
Լուսանկարը՝ Assosiated Press-ի
Բջջային հեռախոսների օգտագործման սահմանափակման և արգելքի թեմայով հայաստանյան մասնագիտական հանրության, համաշխարհային միտումների ֆոնին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մնում է անդրդվելի:
«Նախարարությունը կարևորում է դասապրոցեսի արդիական և տեխնոլոգիապես հագեցած կազմակերպումը, որտեղ էլեկտրոնային միջոցների՝ այդ թվում բջջային հեռախոսների, նպատակային և արդյունավետ կիրառումը նպաստում է թվային գրագիտության զարգացմանը, սովորողների ակտիվ ներգրավվածությանը և գործնական հմտությունների ձևավորմանը։ Սահմանափակումները պետք է լինեն հավասարակշռված՝ խոչընդոտներ չստեղծելով ուսուցման արդյունավետության համար»,- mediaforedu.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ ընդգծելով, որ այս պատասխանը տրվում է՝ «Հիմք ընդունելով Հանրակրթության պետական նոր չափորոշիչը և «Կրթության մասին» օրենքը, որով ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանդիսանում է պետական կրթական քաղաքականության իրականացնող և ոլորտային քաղաքականություն մշակող միակ և հիմնական մարմինը»:
mediaforedu.am-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հարցում էր ուղարկել սեպտեմբերի 29-ին՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած քննարկումից ժամեր անց:
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել էր, որ ծնողները հիմնականում դրական են արձագանքում նախաձեռնությանը, աջակցում և խրախուսում են բջջային հեռախոսների ու մյուս սարքերի կիրառությունը սահմանափակելու մոտեցումը։
Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը հայտարարել էր, որ դրական են արձագանքել ոչ միայն ծնողները, այլև ուսուցիչները։ Նա տեղեկացրել էր, որ առաջարկվում է 1-6-րդ դասարանների աշակերտներին դասապրոցեսի, միջոցառումների և դասամիջոցների ժամանակ արգելել միացված հեռախոսներ ունենալը։ Մարգարիտ Խաչատրյանի խոսքով՝ 7-12-րդ դասարանցիների համար առաջարկվում է խիստ սահմանափակ օգտագործում․ հեռախոսները, խելացի ժամացույցներն ու պլանշետները, ըստ Մարգարիտ Խաչատրյանի, կարող են օգտագործվել բացառապես ուսուցչի հրահանգով և վերահսկողությամբ՝ շաբաթական 1-2 անգամ։ Արդեն իսկ հայտնի է, որ Երևանի մի շարք դպրոցներում համոզվել են սմարթֆոնների բացասական ազդեցության հարցում և արդեն խստացումներ կան:
Հետաքրքրվել էինք, թե ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նմանատիպ գրություններ ուղարկե՞լ է արդյոք Երևանի քաղաքապետարանի ենթակայությունից դուրս գտնվող (մարզային) դպրոցներ կամ համարժեք որևէ քայլ նախաձեռնե՞լ է այս ուղղությամբ:
Նախարարության պատասխանն է. «Նախարարությունը՝ որպես պետական կրթական քաղաքականություն իրականցնող և ոլորտային քաղաքականություն մշակող մարմին, սահմանում է, որ էլեկտրոնային միջոցները կիրառվեն բացառապես ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով։ Մարզային դպրոցներում նույնպես անհրաժեշտ է ապահովել հավասարակշռված մոտեցում՝ բջջային հեռախոսների օգտագործումը կարգավորելով տվյալ ուսումնական հաստատության ներքին կանոններով»։
Մեր հարցին, թե Երևանում սմարթֆոնները դասի ժամին արգելելուց հետո ինչպե՞ս է կարգավորվելու այբբենարանի QR կոդերով ուսուցման հարցը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը գրել է. «Դասերի ընթացքում սմարթֆոնների կիրառման սահմանափակումները չպետք է խոչընդոտեն թվային ռեսուրսների հասանելիությանը։ Աշակերտները պետք է կարողանան օգտվել QR կոդերով ուսուցման հնարավորություններից՝ օգտագործելով դպրոցի տրամադրած տեխնիկական միջոցները, եթե անհատական սարքեր չունեն»։
Որևէ օրինակ հայտնի չէ, որ որևէ դպրոց ունի բյուջետային միջոցներ սմարթֆոններ գնելու և QR կոդեր կարդալու նպատակով երեխաներին տրամադրելու համար: Պետական բյուջեի ծախսերում նման տող չկա: ԿԳՄՍ նախարարության այս պատասխանը պարզապես անհասկանալի է:
ՀՀ ԿԳՄՍ նախարարին հասցեագրված գրավոր հարցմամբ փորձել էինք պարզել, թե հնարավո՞ր է՝ նախարարությունը վերանայի հատկապես մինչև 6-րդ դասարանների դասագրքերի QR կոդերի հարցը՝ նկատի ունենալով մասնագետների բացատրություններն ու աշխարհում ընթացող զարգացումները:
Նախարարությունը պատասխանել է. «Նախարարությունը կարևորում է թե՛ թվային ռեսուրսների՝ օրինակ՝ QR կոդերի, նպատակային և արդյունավետ օգտագործումն ուսուցման գործընթացում, և թե՛ որակյալ, կիրթ, մտավորական ուսուցիչների ներկայությունը դպրոցներում։
Ուսուցիչների մասնագիտական զարգացումն ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ կամավոր և հերթական ատեստավորում, սահմանվել են ուսուցչի էթիկայի կանոնները: Հարկ է նշել նաև, որ վերջերս ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի շրջանակում նախատեսվում է վերանայել ուսուցիչ պատրաստող բուհերի առարկայական ծրագրերը՝ ապահովելով ժամանակակից, 21-րդ դարի պահանջներին համապատասխան, գիտելիքներով ու հմտություններով հարուստ ուսուցիչների պատրաստում։ Այս համապարփակ մոտեցմամբ Նախարարությունը միավորում է տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը և բարձրորակ մասնագիտական կազմի ձևավորումը՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի ուսուցում և բոլոր աշակերտների համար հավասար հնարավորություններ»։
Ակնհայտ է, որ էական հակասություն կա մարզերում և Երևանի դպրոցներում դասերի կազմակերպման վերաբերյալ: Ակնհայտ է նաև, որ առկա իրավիճակում անտեսվում է Հանրակրթության մասին օրենքի 20-րդ հոդվածը, ըստ որի՝ ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ:

























































