
Լուսանկարը՝ Օքսֆորդի համալսարանի կայքից
Օքսֆորդի համալսարանում հետազոտողների, կրթության փորձագետների, կրթական քաղաքականություն որոշողների և նորարարություններ ներմուծողների մասնակցությամբ հրավիրված համաժողովի ժամանակ քննարկվել են արհեստական բանականության ազդեցության հետ կապված հարցեր:
Օքսֆորդի համալսարանը տեղեկացնում է, որ հետազոտական բաժնի ղեկավար Սառա Ռաթները հայտարարել է. «Մեր ժամանակներում արհեստական բանականությունը մարտահրավեր է նետել այն ամենին, ինչ մենք ենք անում կրթելու ուղղությամբ: Ես հպարտ եմ, որ Օքսֆորդի համալսարանը նախաձեռնել է այս քննարկումը»:
Ավելի քան 100 մասնակից 2-օրյա համաժողովի ժամանակ անդրադարձել է արհեստական բանականության կիրառության էթիկական հարցերին, կրթության որակի վրա ազդեցությանը: Դիտարկվել են ինչպես կրտսեր և միջին, այնպես էլ բուհական կրթության որակի վրա արհեստական բանականության ազդեցության հարցերը:
Իրավունքի բաժնի պրոֆեսոր Ռեբեկա Ուիլյամսը անդրադարձել է արհեստական բանականության կիրառությանը վերաբերող իրավական խնդիրներին:
Անցյալ տարվանից Օքսֆորդի համալսարանի նախաձեռնությամբ արհեստական բանականության և կրթության առնչությունների վերաբերյալ քննարկումները մեծ թափ ստացան, երբ պարզվեց, թե այն որքանով է վտանգում սովորողների ինքնուրույն մտածողությունը և առհասարակ մտածելու կարողությունը: Աշխարհի տարբեր համալսարաններից այդ քննարկումներին մասնակցածների թիվն, ըստ համալսարանի, հասել է 2000-ի:

























































