
Լուսանկարը՝ DoellerLab.com –ի
Ուղեղը մեզ օգնում է ոչ միայն աշխարհում կողմնորոշվելուն, այլև ինքնին գործում է որպես նավիգացիոն համակարգ։ Այս մտահանգման հեղինակը Լայպցիգի՝ Մարդու ճանաչողության և ուղեղի հետ կապված գիտությունների հետազոտական ինստիտուտի պրոֆեսոր, նյարդաբան Քրիստիան Դոլերն է, որն արժանացել է 2.5 միլիոն եվրոյի մրցանակին։
Պրոֆեսոր Դոլերը Լայպցիգում իրականացնում է փորձեր․ ուսանողներին սկաների մեջ տալիս է համակարգչային խաղեր՝ հատուկ հետազոտական սարքերի միջոցով նրանց ուղեղի աշխատանքին հետևելու նպատակով։
2004 թվականին հիմնադրված Մարդու ճանաչողության և ուղեղի հետ կապված գիտությունների հետազոտական ինստիտուտն ուսումնասիրում է մարդու վարքագծի ճանաչողական և նյարդաբանական հիմքերը՝ միավորելով նյարդագիտությունը, հոգեբանությունը և լեզվաբանությունը։ Հետազոտությունների առանցքում հիմնականում մի քանի հարց է՝ ինչպես է մարդու ուղեղը մշակում ընկալման, գործողության, լեզվի, հույզերի և սոցիալական վարքի հետ կապված տեղեկությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվում նեյրովիզուալիզացիոն մեթոդներին՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ), էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի և մագնիսաէնցեֆալոգրաֆիայի միջոցով։ Գլխավոր նպատակն է՝ բացահայտել մարդու ուղեղի աշխատանքի մեխանիզմները։

Լուսանկարը՝ DoellerLab.com –ի
Դյոլերի թիմը մրցանակի արժանացած հետազոտական նախագծով փորձում է պարզել, թե որոնք են ուղեղի կոդավորման այն հիմնարար սկզբունքները, որոնք հնարավոր են դարձնում մարդկային մտածողությունը։
Փորձի ընթացքում օգտագործվող խաղում մասնակիցները, օրինակ, հանդես են գալիս որպես տաքսու վարորդներ և պետք է մարդուն տեղափոխեն Ա կետից Բ կետ։ Մինչ նրանք կատարում են այս առաջադրանքը, գիտնականները զուգահեռաբար չափում են ուղեղի ակտիվությունը և ուսումնասիրում, թե ինչպես են ձևավորվում այդ կոդավորման սկզբունքները։
Քրիստիան Դյոլերը Եվրանյուզին ասել է՝ այս հետազոտությունները փաստում են, որ ուղեղի նավիգացիոն համակարգը կարևոր է ոչ միայն ֆիզիկական տարածքում կողմնորոշվելու համար, այլ նաև լայն իմաստով ճանաչողական գործունեության մեջ։ Այդ նույն մեխանիզմներն, ըստ պրոֆեսորի, կարող են կիրառվել, օրինակ, նոր հասկացություններ սովորելու և գիտելիք ամբողջացնելու գործընթացում։


























































