
Լուսանկարը՝ ՄՀԿ-ի
Շվեդիայի դպրոցներում արժեքահեն կրթությունը հաճախ ձևավորվում է ոչ թե հատուկ դասերի, այլ պարզ, բայց հետևողական որոշ մեթոդների միջոցով։ Այդ մեթոդներից մեկը աշակերտական խորհուրդն է (Elevrådet), որտեղ երեխաները մասնակցում են դպրոցի միջավայրի և առօրյայի բարելավման գործընթացին։
Ընտրություն
Աշակերտական խորհրդի կազմում սովորաբար ընդգրկվում են 4-9-րդ դասարանների երկուական աշակերտներ։ Ընտրությունը տեղի է ունենում սովորական ուսումնական օրվա ընթացքում՝ պարզ քվեարկությամբ, առանց որևէ հանդիսավորության․ երեխաները պարզապես ընտրում են այն 2 աշակերտներին, որոնք պետք է ներկայացնեն իրենց դասարանը։
Դասարանները մինչև հանդիպումը միասին քննարկում են, թե ինչը կարելի է բարելավել դպրոցում, ինչն է անհարմար, ինչն է կարելի ավելի լավ կազմակերպել, կամ ինչը պարզապես ավելի հաճելի կդարձնի դպրոցական կյանքը։
Ընտրված երկու ներկայացուցիչները գրի են առնում բոլոր մտքերը ու ձևակերպում պարզ, հստակ առաջարկների տեսքով՝ խորհրդի հանդիպմանը փոխտնօրենին ներկայացնելու համար։
Հանդիպումը
Հանդիպմանը ներկա են լինում խորհրդի անդամ բոլոր աշակերտները։ Յուրաքանչյուրը հերթով ներկայացնում է իր դասարանի առաջարկները․ այդ ընթացքում մյուս ներկայացուցիչները կարող են իրենց մեկնաբանությունները կամ լրացումները անել։ Փոխտնօրենը լսում է, նշումներ անում և առանց շտապելու պարզում է՝ ինչն է իրագործելի, ինչն է պահանջում լրացուցիչ քննարկում։ Այս ձևաչափում կարևորն այն է, որ դպրոցը ոչ միայն լսում է երեխաներին, այլև նրանց վերաբերվում է որպես իրական գործընկերների։
Աշակերտների առաջարկները
Այս տարի Ստոկհոլմի դպրոցներից մեկում (Hagaskola) հանդիպման ժամանակ 6-րդ դասարանի ներկայացուցիչներ Մարին և Յունաթանը իրենց դասարանի անունից առաջարկեցին, որ ճաշի ժամին ավելացվեն որոշ նոր կերակուրներ, կամ դրանցից մի քանիսը փոխարինվեն այլ ճաշատեսակներով։
Երկրորդ առաջարկը վերաբերում էր կոշիկների պահարաններին։ Քանի որ աշակերտները դպրոց մտնելիս հանում են կոշիկները, պահարաններում հաճախ խառնաշփոթ է առաջանում, և տուն գնալիս երեխաները դժվարությամբ են գտնում իրենց կոշիկները։ Առաջարկն էր՝ ավելացնել անվանական պիտակներ, որպեսզի յուրաքանչյուրն ունենա իր համար նախանշված տեղը։
Մեկ այլ դասարանից առաջարկեցին դպրոցում ունենալ փոքր չորացնող պահարան, որտեղ ձմռանը հնարավոր կլինի արագ չորացնել թաց ձեռնոցները։ Սա երեխաներին թույլ կտա ընդմիջումից հետո շարունակել խաղալ դրսում և չսառչել թաց ձեռնոցների պատճառով։
Հանդիպման ընթացում ներկայացվեցին նաև այլ առաջարկներ՝
Փոխտնօրենը գրի առավ բոլոր առաջարկները և նշեց, որ դրանք քննարկման կներկայացնի ուսուցիչների ու տեխնիկական աշխատակազմի հետ հանդիպմանը։
Ինչու է սա օգտակար
Երբ աշակերտը տեսնում է, որ իր առաջարկը կամ ցանկությունը լսվում է, քննարկվում է և հնարավորության դեպքում իրականություն է դառնում, նրա վերաբերմունքը դպրոցի հանդեպ փոխվում է։ Այն դադարում է լինել միայն «դաս անելու վայր», այլ դառնում է մի միջավայր, որի ձևավորմանը նույնպես մասնակցում է։ Այդ մասնակցությունը աստիճանաբար ձևավորում է հոգատարություն, պատասխանատվություն և ավելի ամուր կապ դպրոցի ու համայնքի հետ։
«Արժեքահեն կրթություն» խորագրով շարքը վարում են
Լիլիթ Ավագյանը և Նելլի Հայրապետյանը։



























