
Լուսանկարը՝ cradall.org-ի
Բրիտանացի կրթության տեսաբան Փիթեր Ջարվիսը (1937-2018) համարվում է ցկյանս կրթության և մարդու սովորելու գործընթացների ամենաազդեցիկ հետազոտողներից մեկը։ Նրա աշխատությունները (1, 2) կարևոր դեր են ունեցել կրթության փիլիսոփայության, մեծահասակների կրթության և կրթական հետազոտություններում լայնորեն օգտագործվող ժամանակակից տեսությունների ձևավորման մեջ։ Ջարվիսի հիմնական ներդրումը կապված է սովորելու մասին պատկերացման արմատական վերաիմաստավորման հետ։
Հաճախ սովորելը դիտարկվում է որպես գիտելիքի ձեռքբերման կամ տեղեկատվության մշակման գործընթաց, սակայն, Ջարվիսի համար այն շատ ավելի լայն և խորքային երևույթ է։ Նրա համոզմամբ՝ սովորելը մարդկային գոյության հիմնարար գործընթացներից մեկն է։
Ըստ Ջարվիսի տեսության, սովորելը միայն դասասենյակում տեղի ունեցող գործընթաց չէ։ Մարդը սովորում է ամբողջ կյանքում՝ ապրելով, զգալով, աշխատելով, շփվելով և փորձառություններ ձեռք բերելով։
Սովորելը՝ որպես փորձառության փոխակերպում
Ջարվիսի տեսության կենտրոնական գաղափարներից մեկը փորձառությունն է։ Նրա համոզմամբ՝ մարդը սովորում է փորձառության միջոցով, սակայն սովորելը պարզապես «ապրելը» չէ։ Կարևորն այն է, թե մարդու ներսում ինչ է տեղի ունենում փորձառության հետ։
Ջարվիսը սովորելը նկարագրում է որպես փորձառության փոխակերպման գործընթաց։
Մարդը բախվում է որևէ իրավիճակի, զգում, մտածում, արձագանքում, վերաիմաստավորում և արդյունքում փոխվում։ Այս իմաստով սովորելը միայն նոր տեղեկություն ստանալը չէ։ Սովորելու ընթացքում փոխվում է նաև մարդը։
Ջարվիսի տեսության կարևոր հասկացություններից մեկը անջատումը կամ անհամապատասխանությունն է (disjuncture)։ Սա այն իրավիճակն է, երբ մարդու նախկին փորձը կամ պատկերացումներն այլևս բավարար չեն աշխարհը հասկանալու համար։ Մարդը բախվում է ինչ-որ նոր, անսովոր կամ անորոշ իրավիճակի, և առաջանում է ներքին լարվածություն։ Հենց այդ պահից էլ սկսվում է սովորելու գործընթացը։
Նման մոտեցումը էականորեն տարբերվում է կրթության այն մոդելներից, որոնց դեպքում սովորելը ներկայացվում է որպես պատրաստ գիտելիքի փոխանցում։ Ջարվիսի համար սովորելը սկսվում է ոչ թե «ճիշտ պատասխաններից», այլ անորոշությունից, հարցերից և երբեմն նույնիսկ անհարմարությունից։
Ջարվիսը քննադատում է սովորելու այն տեսությունները, որոնք մարդուն դիտարկում են միայն հոգեբանական կամ կոգնիտիվ տեսանկյունից։ Նրա համար մարդը պարզապես «մտածող միտք» չէ։ Սովորելու գործընթացում ներգրավված է ամբողջ մարդը՝ մարմինը, զգացմունքները, փորձառությունը, սոցիալական միջավայրը, հիշողությունները և կենսագրությունը։ Այդ պատճառով սովորելը երբեք չի կարող սահմանափակվել միայն կրթական ինստիտուտներով։
«Մարդը՝ աշխարհում»
Ջարվիսի տեսության կարևորագույն գաղափարներից մեկն այն է, որ մարդուն հնարավոր չէ հասկանալ աշխարհից առանձնացված։ Նա օգտագործում է «Մարդը՝ աշխարհում» «person-in-the-world» գաղափարը՝ ցույց տալու համար, որ սովորելը միշտ տեղի է ունենում մարդու և աշխարհի հարաբերությունների մեջ։
