 տոկոսը աջակցում է տարրական դպրոցներում սմարթֆոնների օգտագործման արգելքին։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ աշխարհի 114 կրթական համակարգեր կամ աշխարհի երկրների շուրջ 58 տոկոսն արդեն ներդրել են դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման ազգային մակարդակի արգելքներ։ Այս ցուցանիշը կտրուկ աճել է 2023 թվականի հունիսից ի վեր, երբ նման սահմանափակումներ ուներ երկրների մոտ մեկ քառորդը։
























































