Լուսանկարները՝ ՄՀԿ – ի
Ֆունկցիոնալ շարժողական համակարգը բարենպաստ ազդեցություն ունի ամբողջ օգանիզմի և հատկապես ուղեղի գործունեության համար։
Շարժողական ակտիվությունը նպաստում է մտավոր աշխատունակության բարձրացմանը, խոսքի զարգացմանը, կամային, ոչ կամային շարժումների լիարժեք ձևավորմանը։
Բժիշկները պնդում են, որ առանց շարժման երեխան չի կարող առողջ մեծանալ։
Մարտի 28 – 29 –ը Մոսկվայի «ՌՈՍՏ» մանկական նեյրոհոգեբանության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Կուրիցինը՝ նույն կենտրոնի մեթոդիստ, նեյրոհոգեբան Մարինա Մամաջանյանի հրավերով Երևանում անցկացրեց գործնական նեյրոհոգեբանության սեմինար։
Անդրադարձ եղավ երեխաների ուսուցման դժվարությունների բացահայտմանն ու դրանց հաղթահարման արդյունավետ մեթոդներին։ Կենտրոնում երեխայի շարժողակաությունն է և դրա կապը գլխուղեղի ֆունկցիոնալ բաժինների հետ։
«ՌՈՍՏ» կենտրոնը մշակել է համապարփակ համակարգ, որը ներառում է նեյրոհոգեբանական գնահատում, շտկում, ուսուցում և ընտանիքի աջակցություն։ Այն կիրառելի է ինչպես հատուկ կարիք ունեցող երեխաների, այնպես էլ այն դեպքերում, երբ բժշկական ախտորոշում չի արվել կամ ակնհայտ խնդիրներ չեն գրանցվել, սակայն կան ուսուցման դժվարություններ․ օրինակ՝ տառերի ուսուցման խնդիրներ, տառերի գրելաձևի կամ անվանման հաճախակի շփոթում, բառերի միասին՝ առանց տարանջատելու գրություն նախադասություններում, կենտրոնանալու դժվարություններ, գերշարժունություն, զարգացման տարաբնույթ հապաղումներ։
Լուսանկարները՝ ՄՀԿ – ի
Կուրիցինի խոսքով՝ արդունքի հասնելու համար կարևոր է նեյրոհոգեբանական մոտեցումը, որը ներառում է ամբողջ մարմնի ներգրավումը և շարժողական համակարգերի զարգացումը, մասնավորապես՝ ուշադրություն է դարձվում մարմնի աջ և ձախ կողմերի համատեղ գործունեության զարգացմանը նեյրոկորեկցիոն վարժանքների, ակտիվ խաղերի միջոցով, ինչպես նաև զգայական ինտեգրացիայի խթանումը, լոգոպեդական մեթոդների համադրումը։
Մասնագետը ընդգծեց, որ առաջին հայացքից պարզ թվացող գործողությունները, օրինակ՝ մատների տարբեր համադրություններ երկու ձեռքով միաժամանակ կատարելը, նպաստում են ուղեղում նոր նեյրոնային կապերի ձևավորմանը։ Սա օգնում է բարելավել ուշադրությունն ու կենտրոնացումը, զարգացնում դիտողականությունը և համբերությունը։
Կենտրոնի փորձը վկայում է, որ նման մեթոդների կիրառմամբ և հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր է զգալի առաջընթաց արձանագրել օրինակ՝ գրավոր խոսքի և ընթերցանության խանգարումների դեպքում, իսկ որոշ դեպքերում՝ լուծել ուսումնական խնդիրները, օրինակ՝ հայելային գրության դեպքում (երբ երեխան, օրինակ՝ գ տառը գրելիս կիսաշրջանի նմանվող մասնիկը գրում է ուղղահայաց գծի աջ կողմում)։
Նեյրոնային կապերի զարգացումը
Կուրիցինը նաև ընդգծեց, որ ծրագրերը կազմելիս հաշվի է առնվում անհատական զարգացում (օնտոգենեզը), որը ենթադրում է, որ երեխաները նախ զարգանում են պառկած, ապա փորի վրա շրջվելու, նստած, չոչ անելու և վերջում կանգնելու, քայլելու փուլերով։ Այդ տրամաբանությունը պետք է պահպանվի նաև ուսուցման ժամանակ՝ սկսելով պառկած դիրքում բազային վարժություններից մինչև քայլքով զուգորդված վարժանքներն ու խաղերը։ Անհրաժեշտ է սկսել պարզ վարժություններից և աստիճանաբար անցնել ավելի բարդերին։ Կարևոր սկզբունք է յուրաքանչյուր փուլում այնքան աշխատելը, մինչև երեխան յուրացնի և բավականաչափ հղկի նոր ձեռք բերված հմտությունը․ դա թույլ կտա գլխուղեղում ձևավորել և ակտիվ պահել ցանկալի նեյրոնային կապերը։
Մասնագետների խոսքով՝ կարևոր սկզբունք է նաև արտաքինից ներքին կարգավորման անցումը․ երբ երեխան սկզբում կատարում է վարժությունները մասնագետի ուղղորդմամբ, իսկ հետագայում՝ ինքնուրույն։ Վերջնական փուլում երեխան արդեն ինքն է ստեղծում նոր վարժություններ և խաղեր։
Այս մասնագիտական ու նեյրոմեթոդական մոտեցումների շնորհիվ հնարավոր է ավելի հստակ բացահայտել երեխայի իրական խնդիրները և դրանք արդյունավետորեն հաղթահարել։
Տեսանյութը՝ «Մանկական հոգեբանություն և լոգոպեդիա»-ի
Սեմինարի ընթացքում ընդգծվեց նաև զգայաշարժողական մոտեցման կարևորությունը, որը համադրում է շարժողական և զգայական փորձառությունները՝ երեխայի համակողմանի զարգացման համատեքստում։
Խնդիրների տեսական քննարկումից հետո մասնակիցներն իրենք կատարեցին նեյրոհոգեբանական վարժություններ՝ մտածողության, ճանաչողական գործունեության, ուշադրության, կողմնորոշման և հիշողության հետ կապված զարգացումը գործնականում տեսնելու նպատակով։
Տեղում դիտարկվեցին երկկողմանի վարժություններ՝ երկու ձեռքով միաժամանակ նկարելը, աջ ու ձախ ձեռքերով համակցված շարժումները, գնդակով խաղերը, տեսաշարժողական կոորդինացիան զարգացնող վարժությունները, ծնկների և ձեռքերի օգնությամբ տարբեր ռիթմով ու համադրություններով տեղաշարժվեը։
Մեթոդների կիրառությունն ու դրանց վերաբերյալ մասնագիտական քննարկումները նպաստեցին հատուկ կարիք ունեցող երեխաների հետ աշխատանքի հստակ պատկերացումների ամրապնդմանը։

Լուսանկարը՝ Լուսինե Պողոսյանի
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիր
Հատուկ մանկավարժ



























