Մարդը սովորում է ոչ թե մեկուսացված ձևով, այլ սոցիալական, մշակութային և պատմական միջավայրում։ Նրա փորձառությունները ձևավորվում են լեզվի, մշակույթի, հարաբերությունների և հասարակության միջոցով։ Այդ պատճառով սովորելը ոչ միայն անհատական, այլ նաև սոցիալական գործընթաց է։
Ջարվիսի համար նույնիսկ ինքնությունը ձևավորվում է սովորելու միջոցով։ Մարդը սովորելու ընթացքում ոչ միայն գիտելիք է ձեռք բերում, այլ նաև սկսում է հասկանալ, թե ով է ինքը, ինչպես է ընկալում աշխարհը և ինչ տեղ ունի հասարակության մեջ։
Այս տեսանկյունից կրթությունը դադարում է լինել պարզապես գիտելիքի փոխանցման համակարգ։ Այն դառնում է մարդու ձևավորման տարածք։ Այդ պատճառով Ջարվիսի տեսության մեջ կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է մարդը սովորում, այլ նաև այն, թե ինչպիսի մարդ է դառնում սովորելու արդյունքում։
Կրթության հետազոտողի տեսության մեջ առանձնահատուկ տեղ ունի նաև զգացմունքների դերը։ Ջարվիսը պնդում է, որ սովորելը միշտ կապված է զգացմունքային արձագանքի հետ։ Մարդը սովորում է ոչ միայն մտածելու, այլ նաև զգալու միջոցով։ Վախը, հետաքրքրությունը, անհարմարությունը, վստահությունը կամ ոգևորությունը կարող են դառնալ սովորելու շարժիչ ուժեր։
Այս մոտեցումը հակադրվում է կրթության այն համակարգերին, որոնք փորձում են սովորելը դարձնել ամբողջությամբ ռացիոնալ և չափելի գործընթաց։ Ջարվիսի համար սովորելը չափազանց մարդկային երևույթ է, որպեսզի ամբողջությամբ վերահսկվի կամ ստանդարտացվի։
Ցկյանս կրթության գաղափարը
Ջարվիսի տեսությունը սերտորեն կապված է ցկյանս կրթության գաղափարի հետ։ Սակայն նրա համար ցկյանս կրթությունը պարզապես մասնագիտական վերապատրաստման կամ նոր հմտություններ ձեռք բերելու մասին չէ։ Այն վերաբերում է մարդու ամբողջ գոյությանը։
Կրթությունը չի կարող սահմանափակվել միայն ֆորմալ ձևով։ Սովորելու շատ կարևոր գործընթացներ տեղի են ունենում ոչ ֆորմալ և ինֆորմալ միջավայրերում՝ առօրյա կյանքում, աշխատանքի ընթացքում, սոցիալական հարաբերություններում և անձնական փորձառությունների միջոցով։
Այս գաղափարը կարևոր քննադատություն է նաև ժամանակակից կրթական համակարգերի նկատմամբ։ Եթե սովորելը ցկյանս գործընթաց է, ապա կրթությունը չի կարող կենտրոնանալ միայն գնահատականների, քննությունների և չափելի արդյունքների վրա։
Այսպիսով՝ Ջարվիսը պնդում է որ սովորելը մեխանիկական գործընթաց չէ, այլ մարդկային գոյության անբաժանելի մաս։
Նրա մտածողության մեջ մարդը մշտապես գտնվում է փոխվելու, վերաիմաստավորելու և աշխարհի հետ հարաբերությունները վերակառուցելու գործընթացում։ Ջարվիսի տեսությունը կարևոր հակակշիռ է այն կրթական համակարգերի համար, որոնք կրթությունը չափում են միայն արդյունքներով և արդյունավետությամբ։ Սովորելը չի սահմանափակվում դպրոցով, տարիքով կամ դիպլոմով։ Այն մարդու՝ աշխարհում լինելու ձևերից մեկն է։
ՄՀԿ ՀԿ համահիմնադիր
Ստոկհոլմի Վալդորֆյան դպրոցի ուսուցիչ
Ստոկհոլմի համալսարանի միջազգային և
համեմատական կրթության ֆակուլտետի մագիստրոս



























